Մատչելիության հղումներ

Պուտինի ՀՀ այցելելու համար Կրեմլը ցանկանում է երաշխիքներ ստանալ Հայաստանից


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր անդրադարձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան այցելելու հնարավորությանը՝ նրան ձերբակալելու հարցի հետ կապված։ Պատասխանելով պետական ՏԱՍՍ-ի հարցին, թե արդյո՞ք հնարավոր է Պուտինի այցը Հայաստան և ո՞ւմ հետ պետք է պայմանավորվի Կրեմլը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո, Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը պետք է Հայաստանից երաշխիքներ ստանա Միջազգային քրեական դատարանի ստատուտին միանալու հետ կապված։

«Մենք արդեն ասել ենք, որ նոր իրողությունը, միջազգային այդ կառույցին Հայաստանի միանալը, իհարկե, չի կարող բացասական ազդեցություն չունենալ մեր երկկողմ հարաբերությունների վրա։ Իհարկե, այստեղ շատ կարևոր է որոշակի երախիքներ ստանալ մեր հայ գործընկերներից։ Այդ հարցը դեռ պետք է լուծվի երկկողմ երկխոսության շրջանակում, ինչին մենք տրամադրված ենք», - ասել է Կրեմլի խոսնակը։

Հայաստանի վարչապետն ավելի վաղ ասել էր, թե ինքը չի որոշում ձերբակալել այս կամ այն մարդուն, այդ թվում՝ Պուտինին։

Միջազգային քրեական դատարանը 2023 թվականի մարտի 17-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել պատերազմական հանցագործությունների կատարմանը առնչություն ունենալու մեղադրանքով, մասնավորապես, Ուկրաինայից երեխաներ են ապօրինաբար տարել Ռուսաստան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG