Մատչելիության հղումներ

«Պիտի հիմնավոր լուծում տրվի, որ այստեղ ապրենք». արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացի


Մարզերում սկիզբ առած բողոքի ակցիաների ֆոնին կառավարությունը շրջանառության մեջ է դրել մի օրինագիծ, որով առաջարկում է այլ երկրում աշխատող Հայաստանի ռեզիդենտին չհարկել, եթե նրա տարեկան եկամուտը չի գերազանցում 12 միլիոն դրամը: Ռեզիդենտ են համարվում մեկ տարվա ընթացքում 183 և ավելի օր Հայաստանում ապրած ՀՀ քաղաքացիները։

Արտագնա աշխատանքի մեկնողներն «Ազատության» հետ զրույցներում չձայնագրվելու պայմանով այսօր ասում էին՝ 12 միլիոն դրամի շեմը իրենց համար ընդունելի է, քանի որ այդքան գումար՝ 3 մլն ռուբլի շարքային խոպանչին չի էլ աշխատում։

Արտոնությունը, սակայն, վերաբերում է միայն 2020-23 թվականներին աշխատած եկամտահարկին, թե դրանից հետո ինչպես են հարկվելու աշխատանքային միգրանտները, առայժմ պարզ չէ։ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն այսօր վստահեցրեց՝ ծանուցում ստացած քաղաքացիներից առայժմ ոչ մի դրամ չեն գանձի։

«Այն ծանուցումները, որոնք հարկ վճարողները ստացել էին այն մասին, որ իրենցից հարկի գումար է պահվել արտասահմանում, օրինակ, Ռուսաստանի Դաշնությունում, ու տարբերությունը դրույքաչափերի միջև, քանի որ առկա է 7 տոկոս, ենթակա է վճարման Հայաստանի Հանրապետությունում, այդ մասով փոփոխություն ենք անում, որովհետև օրինակ, օբյեկտիվ դժգոհությունների մի մասը վերաբերում էր տույժերի հաշվարկմանը, և մարդիկ տարիներ շարունակ սովոր չեն եղել, որ այդ գումարը ենթակա է հայտարարագրման ու վճարման, դրա համար հաշվի ենք առել իրենց կարծիքն ու ազատում ենք այդ պարտավորությունից», - նշեց Բադասյանը:

Իսկ թե որքա՞ն ժամանակ արտագնա աշխատողները չեն հարկվի, ՊԵԿ նախագահը չհստակեցրեց:

Աշխատանքային միգրանտները փողոց դուրս եկան, երբ պետությունից ծանուցումներ ստացան, որ պետք է նաև հայրենիքում եկամտահարկ վճարեն, ավելի ճիշտ Հայաստանի 21 և Ռուսաստանի 13 տոկոս եկամտահարկի տարբերությունը։ Կառավարության առաջարկած ժամանակավոր լուծումից հետո էլ սեզոնային աշխատողները հարցի հիմնական լուծում են պահանջում, որ հասկանան՝ արժե ընդհանրապես մեկնել խոպան, թե՝ ոչ։

«Բա եկող տարի ի՞նչ կլինի ժողովրդի գլխին, փոխանակ էնպես անեն, որ ժողովուրդը մնա Հայաստանում, չզզվացնեն, վերցնեն իրենց ընտանիքը ստեղից գնան: Պիտի հիմնավոր լուծում տրվի, որ այստեղ ապրենք, կգնամ խոպան, երկու ամիս հետո կգամ տնեցիներին կվերցնեմ, կգնամ», - ասաց հավաքվածներից մեկը:

ՊԵԿ նախագահը, որն այսօր Ազգային ժողովում հարկային այլ նախագծեր էր ներկայացնում, նաև տեղեկացրեց, որ տույժերի նկատմամբ արտոնությունը ևս ժամանակավոր է։

Արտագնա աշխատանքի մեկնողներն առայժմ ձեռնպահ են մնում որևէ գործողություններից մինչև իրենց առնչվող նախագիծը վերջնական տեսք կստանա։ Առայժմ հստակ չէ, թե այն երբ կհասնի խորհրդարան։

XS
SM
MD
LG