Մատչելիության հղումներ

Փաշինյան. Մյունխենի հանդիպմանն արձանագրվել է Պրահայի և Բրյուսելի պայմանավորվածություններին կողմերի հավատարմությունը


Մյունխենյան բանակցություններից հետո Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը հայտարարում են արտգործնախարարների առաջիկա հանդիպման մասին: Երկկո՞ղմ, թե՞ որևէ երկրի միջնորդությամբ ու որտե՞ղ են բանակցելու Միրզոյանն ու Բայրամովը, ո՛չ Երևանը, ո՛չ Բաքուն դեռ չեն հայտնում: Հստակ է, սակայն, որ Ադրբեջանը կողմ է ուղիղ բանակցություններին։

«Արտաքին գործերի նախարարների հանդիպումը ակնհայտորեն պետք է վերաբերվի խաղաղության պայմանագրի տեքստի հետագա քննարկմանը և համաձայնեցմանը: Իհարկե, խաղաղության պայմանագրի մի շարք հոդվածներ համաձայնեցված են, բայց մի շարք հոդվածներ, որոնք ունեն սկզբունքային նշանակություն, նրանք դեռևս համաձայնեցված չեն, և այդ ուղղությամբ պետք է աշխատանքներ իրականացվեն», - հայտարարեց վարչապետ Փաշինյանը Մյունխենի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

Նա Ալիևի հետ դեմ առ դեմ բանակցություններից շատ փակագծեր չբացեց: Սեղանին, ասաց, կարևոր մի հարց է դրվել՝ արդյոք կողմերը վերահաստատո՞ւմ են Պրահայում և Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունները:

Այս հարցի շուրջ Փաշինյանի հայտարարությունները պարբերաբար փոխվել են: Վարչապետը նախ պնդում էր, թե դրանք համաձայնեցված են, ապա՝ կասկածներ հայտնում, թե Ադրբեջանը պատրաստ է այդ սկզբունքների պահպանմամբ պայմանագիր կնքել: Երեկ միայն շեշտեց. - «Հիմնական արձանագրումն այն է, որ կողմերը հավատարիմ են մնում այդ պայմանավորվածություններին»:

Այդ սկզբունքներով Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանազատման համար հիմք են ընդունում Ալմաթիի հռչակագիրը և ԽՍՀՄ վերջին քարտեզները, տարածաշրջանային ենթակառուցվածքներն էլ բացվում են երկրների իրավազորության, ինքնիշխանության, փոխադարձության և հավասարության հարգմամբ:

Ալիևն ավելի վաղ դեմ էր արտահայտվել սահմանազատման գործընթացում 1975 թվականի քարտեզով առաջնորդվելուն, պահանջել առանց մաքսային զննության անխոչընդոտ անցում Ադրբեջանից Նախիջևան, երբևէ հստակ հստակ մակերես նշելով չի հայտարարել Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին: Արդյոք մյունխենյան բանակցություններում Ադրբեջանի նախագահը փոխել է հրապարակային դիրքորոշումները այդ կետերի վերաբերյալ, Փաշինյանը մեկուկես ժամ տևած հարցուպատասխանի ընթացքում այդպես էլ չպարզաբանեց:

«Ընդհանուր առմամբ, եթե պայմանավորվածությունները այն, որ ձեռք են բերվել, պահվեն, այդ պայմանավորվածությունների կատարումը կօգնի, կնպաստի սահմանային լարվածության նվազեցմանը, էլի եմ ասում՝ եթե այդ պայմանավորվածությունները պահվեն: Մենք մեր կողմից, իհարկե, հաստատակամ ենք՝ այդ պայմանավորվածություններին հավատարիմ մնալու», - ասաց վարչապետը:

Պաշտոնական Բաքվից այս պայմանավորվածությունների պահպանման ուղղությամբ որևէ հայտարարություն չի հնչել, թեև բանակցությունները որակել են «օգտակար և կառուցողական»:

Մյուխենյան հանդիպումից հետո Պապոյանի տպավորությունները փոխվել են

Հայաստանի Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Գևորգ Պապոյանի կարծիքով՝ Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները փլուզել էին այդ պայմանավորվածությունները: Մյուխենյան հանդիպումից հետո Պապոյանի տպավորությունները փոխվել են. - «Կարծես թե տպավորություն կա, որ էդպես չի, և շարունակում ենք, իմ տպավորությամբ, հուսով եմ՝ էդպես է, էն կետից, որ դանդաղել էին կամ, ըստ էության, դադարեցրել էինք այդ խոսակցությունը, քննարկումը»:

«Ազատության» դիտարկմանը՝ «նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները պահպանվում են», նա արձագանքեց. - «Այո, և նաև որոշակի համաձայնություններ, որոնք ձեռք էին բերվել»:

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանակցություններից որոշ մանրամասներ էր հայտնել դրանք նախաձեռնած Գերմանիայի կանցլերը: Օլաֆ Շոլցը X-ում գրել էր, որ կողմերը պայմանավորվել են հարցերը լուծել առանց նոր բռնությունների:

Կողմերին այդպիսի մի կոչ էլ արվել էր անցած տարվա հոկտեմբերին Գրանադայում, սակայն անցած շաբաթ սահմանային լարվածության պատճառով հայկական կողմը չորս զոհ ունեցավ:

Արդյոք Բաքուն հավատարիմ կմնա ուժ չկիրառելու պայմանավորվածությանը, իշխանական պատգամավորն այնքան էլ վստահ չէ:

«Էական չի, պայմանագրի, եթե x, 100 կետ ունի, և 100 կետից մեկը չենք համաձայնեցրել ու չեք ստորագրել, էդ չի նշանակում, որ 99-ը պարտադիր կատարման ենթակա են: Եթե մենք ուզում ենք ունենալ էդ խաղաղության պայմանագիրը, պետք է կնքվի իհարկե էդ պայմանագիրը», - ասաց Գևորգ Պապոյանը:

Հարցին՝ «պատճառը, որ չի պահպանվում, կնքված չի՝ դա՞ է, թե՞ որովհետև Ադրբեջանը չի ուզում այդ խաղաղությունը», իշխանական պատգամավորը պատասխանեց. - «Եթե չի ուզում, ուրեմն՝ չի կնքի, որովհետև եթե կնքի, արդեն դրա չպահպանելը շատ ավելի դժվար է լինելու»:

Տևական դադարից հետո արևմտյան միջնորդությամբ անցկացված բանակցություններն արդյոք այդ ձևաչափով էլ կշարունակվեն, հայտնի չէ: Ամեն դեպքում, Բաքվից այսօր կրկին պնդել են՝ «տարածաշրջանում խաղաղության հաստատման ճանապարհն անցնում է Ադրբեջանի հետ ուղիղ բանակցություններով»։

Գևորգ Պապոյանը ևս չի շտապում պնդել, թե բանակցային նախկին ձևաչափն այսպիսով վերականգնվել է. - «Շատ դժվար է Ադրբեջանի քաղաքականությունը այսօր որևէ կերպ կանխատեսելիության առումով ինչ-որ բան ասել»:

«Հստակ է՝ տեղի է ունենում բանակցային ձևաչափի փոփոխություն»

Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանի գնահատմամբ՝ Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո, երբ Երևանն այդպես էլ երկկողմ բանակցություններից որևէ տեղեկություն չհաղորդեց, հստակ է՝ տեղի է ունենում բանակցային ձևաչափի փոփոխությունը, որը ձեռնտու է Ադրբեջանին:

«Եթե չկա երաշխավոր, չկա միջնորդ, որը կկարողանա ինչ-որ մի ձևով հավասարակշռել բանակցությունները, ապա ուժեղ կողմը միշտ էլ կարող է պարտադրել ցանկացած բան թույլ կողմին, իհարկե: Իսկ Փաշինյանը, քանի որ տեսնում է, որ չի կարողանում անկեղծ միջնորդներ ներգրավել, ինքն էլ ուզի-չուզի գլուխը կախ գնում է համաձայնության, բայց միևնույն ժամանակ երկրի ներսում ցույց է տալիս, որ ինքը անմիջական շփումների նույնպես կողմ է», - «Ազատության» հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորը:

Այս ամիսներին թեև ղեկավարների կամ արտգործնախարարների դեմ առ դեմ հանդիպումներ տեղի չէին ունենում, բայց կողմերը փոխանակում էին խաղաղության պայմանագրի նախագիծը: Հայկական կողմն իր վերջին տարբերակը Բաքվին է փոխանցվել ավելի քան մեկ ամիս առաջ:

XS
SM
MD
LG