Մատչելիության հղումներ

Սահմանազատման հանձնաժողովի հաջորդ հանդիպման հստակ ժամկետ առայժմ չկա


Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյան, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսաֆաև
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյան, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսաֆաև

Առայժմ հստակ ժամկետ չկա, թե երբ կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերը սահմանազատման հարցերով հանձնաժողովի ձևաչափով։

Օրեր առաջ Մյունխենում վարչապետն էր տեղեկացրել, որ Ալիևի հետ հանդիպմանը պայմանավորվել են շարունակել աշխատանքը և՛ խաղաղության պայմանագրի, և՛ սահմանազատման հարցերի շուրջ։

«Ամսաթիվ պայմանավորված չունենք հաջորդ հանդիպման հետ կապված», - այսօր «Ազատությանն» ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ հանձնաժողովի վերջին՝ 6-րդ նիստը կայացել էր հունվարի վերջին հայ - ադրբեջանական սահմանի Իջևան-Ղազախ հատվածում։ Հանդիպումից հետո կողմերը սակավախոս էին և ոչինչ չհայտնեցին բանակցությունների մանրամասներից։

Այսօր Մհեր Գրիգորյանից հետաքրքրվեցինք՝ ի վերջո հաջողվե՞լ է պայմանավորվածության գալ, թե որ թվականի քարտեզներով են կողմերը պատրաստվում առաջ շարժվել սահմանազատման հարցերում։

«Ես վստահ եմ, որ դուք ինքներդ էլ գիտեք էդ դելիմիտացիայի գործընթացը ինչ բարդ գործընթաց է: Որովհետև նախ քարտեզ ասելիս մենք պետք է հասկանանք, որ խոսք պետք է գնա բացառապես տոպոգրաֆիկ քարտեզների մասին, որոնք պրոֆեսիոնալ քարտեզներ են: Որովհետև շատ դեպքերում շատ մարդիկ սխեմատիկ քարտեզները, մեթոդական քարտեզները շփոթում են տոպոգրաֆիկ քարտեզների հետ», - ասաց փոխվարչապետը՝ ընդգծելով. - «Իրականության մեջ դելիմիտացիայի գործընթացը միայն քարտեզների հետ աշխատանք չէ՝ դելիմիտացիայի գործընթացը դա նախ և առաջ իրավական հիմքի և հենքի բացահայտումն է, որի վրա կազմվել է այս կամ այն քարտեզը»:

Ավելի վաղ Երևանը չի թաքցրել, որ կողմերը դեռ ընդհանուր հայտարարի չեն եկել քարտեզների հարցում: «Ազատության» հարցին՝ հստա՞կ է արդյոք քարտեզների իրավական հենքը, ինչը նա հիշատակեց այսօրվա ճեպազրույցում, Գրիգորյանն արձագանքեց. - «Իրավական հենքի հետ կապված՝ ես կարծում եմ՝ արձանագրված բարձր մակարդակի պայմանավորվածություններ կան, մասնավորապես՝ Պրահայի և Սոչիի, որտեղ հստակ հղում կա Ալմաթիի հռչակագրի վրա: Եվ դա նշանակում է, որ մենք պետք է գործ ունենանք իդենտիֆիկացիայի 91 թվականի դեկտեմբերի դրությամբ սահմանի գիծը վերարտադրելու հետ»:

Իր վերջին, հունվարյան ծավալուն հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել էր, թե առաջին հանրապետության, ինչպես նաև Խորհրդային Միության տարիներին «ադրբեջանական հողեր խլվել և նվիրվել են Հայաստանին», ապա պնդել էր, թե կա՛մ սահմանազատման հարցերում հիմքում որևէ քարտեզ պետք է չլինի, կա՛մ հիմք ընդունվեն «20-րդ դարի սկզբի քարտեզները», հայտարարելով, թե այսօրվա հայ - ադրբեջանական սահմանը պայմանական բնույթ ունի։

«Ազատության» հարցին՝ արդյոք նաև սահմանազատման հանձնաժողովի աշխատանքների շրջանակում է Բաքուն փորձում հետ կանգնել Պրահայի ու Սոչիի հայտարարություններից տարածքային ամբողջականության ու սահմանների ճանաչման առումով, Հայաստանի փոխվարչապետը պատասխանեց. - «Նախ, էդ հանձնաժողովը էն հարթակը չի, որտեղ էդ բնույթի քաղաքական դրսևորումներ տեղի ունենան, դա շատ ավելի շատ աշխատանքային է»:

Գրիգորյանը նաև տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմի հետ պայմանավորվել են՝ հանդիպումներից հետո կողմերը պետք է սահմանափակվեն համատեղ մամուլի հայտարարություններով, և մայրաքաղաքներ վերադառնալուց հետո չպետք է ամեն մեկն իր հերթին մեկնաբանի հանդիպման արդյունքները։

Հրապարակվող սուղ տեղեկությունների պայմաններում կասկածներ են առաջանում, թե ինչով է զբաղված հանձնաժողովը, և հնարավոր է նոր տարածքներ հանձնվեն, լրագրողներից մեկի դիտարկմանը փոխվարչապետն արձագանքեց. - «Դիլետանտական է մոտեցումը առ այն, որ մենք կարող է գնանք հանձնաժողովներով հանդիպենք ու ինչ-որ բան իրար հանձնենք: Դա ուղղակի շատ նաիվ է և առնվազն դիլետանտական այդ մոտեցումը: Սա՝ մեկ, սա շատ կարևոր է: Երկրորդը՝ ես կարծում եմ՝ այնուամենայնիվ մենք որոշումների կայացման որոշակի, շատ որոշակի սահմանադրական և օրենսդրական կարգեր ունենք, որոնցից չենք կարող շեղվել»:

Այնուամենայնիվ, սահմանազատման հանձնաժողովը ղեկավարող փոխվարչապետն անպատասխան թողեց հարցը, թե արդյո՞ք հանձնաժողովների վերջին հանդիպման արդյունքում որևէ առաջընթաց է գրանցվել սահմանազատման գործընթացում։

XS
SM
MD
LG