Մատչելիության հղումներ

Պուտինն «ափսոսում է, որ Ռուսաստանն ավելի վաղ չի սկսել ակտիվ գործողությունները Ուկրաինայում»


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ափսոսում է, որ Ռուսաստանն ավելի վաղ չի սկսել ակտիվ գործողությունները Ուկրաինայում։ Այդ մասին Պուտինն ասել է լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, հարցազրույցը հրապարակվել է Կրեմլի տելեգրամյան էջում։

«Միակ բանը, ինչի համար կարող ենք ափսոսալ, այն է, որ մենք ավելի վաղ չսկսեցինք մեր ակտիվ գործողությունները։ Մենք հավատում էինք, որ գործ ունենք պարկեշտ մարդկանց հետ», - ասել է Պուտինը՝ նկարագրելով իրավիճակը Ուկրաինայում։

Ռուսաստանի նախագահը նշել է, թե առաջին փուլում Մոսկվան փորձել է լուծել հակամարտությունը Դոնբասում «խաղաղ ճանապարհով՝ Մինսկի համաձայնագրերով»։ Այստեղ Պուտինը, մեղադրել է Գերմանիային և Ֆրանսիային պայմանավորվածությունները չկատարելու համար։

«Նրանք պարզապես ժամանակ էին շահում ուկրաինական ռեժիմին լրացուցիչ զենքով ապահովելու համար», - ասել է Ռուսաստանի նախագահը։

2022-ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

XS
SM
MD
LG