Մատչելիության հղումներ

Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող գյումրեցիները դարձյալ պահանջում են իրենցից եկամտահարկ չգանձել


Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող գյումրեցիները դարձյալ պահանջում են, որ կառավարությունն իրենցից եկամտահարկ չգանձի։ Ասում են՝ եթե իրենց գործատուն Ռուսաստանում պահանջվող 13 տոկոս եկամտահարկը վճարել է, ինչո՞ւ պետք է ևս 7-8 տոկոսն իրենք Հայաստանում վճարեն, որ Հայաստանի եկամտահարկի 20 կամ 21 տոկոսը լրանա: Պատասխանը, որ դա օրենքի պահանջն է, զայրացնում է նրանց։

Շատերն այս օրերին արդեն ծանուցագրեր են ստացել հետին թվով կուտակած պարտքերի ու տույժերի մասին:

Պետեկամուտների կոմիտեի նախագահը դեռ նախորդ շաբաթ հայտարարեց, որ ընդառաջում են արտագնա աշխատանքի մեկնողներին ու Հարկային օրենսգրքում փոփոխություններ կանեն: Այսօր, աշխատանքային օրվա ավարտին e-draft իրավական ակտերի հարթակում կոմիտեն մի նախագիծ հրապարակեց, որով առաջարկում է արտերկրում աշխատող ՀՀ ռեզիդենտին չհարկել, եթե նրա տարեկան եկամուտը չի գերազանցում 12 միլիոն դրամը:

ՀՀ ռեզիդենտ են համարվում Հայաստանի այն քաղաքացիները, որոնք մեկ տարվա ընթացքում 183 և ավելի օր գտնվել են Հայաստանում:

Նախորդ շաբաթ էլ Մարտունիում էին արտագնա աշխատողները ցույցի դուրս եկել, նրանք ևս դժգոհում էին, որ տեղյակ չեն եղել այս օրենքից ու պարտքերի մասին ծանուցող նամակներն անակնկալ են եղել։ Ասում էին՝ եթե իմանային, որ Ռուսաստանում 6 ամսից քիչ գտնվելու և աշխատելու դեպքում իրենց ուսերին լրացուցիչ բեռ է դրվելու, ծանրութեթև կանեին՝ գնալ, թե՝ չէ։ Այսօր շիրակցիները նույնն էին պնդում:

Դեռ 2020-ին է Հայաստանը վավերացրել ԱՊՀ երկրների միջև հարկային տեղեկությունների փոխանակման մասին համաձայնագիր: Բայց կուտակած պարտքերի մասին ՊԵԿ-ը Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնածներին նամակներ էր ուղարկել դրանից 3 տարի անց: ՊԵԿ-ից պնդում են, որովհետև նոր են ստացել ՀՀ քաղաքացիների՝ այլ երկրում վճարած հարկերի մասին ինֆորմացիան:

Պետեկամուտների նախագահ Ռուստամ Բադասյանն ասում է՝ կարգավորումները նոր են սկսում գործել ու իրենք օբյեկտիվ են համարում որոշ դժգոհություններ, իսկ այն քաղաքացիները, որոնք մինչև այսօր վճարել են այդ տուգանքները՝ դրանք հետ կստանան:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ շաբաթ՝ կառավարության նիստի ժամանակ ասաց, մարդիկ պետք է չհրաժարվեն հարկ վճարելուց: Հիշեցրեց՝ այդ հարկերից է հենց օրինակ՝ Գեղարքունիքի մարզում ընդհանուր առմամբ 189 մլն դոլարի ներդրում արվել՝ պետական միջոցներից ու սուբվենցիոն ծրագրերով:

«Էս բոլոր ծառայություններից օգտվում են նաև արտագնա աշխատանքի մեկնողների ընտանիքները, նրանց երեխաները, բարեկամները, հիվանդանոցներից, դպրոցներից, մանկապարտեզներից, ճանապարհներից, լուսավորությունից և կներեք, ոչ մի տրամաբանություն չկա, որ մեկն ասում է՝ ես չեմ ուզում հարկ վճարել, չի լինի այդպես, որովհետև բոլորս պետք է հարկ վճարենք: Այլ բան, որ հարկային համակարգը պետք է լինի արդարացի», - նշել է վարչապետը:

Շիրակի մարզպետարանի դիմաց հավաքված արտագնա աշխատանքի մեկնածներից մեկն արձագանքում է վարչապետի այս պնդումներին. - «Ես ամբողջ գումարը այստեղ եմ բերում ծախսում, էդ ասֆալտի փողը ես տալիս եմ, ավտո եմ քշում՝ գույքահարկը մուծում եմ, տեխասմոտր եմ մուծում և այլն, հիվանդանոցից մենք ձրի չենք օգտվում»:

ՊԵԿ-ի հրապարակած այս նախագիծը դեռ պետք է քննարկվի ու հաստատվի խորհրդարանում, դրանից հետո նոր ուժի մեջ կտնի:

XS
SM
MD
LG