Մատչելիության հղումներ

Ֆրանսիան պատրաստ է աջակցել կենսական նշանակության շատ ծրագրերում․ դեսպանը՝ Գեղարքունիքի մարզպետին


Ֆրանսիան պատրաստ է աջակցություն ցուցաբերել կենսական նշանակության շատ ծրագրերում, «մանավանդ, եթե խոսքը վերաբերում է սահմանամերձ բնակավայրերի ամրապնդմանն ու զարգացմանը», երեկ Գեղարքունիքի մարզում՝ մարզպետ Կարեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։

Ըստ Գեղարքունիքի մարզպետարանի՝ դեսպանը շեշտել է, որ պատրաստ են համագործակցել նաև մշակույթի, կրթության, առողջապահության, գյուղատնտեսության, քաղաքաշինության ու այլ ոլորտներում։

Մարզպետարանի փոխանցմամբ, Կարեն Սարգսյանն ու Օլիվիե Դըկոտինյին, քննարկել են նաև անվտանգային, տնտեսական, առողջապահական ու կրթամշակութային ոլորտներում ընթացող համագործակցության խորացման ու ամարպնդման հարցեր։

«Ֆրանսիան իր անկեղծ բարեկամությունն ու օժանդակությունը Հայաստանի Հանրապետության, Գեղարքունիքի մարզի բնակչության հանդեպ ապացուցել է ոչ միայն խաղաղ ժամանակներում, այլ նաև մեզ համար վերջին տարիներին ստեղծված արտաքին սպառնալիքների ու դժվարին օրերի ընթացքում, ինչպես անվտանգային, քաղաքական, տնտեսական, այնպես էլ՝ հումանիտար աջակցության ոլորտներում», - ասել է մարզպետը՝ շեշտելով՝ հիմա էլ շարունակվում է նույն համագործակցությունն ու օժանդակությունը։

Երեկ դեսպանն էր նաև X-ի իր էջի միջոցով տեղեկացրել Եվրամիության դիտորդական առաքելության հետ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղ այցելության մասին։

Դըկոտինյին, մասնավորապես, գրել էր, որ «եվրոպացի դիտորդների ներկայությունը հանգստացնում է այս մեկուսացած և խոցելի բնակչությանը: Այն շոշափելի ապացույց է, որ նրանք մոռացված չեն աշխարհի կողմից»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG