Մատչելիության հղումներ

Ռուսական կողմը կրկին անցել է զանգվածային գրոհի. կան զոհեր, վիրավորներ


Ուկրաինան՝ դարձյալ ռուսական զանգվածային գրոհի տակ

Ուկրաինան դարձյալ ռուսական զանգվածային գրոհի տակ է։ Գլխավոր շտաբի փոխանցմամբ՝ առավոտյան հրթիռային հարվածներին նախորդել է անօդաչուներով հարձակումը։ Միայն մայրաքաղաք Կիևում, նախնական տվյալներով, 4 մարդ է զոհվել, 38-ը՝ վիրավորվել։

Կիևում նաև բարձրավոլտեր են վնասվել, որոշ թաղամասեր մնացել են առանց էլեկտրականության։ Վնասվել է նաև ձախ ափի ջերմամատակարարման գիծը։

Առավոտյան ռմբակոծության տակ էին նաև Խարկովն ու Նիկոլաևը, որտեղ մեկ տղամարդ է մահացել, մոտ 20 բնակելի շենք էլ վնասվել է։ Հարձակումների մասին հայտնել են նաև Լվովի և Դնեպրոպետրովսկի մարզերի իշխանությունները։

Բորելը հարձակման ժամանակ Կիևում էր

Հրթիռային հարձակման ժամանակ Կիևում էր Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեպ Բորելը։ Նա X-ում լուսանկար է հրապարակել և գրել, որ առավոտն անցկացրել է ապաստարանում։

«Ռուսաստանը սկսեց իր անօրինական ագրեսիան, սա խիզախ ուկրաինացի ժողովրդի ամենօրյա իրականությունն է», - գրել է նա։

Իրավիճակը ճակատում թեժ է

Իրավիճակը թեժ է նաև ճակատում։ Ռուսները, Կիևի հաղորդմամբ, չեն դադարում Ավդեևկա քաղաքը շրջափակելու փորձերը․ ուկրաինական բանակը սպառազինության պակասի պատճառով դժվարությամբ է կարողանում հետ մղել ռուսների գրոհները։ Ավդեևկայի ադմինիստրացիայի ղեկավար Վիտալի Բարաբաշի խոսքով՝ ռուսները փորձում են կատարել Պուտինի դրած խնդիրը՝ գրավել Ավդեևկան ընտրություններից առաջ։

«Իրավիճակը շատ ծանր է, շատ լարված: Եթե մի քանի շաբաթ առաջ ասում էինք, որ դժվար է, բայց վերահսկելի, հիմա շատ դժվար է, և նույնիսկ կարելի է ասել, որ որոշ տեղերում իրավիճակը կրիտիկական է: Իհարկե, սա չի նշանակում, որ ամեն ինչ կորած է, ամեն ինչ վատ է, բայց թշնամին շատ մեծ ուժեր է նետում մեր քաղաքի վրա», - նշել է նա։

Ճակատում ռուսները գրոհում են գրեթե բոլոր ուղղություններով՝ օգտագործելով հսկայական քանակի սպառազինություն, այդ թվում՝ անօդաչուներ, ուկրաինացիներն էլ սպառազինության պակասի պատճառով անցել են պաշտպանության բոլոր հատվածներում։

Զելենսկին հրամանագիր է ստորագրել անօդաչու համակարգերի ուժերի ստեղծման մասին

Մինչ այդ նախագահ Զելենսկին հրամանագիր է ստորագրել անօդաչու համակարգերի ուժերի ստեղծման վերաբերյալ, ինչի մասին հայտնել է իր ամենօրյա տեսաուղերձում։

«Սա ապագայի խնդիր չէ, այլ մի բան, որը շուտով պետք է շատ կոնկրետ արդյունք տա։ Այս տարին շատ առումներով պետք է լինի առանցքային։ Եվ ակնհայտորեն նաև մարտի դաշտում։ Անօդաչու թռչող սարքերը` անօդաչու համակարգերը, ապացուցել են իրենց արդյունավետությունը ցամաքում, երկնքում և ծովում», - շեշտել է Վլադիմիր Զելենսկին։

Reuters-ը, վկայակոչելով Baykar թուրքական ընկերության տնօրեն Հալուք Բայրաքթարին, գրել է, թե ընկերությունը Կիևի մերձակայքում արդեն սկսել է գործարանի կառուցումը։

«Մեր գործարանը կառուցվում է...մեզ մոտ 12 ամիս է անհրաժեշտ շինարարությունն ավարտելու համար», - ասել է նա։

Ըստ Baykar-ի ղեկավարի՝ գործարանը կկարողանա տարեկան արտադրել մինչև 120 անօդաչու թռչող սարք:

Baykar-ի գործադիր տնօրենին նաև հարցրել են գործարանի կառուցման անվտանգության մասին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի շարունակական պատերազմի ֆոնին: Բայրաքթարը պատասխանել է, որ աշխատանքը «լիարժեք առաջ է գնում», և «ոչինչ» չի կարող կանգնեցնել այն։

Ուկրաինայի իշխանությունները վերջին շաբաթներին խոսում էին ոչ միայն սպառազինության, այլև զինվորների պակասի մասին։ Ավելին՝ մոբիլիզացիայի հարցն է եղել նախագահ Զելենսկու և զինված ուժերի գլխավոր հրամանատար Զալուժնիի տարաձայնությունների պատճառներից մեկը։

Նախօրեին Զելենսկին խոստովանել է, թե մտածում է Զալուժնիի պաշտոնանկության մասին, արտգործնախարար Կուլեբան էլ շտապել է հայտարարել, թե ռազմաքաղաքական ղեկավարությունում սպասվող փոփոխությունները չեն ազդի Արևմուտքի հետ Կիևի հարաբերությունների վրա։

«Չեմ կարծում, որ կառավարությունում որևէ փոփոխություն կարող է ազդել մեր գործընկերների հետ հարաբերությունների վրա, բոլորը համախմբված են մեր ռազմավարական նպատակի՝ Ռուսաստանի պարտության և Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնման շուրջ։

Այսօր, ի դեպ, Ռադան առաջին ընթերցմամբ ընդունել է կառավարության առաջարկած մոբիլիզացիայի մասին օրինագիծը։ Ի թիվս այլ դրույթների, դրանով զորակոչի տարիքը 27-ից իջեցվում է 25-ի, զգալիորեն պարզեցվում է ծանուցագիրը հանձնելու կարգը, սահմանվում են զինվորական պարտականությունները կատարելուց հրաժարվելու համար պատժամիջոցներ։

XS
SM
MD
LG