Մատչելիության հղումներ

Կիևը և Բեռլինը անվտանգության համաձայնագիր կնքեցին


Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համատեղ ասուլիսի ժամանակ, Բեռլին, 16-ը փետրվարի, 2024թ.
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համատեղ ասուլիսի ժամանակ, Բեռլին, 16-ը փետրվարի, 2024թ.

Պուտինը պետք է կորցնի ամեն ինչ և պատասխան տա իր արածի համար, հայտարարել է Ուկրաինայի նախագահը Գերմանիայի կանցլերի հետ համատեղ ասուլիսին:

«Հենց նոր հայտնի դարձավ, որ Ալեքսեյ Նավալնին մահացել է ռուսական բանտում։ Ըստ երևույթին, նրան սպանել է Պուտինը, ինչպես հազարավոր մարդկանց, որոնց խոշտանգել են այս մեկ արարածի պատճառով: Պուտինին չի հետաքրքրում, թե ով է մահանում, քանի դեռ նա պահպանում է իր դիրքերը», - ասել է Վլադիմիր Զելենսկին՝ հավելելով, թե Պուտինին կարելի է կանգնեցնել միայն համատեղ ուժերով:

Գերմանիան և Ուկրաինան այսօր անվտանգության երկկողմ համաձայնագիր են կնքել, որը կգործի տասը տարի: Փաստաթղթով միայն այս տարի Բեռլինն ավելի քան 7 միլիարդ եվրո կտրամադրի` զենք-զինամթերք գնելու համար։

Մինչ այդ, սպառազինության պակասի պատճառով Ուկրաինան կորցնում է Ավդեևկան։ Պաշտոնապես այս մասին դեռ չի հաղորդվում, սակայն դատելով և՛ ռուս, և՛ ուկրաինացի ռազմական բլոգերների գրառումներից, ուկրաինական ուժերը դուրս են գալիս քաղաքի մեծ մասից, որոշ տեղերում էլ հայտնվել են շրջափակման մեջ:

«Որոշ տեղերում իրավիճակը ծայրաստիճան ծանր է, կան տեղեր, որտեղ մեր զինվորները լիակատար շրջափակման մեջ են, կան տեղեր, որ՝ մասամբ, սակայն գրոհային գործողություններով շրջափակումից դուրս գալու հնարավորություն կա», - հաղորդում են ուկրաինացիները:

Ավդեևկան ընկած է ռուսների կողմից օկուպացված Դոնեցկի ճանապարհին, այստեղ ամիսներ շարունակ կատաղի մարտեր էին ընթանում։ Հիմա տեղում ռուսական ուժերը 7 անգամ գերազանցում են ուկրաինական ուժերին, ասել է Ավդեևկայում դիրքերը պահող Ազովի 3-րդ գրոհային բրիգադի ներկայացուցիչ Ալեքսանդր Բորոդինը։ Ըստ որոշ հաղորդումների՝ ռուսական բանակը գրավել է քաղաքի գլխավոր մուտքը, որտեղից նախագահ Զելենսկին մեկուկես ամիս առաջ տեսանյութ էր հրապարակել։ Այստեղ հիմա ռուսական դրոշն է։

Որ վիճակը տագնապահարույց է, և քաղաքը կարող է անցնել ռուսների վերահսկողության տակ՝ երեկ երեկոյան հաստատել է նաև Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին:

«Ցավոք, մենք ուկրաինացիներից հաղորդումներ ենք ստանում, որ իրավիճակը կրիտիկական է, և ռուսները շարունակում են ամեն օր ճնշում գործադրել ուկրաինական դիրքերի վրա: Ավդեևկան ռուսական վերահսկողության տակ անցնելու վտանգի տակ է՝ մեծամասամբ հրետանային զինամթերքի պակասի պատճառով», - հայտարարել է Քիրբին:

Ընդ որում, զինատեսակների արագ համալրման մասով հեռանկարները հուսադրող չեն, քանի որ ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդմիջում է վերցրել մինչև փետրվարի 28-ը, և ըստ այդմ՝ Ուկրաինային 60 միլիարդ դոլար օգնությունը առնվազն մինչ այդ քվեարկության չի դրվի:

Մինչ Նահանգներում բանավիճում են, Եվրոպայի առաջատարներից Ֆրանսիայի արտգործնախարարն է հոդված հրապարակել Le Monde-ում, պնդելով՝ միայն Ուկրաինայով Պուտինը չի բավարարվի։ «Մոսկվայի հաղթանակը ոչ միայն խաղաղություն չի բերի մեզ, այլև կոգևորի Պուտինին՝ կյանքի կոչելու իր զավթողական քաղաքականությունը նույն մեթոդի՝ ուժի օգնությամբ», - զգուշացրել է Ստեֆան Սեժուրնեն:

XS
SM
MD
LG