Մատչելիության հղումներ

Կրեմլը զսպվածության կոչ է անում կողմերին՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ


Կրեմլը զսպվածության կոչ է անում կողմերին՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հերթական ռազմական միջադեպի կապակցությամբ։

«Սա տագնապալի նորություն է, որը գալիս է շփման գծից: Մենք երկուստեք կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել՝ խուսափելու ցանկացած գործողությունից, որը մյուս կողմը կարող է սադրիչ համարել», - նշել է Դմիտրի Պեսկովը:

Կրեմլի խոսնակը նաև ասել է, թե Մոսկվան շատ ուշադիր հետևում է և կշարունակի շփումները Երևանի և Բաքվի հետ։ Դմիտրի Պեսկովը շեշտել է, թե «նման միջադեպերը առնվազն չեն նպաստում բանակցային գործընթացի առաջխաղացմանը և չեն մոտեցնում խաղաղության պայմանագրի ստորագրումը, սակայն Մոսկվան հույս ունի, որ փաստաթղթի շուրջ բանակցությունները կշարունակվեն»։

Մոսկվան պարբերաբար հիշեցնում է, որ պատրաստ է հարթակ տրամադրել հայ-ադրբեջանական բանակցությունների համար՝ պնդելով, թե այս առաջարկից Երևանն է հրաժարվում։ Այս օրերին թեման ավելի է ակտիվացել. առիթը վարչապետ Փաշինյանի վերջին հարցազրույցն է The Telegraph-ին, որտեղ բրիտանացի լրագրողը հետաքրքրվել էր՝ պատրա՞ստ է արդյոք Հայաստանը ձերբակալել Ռուսաստանի նախագահին՝ Միջազգային քրեական դատարանի տված օրդերի համաձայն։

Արձագանքելով այս մասին լրագրողների հարցին՝ Դմիտրի Պեսկովը երեկ կրկին ընդգծել էր, որ դատարանին միանալը չի կարող բացասաբար չանդրադառնալ երկկողմ հարաբերությունների վրա, ուստի Կրեմլում վճռական են հարցը քննարկել հայ գործընկերների հետ մինչև Պուտինի հնարավոր այցը Հայաստան։

«Փաշինյանն անխուսափելի է համարում ՌԴ հետ հարաբերությունների կարգավիճակի իջեցումը դաշնակցայինից գործընկերային»

«Կոմերսանտ»-ը, վերլուծելով Փաշինյանի հարցազրույցը գրում է, թե այն ծավալուն կերպով ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական ու պաշտպանական առաջնահերթությունները՝ ամբողջացնելով այն, ինչ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր մինչ այդ տարբեր հարթակներից:

«Հայաստանի վարչապետը հասկացնել տվեց, որ Մոսկվայի հետ հարաբերություններում տիրող տուրբուլենտությունը ժամանակավոր չէ, այլ երկարաժամկետ միտում. Նիկոլ Փաշինյանն անխուսափելի է համարում Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների կարգավիճակի իջեցումը դաշնակցայինից գործընկերային», - նշել է «Կոմերսանտ»-ը:

Քարնեգի կենտրոնի փորձագետ Կիրիլ Կրիվոշևն, իր հերթին, պնդում է՝ դեռ հստակ չէ, թե ինչ կարգավիճակ ունեն հայ-ռուսական հարաբերություններն այսօր:

«Մի կողմից իսկապես, ֆորմալ առումով, դաշնակցային հարաբերություններ են, մյուս կողմից՝ բոլորը հասկանում են, որ նախկինի պես լինել չի կարող: Իսկ թե ինչպես է լինելու դեռ չեն որոշել, չեն մշակել», - նշել է Կրիվոշևը։

Միաժամանակ, ըստ քաղաքագետի, հստակ է, որ Երևանն այլևս Ռուսաստանին չի համարում գլխավոր դաշնակիցը ռազմական ու քաղաքական դաշտում, և այս առումով միակ բացառությունը թերևս տնտեսական ոլորտն է, քանի որ Հայաստանն այլընտրանք դեռ չի գտել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG