Մատչելիության հղումներ

Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի ադրբեջանական տարբերակը. ԱԽ քարտուղար


Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի ադրբեջանական տարբերակը, Երևանի պատասխանից 1,5 ամիս անց հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Հայաստանցի պաշտոնյան հայտարարեց՝ հետընթացը, որի մասին բարձրաձայնել էին, պահպանվում է։ Չնայած դրանք, ըստ Գրիգորյանի, սկզբունքային հարցերին են վերաբերում, բայց աշխատելու հնարավորություն տեսնում է։

Մինչև հիմա հետընթացի մասին խոսել են թե՛ ԱԽ քարտուղարը, թե՛ արտգործնախարարը, բայց չեն բացահայտել՝ Բաքվի ո՞ր առաջարկներ են Երևանի համար խնդրահարույց։

Բաքուն այս ընթացքում Հայաստանի Սահմանադրությունն է խնդրահարույց համարել, հայտարարել, որ ետ չի գնա զբաղեցրած տարածքներից, անխոչընդոտ անցում է պահանջել Սյունիքով դեպի Նախիջևան և խոսել ադրբեջանցի փախստականների վերադարձից։

«Քանի որ սպասվում է արտգործնախարարների հանդիպումը, այդ հանդիպումն էլ առիթ կդառնա հենց այդ պատասխանը և մեր նախկին առաջարկները քննարկելու համար ու հնարավորություն է հենց հանդիպումում առաջընթաց գրանցելու», - նշեց Գրիգորյանը:

ԱԳ նախարարների հանդիպման մասին հայտարարվեց Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների մյունխենյան շփումից հետո։ Արմեն Գրիգորյանն ասաց՝ հստակ օր ու վայր դեռ չի որոշվել։ Պարզ չէ նաև ֆորմատը՝ արդյոք դեմ առ դե՞մ, թե՞ վաշինգտոնյան ձևաչափով՝ ամերիկյան միջնորդությամբ կբանակցեն Միրզոյանն ու Բայրամովը։

«Հստակություն չկա, դրա համար չեմ կարող որևէ բան ասել, բայց քննարկվում են տարբերակներ՝ որտեղ և ինչպես կարող է հանդիպումը լինել, կարծում եմ, շուտով դրա մասին նաև հրապարակային կլինի», - ընդգծեց ԱԽ քարտուղարը:

Գրիգորյանն ասում էր՝ քննարկում կա նաև ղեկավարների մակարդակով հանդիպման մասին, բայց էլի վերջնական որոշում չկա։

Հայաստանը կարևորում է սահմանազատումը իրականացնելը Ալմաթիի հռչակագրի ու ԽՍՀՄ վերջին քարտեզներով։ Հաջողվե՞լ է հասնել համաձայնության, որ սահմանազատման գործընթացի հիմքում այդ քարտեզները դրվեն։

«Մենք շարունակում ենք քննարկել, և կարծում եմ, որ վերջում մենք համաձայնության ենք գալու սրա շուրջ, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի միջև այլ քարտեզներ գոյություն չունեն: Պատմական քարտեզները, դրանք քարտեզներ չեն պրոֆեսիոնալ տեսանկյունից, և կարող է հարց առաջանալ՝ եթե մենք օգտագործում ենք այլ քարտեզների, մինչև ո՞ր ժամանակ է, Հռոմի կայսրությունը դրա մեջ մտնո՞ւմ է, թե՞ չի մտնում: Դրա համար մենք չենք ուզում այդպիսի քննարկումների մեջ մտնել, մեզ համար անընդունելի են այդպիսի քննարկումները, մենք շարունակում ենք պնդել, որ պետք է օգտագործվի Խորհրդային Միության պաշտոնական մարմինների կողմից հրապարակված իրավական փաստաթղթերի հիման վրա սահմանի վերարտադրությունը», - ասաց նա:

Ըստ Գրիգորյանի, հայկական կողմը չի հրաժարվել զորքերի հետքաշման առաջարկից

Զորքերի հետքաշման՝ Երևանի առաջարկը Բաքուն կտրականապես մերժեց։ Փաշինյան-Ալիև վերջին շփման ժամանակ հարցն արդյո՞ք քննարկվել է, հնարավո՞ր է առաջընթաց։ Ըստ Գրիգորյանի, հայկական կողմն այս առաջարկից չի հրաժարվել. - «Կշարունակենք քննարկել, տեսնենք՝ ինչպիսի լուծումներ ենք գտնում, բայց մենք միանշանակ համոզված ենք, որ զորքերի հայելային հետքաշումը նույնիսկ միջադեպեր թույլ չտալու լավագույն գործիքներից մեկն են: Սա շարունակում է մնալ մեր օրակարգում»:

Նույն կերպ, ըստ Անվտանգության խորհրդի քարտուղարի, Երևանի օրակարգում է Բաքվին արած մեկ առաջարկ, որը էլի մերժվել էր՝ սպառազինության վերահսկումը. - «Սպառազինության վերահսկումը կարող է տարածաշրջանում կայունության և երկարատև խաղաղության հաստատման գործընթաց լինել: Մենք շարժվում ենք այս օրակարգով»:

Ռուսաստանը չկարողացավ կանխել Ներքին Հանդի հատվածում տեղի ունեցած միջադեպը. Գրիգորյան

Արմեն Գրիգորյանն այսօր հակադարձեց Մոսկվայից հնչած հայտարարություններին, թե Երևանի աշխարհքաղաքական տատանումները կարող են հանգեցնել Հայաստանի ինքնուրույնության կորստին։

«Հայաստանի դիվերսիֆիկացիան ներառում է ոչ միայն Արևմուտքը, այլ նաև Հնդկաստանն ու մի շարք այլ երկրներ: Հայաստանը տեսնելով, որ մինչև 2020-21 թվականը այն անվտանգային համակարգը, որի մաս է կազմում Հայաստանը, որը չի աշխատում, ընդհանրապես գործունյա չի, իր համար անվտանգության երաշխիքներ է փնտրում, և շարունակելու ենք այս ուղղությամբ աշխատանքները», - ընդգծեց ԱԽ քարտուղարը:

Արմեն Գրիգորյանն այսօր բաց տեքստով հայտարարեց՝ Ռուսաստանը չկարողացավ կանխել հայ-ադրբեջանական սահմանի՝ Սյունիքի Ներքին Հանդի հատվածում տեղի ունեցած վերջին արյունալի միջադեպը, որին զոհ գնաց հայաստանցի 4 պայմանագրային։ Հաստատեց՝ ԵՄ դիտորդական առաքելությունը Ներքին Հանդ հասանելիություն չունի։

«Միայն Ռուսաստանն այդտեղ հասանելիություն ունի և Ռուսաստանը ներկա է այնտեղ և Ռուսաստանը չի կարողացել կանխել միջադեպը: Ես համոզված եմ, որ իրականությունն այլ է, միանշանակ է, որ Եվրամիության քաղաքացիական առաքելությունը կայունության դերակատարություն ունի, մենք ամբողջովին աջակցում ենք նրանց գործունեությանը և շարունակելու ենք աջակցել», - նշեց նա:

Հարցին՝ «տեղեկություններ են հայտնվում, որ ԵՄ դիտորդների մուտքը սահմանամերձ շրջաններ, այդ թվում՝ Ներքին Հանդ, խոչընդոտվել է ռուս զինծառայողների կողմից, արդյո՞ք այդպես է», Գրիգորյանը պատասխանեց. - «Հատվածներ չէ, հատված՝ Ներքին Հանդ, այո, այդ խնդիրը կա, և մենք հասցեագրելու ենք այդ խնդիրը»:

Անվտանգության խորհրդի քարտուղարն, ի դեպ, լրագրողների հետ շփվեց Եվրամիության դիտորդական առաքելության մեկամյակի միջոցառման ժամանակ։

XS
SM
MD
LG