Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն կոչ է անում պատրաստվել երրորդ համաշխարհային պատերազմին


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ազգային անվտանգության համակարգի կառավարական մարմինների ղեկավարության հետ հանդիպման ժամանակ, Մինսկ, 20-ը փետրվարի, 2024թ.
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ազգային անվտանգության համակարգի կառավարական մարմինների ղեկավարության հետ հանդիպման ժամանակ, Մինսկ, 20-ը փետրվարի, 2024թ.

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ազգային անվտանգության համակարգի կառավարական մարմինների ղեկավարության հետ հանդիպման ժամանակ կոչ է արել նախապատրաստվել երրորդ համաշխարհային պատերազմին «ինչպես մտավոր, այնպես էլ ռազմավարական առումով», ընդգծելով, որ դրա հնարավորության մասին մտավախությունները չի կարելի հիմնազուրկ համարել:

«Մեզ պատերազմ պետք չէ, ուստի մենք պետք է պատրաստ լինենք դրան և՛ մտավոր, և՛ ռազմավարական առումներով։ Ինչ վերաբերում է պահի լրջության գիտակցմանը՝ եկեք մի կողմ դնենք գլոբալ հակամարտության դիվանագիտական կարգավորման մասին բոլոր պատրանքները։ Միջազգային իրավունքն էլ չի կարողանում թուլացնել լարվածությունը»,- «ԲելՏա» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Բելառուսի ղեկավարը:

Լուկաշենկոն նշել է թեժ կետերի թվի աճի միտումը և ասել, թե համաշխարհային կենտրոնների կողմից ռազմական ուժի կիրառումը վերստին դառնում է խնդիրների կարգավորման հիմնական փաստարկներից մեկը: «Ֆինլանդիայի, իսկ հիմա էլ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին դեպի արևելք այդ դաշինքի ընդլայնման նոր փուլն է։ Նրանք դաշինք կընդունեն Բոսնիա և Հերցեգովինան, Մոլդովան, Վրաստանը և Սերբիան: Եվ այս ամենը կլինի Ուկրաինայի սցենարով», - ասել է Բելառուսի նախագահը։

Նրա խոսքով՝ այդ ուժերը բոլոր միջոցներով ցանկանում են Բելառուսը ներքաշել պատերազմի մեջ։ Խոսքը «գործընկերության քաղաքականության» մասին է, որի նպատակն է գործակալների ցանցի միջոցով հասնել այն բանին, որ Բելառուսը հետագայում որդեգրի արևմտամետ ռազմաքաղաքական կողմնորոշում:

«Մենք իրականում գտնվում ենք ձգձգվող խոշոր ռազմաքաղաքական ճգնաժամի էպիկենտրոնում, որի ընթացքում կիրառվում են ահաբեկելու հին ավանդական մեթոդները: Կանխատեսումները մտահոգիչ են, հավաքական Արևմուտքի ախորժակն ու ակտիվությունը միայն կավելանա», - ասել է Լուկաշենկոն:

Բելառուսի իշխանությունները հայտնել են 2024 թվականի սկզբից երկրի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռների թռիչքների թվի աճի մասին։ Ըստ Լուկաշենկոյի՝ Բելառուսի և Ռուսաստանի սահմանների մոտ կենտրոնացած է Հյուսիսատլանտյան դաշինքի մոտ 32 հազար զինծառայող, ավելի քան 1000 զրահամեքենա, 235 ինքնաթիռ և ուղղաթիռ։

XS
SM
MD
LG