Մատչելիության հղումներ

Գերագույն հոգևոր խորհուրդը տարակուսելի է համարել նոր Սահմանադրություն ընդունելու նախաձեռնությունը


Լուսանկարը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ֆեյսբուքյան էջից
Լուսանկարը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ֆեյսբուքյան էջից

Գերագույն հոգևոր խորհուրդը (ԳՀԽ) փետրվարի 20-24-ը տեղի ունեցած ընդլայնված կազմով ժողովի ընթացքում անդրադարձել է նոր Սահմանադրություն ընդունելու վերաբերյալ ՀՀ իշխանությունների մտադրությանը։

Գերագույն հոգևոր խորհուրդը խիստ տարակուսելի է համարել նոր Սահմանադրություն ընդունելու նախաձեռնությունը՝ «հատկապես, երբ հանրային ստվար շրջանակներում այն ընկալվում է նաև որպես հետևանք արտաքին հարկադրանքի»։

Խորհրդի անդամներն արձանագրել են, որ նոր Սահմանադրության ընդունման վերաբերյալ Հայաստանի բարձրաստիճան տարբեր պաշտոնյաների, ինչպես նաև Ադրբեջանի նախագահի խոսույթը միայն խորացնում է առկա կասկածները։

«Ընդգծելով, որ ՀՀ Սահմանադրության հիմքն են կազմում ազգային-հոգևոր կյանքի խորհրդանիշերը, մեր ժողովրդի նվիրական անցյալի հիշատակներն ու իրադարձությունները և ազգային մեր իղձերն ու ձգտումները՝ ժողովականներն անթույլատրելի համարեցին այդ արժեքների որևէ նսեմացում կամ անտեսում հանրային քննարկումներում, առավել ևս նոր Սահմանադրության ընդունման համատեքստում», - նշված է հաղորդագրությունում։

Քննարկման ընթացքում ԳՀԽ-ն դատապարտելի է համարել հրադադարի պայմաններում «Ադրբեջանի անթաքույց ծավալապաշտական նկրտումները, Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ շարունակվող ադրբեջանական զինված ուժերի ոտնձգությունները և թշնամանքի ու հայատյացության քարոզչությունը»։

Ըստ հաղորդագրության, անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանի կողմից որդեգրված Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության թիրախավորման դեպքերին։

«Տեղեկացվեց նաև, որ իրականացվող սոցիալական ծրագրերի շրջանակներում անցնող ամիսներին Եկեղեցին կեցության պայմաններով ապահովել և նյութական աջակցություն է տրամադրել բռնի տեղահանված բազում արցախահայերի, մասնավորաբար ուշադրության կենտրոնում են եղել զոհվածների և չորս ու ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները», - հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի ծառայությունը:

Խորհուրդն արձանագրել է նաև, որ եկեղեցի-պետություն ոչ բնականոն հարաբերությունների պատճառով լուծման կարոտ են մնացել ազգային-հոգևոր նշանակության մի շարք առանցքային հիմնախնդիրներ՝ առնչված օրենսդրական, կրթական, մշակութային, սրբավայրերի պահպանության կարևորագույն ոլորտներին։

«Ժողովականները մտահոգություն արտահայտեցին, որ հանրակրթության ոլորտում իշխանությունների որդեգրած քաղաքականության արդյունքում հարվածի տակ են հայտնվել հայագիտական առարկաները, մասնավորաբար կոպտագույն սխալներով, բացթողումներով և կամայական մոտեցումներով աղճատվել և ձևախեղվել է Հայոց պատմության բովանդակությունը։ Վերահաստատելով իր դիրքորոշումը ԳՀԽ եզրահանգեց, որ օրինական բոլոր ճանապարհներով պետք է հանրակրթությունը զերծ պահել ինչպես հակագիտական, այնպես էլ հակազգային հոսանքների և գաղափարների ազդեցությունից», - ասված է հղորդագրությունում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG