Մատչելիության հղումներ

Ուկրաինայում զոհվել է առնվազն 45 հազար 123 ռուսաստանցի զինծառայող


Ուկրաինա - Ոչնչացված ռուսական հրասայլերը, Բոհորոդիչնե, Դոնեցկի շրջան, 13-ը փետրվարի, 2024թ.
Ուկրաինա - Ոչնչացված ռուսական հրասայլերը, Բոհորոդիչնե, Դոնեցկի շրջան, 13-ը փետրվարի, 2024թ.

Արյունալի պատերազմը շարունակվում է արդեն երկու տարի

Առաջիկա շաբաթ օրը լրանալու է ռուս - ուկրաինական արյունալի պատերազմի երկրորդ տարին: Մոսկվան այն առաջին օրվանից անվանում է «հատուկ ռազմական օպերացիա»:

Ռուսաստանցի պետական այրերից, Կրեմլին հավատարիմ մեկնաբաններից և փորձագետներից շատերը ենթադրում էին, որ այս կամպանիան կտևի մի քանի օր՝ առավելագույնը երկու-երեք շաբաթ, և կավարտվի «երախտապարտ» ուկրաինացիների կողմից մայրաքաղաք Կիևում Կրեշչատիկի հայտնի գլխավոր պողոտայում «ազատարար» ռուսներին աղուհացով, երգուպարով դիմավորելով, բայց այդպես չստացվեց:

Ռուսական հուժկու հարվածների հետևանքը ծանր նոկդաուն էր, բայց նոկաուտ չէր, և արևմտյան շռայլ օգնության շնորհիվ ուկրաինական բանակը կարողացավ դիմադրել:

Պուտինը և Գերասիմովը պարգևատրում են զինծառայողներին

Հիմա ռուսները տոնում են ավերակների վերածված Ավդեևկա ավանի գրավումը: Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովն այցելել է «Կենտրոն» զորամիավորման հրամանատարական շտաբ և «Արիության» շքանշաններ ու «Խիզախության համար» մեդալներ է շնորհել առավել աչքի ընկած զինծառայողներին:

Գերագույն գլխավոր հրամանատար, նախագահ Վլադիմիր Պուտինն էլ Մոսկվայի մարզում՝ Չկալովսկի ռազմական օդակայանում շնորհակալական ուղերձով է դիմել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի զինծառայողներին, նրանց շնորհել է պետական մրցանակներ՝ ասելով, թե օդուժի հերոսական գործողությունները նպաստել են բանակի նվաճումներին: Արարողությունն ավարտվել է հանդիսավոր քայլերթով:

«Սոլովյովի առաջնորդած պոռնիկների հերթական զոհը»

Այսօր նաև ողբերգություն է տեղի ունեցել՝ ռուսաստանցի ռազմական թղթակից, հայրենասիրական ճամբարի ամենահայտնի բլոգերներից մեկը համարվող Անդրեյ «Մուրզ» Մորոզովն ինքնասպան է եղել:

Կյանքին հրաժեշտ տալուց առաջ նա իր Տելեգրամ-ալիքում տեղադրել է գրառում, որում նշել է, թե հալածանքների է ենթարկվում «Վլադիմիր Սոլովյովի առաջնորդած քաղաքական պոռնիկների կողմից»:

Անվանի ռուսաստանցի հեռուստամեկնաբանին տրված գնահատականը ոչ ոք, իհարկե, կասկածի տակ չի առնում, բայց ինչո՞ւ էր Կրեմլին սատարող բլոգեր Մորոզովն այդչափ վրդովվել:

Ավդեևկայի գրավման սարսափելի գինը

Պարզվում է՝ ռազմաճակատի իրավիճակի մասին վստահելի աղբյուրներից տեղեկություններ ստացող բլոգերն օրեր առաջ համարձակվել է Տելեգրամ ալիքում գրել, որ Ավդեևկայի համար մարտերում հսկայական թվով ռուս զինծառայողներ են զոհվել՝ 16 հազար: Ընդգծենք՝ խոսքը միայն զոհվածների մասին է, թե քանի մարդ է վիրավորվել, հաշմանդամ դարձել, այս պահին հայտնի չէ:

Տելեգրամ ալիքում Մորոզովը նաև գրել է, թե թիվ 1487 գնդի մի զինծառայող բողոք է հայտնում Ավդեևկայի վրա գրոհի ընթացքում իր հրամանատարի սխալ գործողությունների կապակցությամբ:

Կրեմլի քարոզիչներ Յուլիա Վիտյազևան և Արմեն Գասպարյանը «Սոլովյով Լայվ» ծրագրի եթերում քննադատել են Մորոզովին այդ գրառումների համար: Բլոգերը հեռացրել է գրառումը, բայց օրեր անց անձնասպան է եղել:

728 օր շարունակվող մղձավանջը

Երբեմնի եղբայրական սլավոն երկու ժողովուրդների պատերազմը սկսվել է 2022 թվականի փետրվարի 24-ին, այսօր այդ կոտորածի 728-րդ օրն է: Եվրամիության երկրների մշտական ներկայացուցիչները համաձայնության են եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների 13-րդ փաթեթի շուրջ, այն պետք է հաստատվի մինչև Ուկրաինայի վրա ռուսական զորքի հարձակման երկրորդ տարելիցը:

«Թուլացնել Պուտինի ռազմական մեքենան»

13-րդ փաթեթը ոլորտային միջոցառումներ չի պարունակի։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դր Լայենի փոխանցմամբ, դա կլինի ամենամեծ փաթեթներից մեկը, որը երբևէ ընդունվել է Մոսկվայի դեմ:

«Ես ողջունում եմ Ռուսաստանի դեմ մեր 13-րդ պատժամիջոցների փաթեթի վերաբերյալ համաձայնագիրը: Պատժամիջոցների նոր ցանկում կներառվեն մոտ 200 իրավաբանական և ֆիզիկական անձինք։ Նոր փաթեթով կսահմանափակի անօդաչու սարքերի մատչելիությունը ռուսների համար: Եվրամիությունը պետք է ամեն ինչ անի Պուտինի պատերազմական մեքենան թուլացնելու համար»,- ասել է ֆոն դեր Լայենը:

Երկու կողմից զոհերի իրական թիվը կարող է անգամներով մեծ լինել

Ընդհանուր հաշվով, ըստ BBC-ի ռուսական ծառայության և Mediazona կայքի համատեղ կազմած վերջին զեկույցի, Ուկրաինայում սպանվել է առնվազն 45 հազար 123 ռուսաստանցի զինծառայող: Խոսքը միայն անուն-ազգանուններով և հուղարկավորության ստույգ վայրով հայտնի զոհերի մասին է:

Նրանց իրական թիվը կարող է անգամներով ավելի մեծ լինել: Նման սարսափելի կորուստներ է կրում նաև ուկրաինական կողմը:

XS
SM
MD
LG