Մատչելիության հղումներ

Մոսկվան նախկին դերասան Կիրիլ Կանախինին հեռակա կարգով դատապարտել է ցմահ ազատազրկման


 Կիրիլ Կանախին
Կիրիլ Կանախին

Ռուսաստանի զինվորական դատարանը հեռակա կարգով ցմահ ազատազրկման է դատապարտել Ռուսաստանի կամավորական կորպուսի անդամ, նախկին դերասան Կիրիլ Կանախինին՝ պետական դավաճանության համար։

«Նովոստի» գործակալությունը նշում է, որ Կանախինը մեղավոր է ճանաչվել 2023 թվականի մարտին Ռուսական կամավորական կորպուսի կազմում Բրյանսկի շրջանի վրա հարձակման համար։

Ըստ քննիչների՝ նա կռվել է նաև ուկրաինական զինված ուժերի համար Խերսոնի ուղղությամբ։

Ռուսական կամավորական կորպուսը պաշտոնապես ներառված է Ռուսաստանի տարածքում արգելված ահաբեկչական կազմակերպությունների ցանկում։

Ավելի վաղ Մոսկվան նախկին դերասանին մեղադրանք էր առաջադրել նաև ահաբեկչություն կատարելու՝ մի խումբ անձանց կողմից պայթուցիկ սարքեր, ապօրինի զենք ձեռք բերելու և փոխադրելու, ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար վերապատրաստում անցնելու և ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար։

Կիրիլ Կանախինի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել, անցյալ տարվա նոյեմբերին մոսկովյան դատարանը նրան հեռակա ձերբակալել է։

Ավելի վաղ ռուսաստանյան դատարանը գրեթե նույն հոդվածներով հեռակա կարգով ցմահ ազատազրկման է դատապարտել ուկրաինական կողմում կռվող Ռուսաստանի կամավորական կորպուսի հիմնադիր Դենիս Կապուստինին։

XS
SM
MD
LG