Մատչելիության հղումներ

Ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը վկայում են՝ զինուժում լուրջ փոփոխություններ չեն եղել. իրավապաշտպան


Մարտական դիրքի կացարանին կից տնակում զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հոդվածով։ Քննչական կոմիտեից, սակայն, հայտնում են, որ այս պահին գործով ձերբակալվածներ ու մեղադրյալներ չկան, հարցաքննվել են դեպքին առնչություն ունեցող անձինք։

«Այս հոդվածով է քրեական վարույթը նախաձեռնվել՝ նկատի ունենալով, որ ստացված հաղորդումը վերաբերում էր, ըստ էության, անհայտ հանգամանքներում տնակում բռնկված հրդեհի և այնտեղ հայտնաբերված ծառայողի մարմնի … այսինքն՝ մեր նախնական տվյալներն այնպիսին էին, որ անհայտ հանգամանքներում է տեղի ունեցել հրդեհը», - ասաց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Ըստ նրա՝ սպանությունը նախնական վարկածն է։

Դեռ հայտնի չէ՝ ոչ կանոնադրական հարաբերությունների, միջանձնային վեճի, թե դիվերսիոն հարձակման հետևանքով է 39-ամյա պայմանագրայինը զոհվել։ Աբրահամյանը միայն ասաց՝ իրավապահները քննում են բոլոր հնարավոր վարկածները։

Պաշտպանության նախարարությունը երեկ հայտնեց, որ դեռևս չպարզված հանգամանքներում բռնկված հրդեհի հետևանքով 39-ամյա պայմանագրային է զոհվել, այլ տուժածներ չկան։

Զոհված զինվորականը՝ Արթուր Գրիգորյանը, Սիսիանի բնակիչ էր, ծառայել է Սյունիքի Խոզնավար գյուղի հատվածում, որը սահմանամերձ է դարձել 44-օրյա պատերազմից հետո։

Խոզնավարի դիրքերն ադրբեջանականից մի քանի հարյուր մետր են հեռու՝ իրար շատ մոտ։ «Ազատություն»-ը գյուղում եղել էր 2021-ին։

Սիսիանի համայնքապետն «Ազատությանն» այսօր ասաց՝ ծանոթ է եղել Արթուրի հետ, գիտեր ընտանիքին։

«Նորմալ տղա էր, շատ ակուրատնի, ամուսնացած, լավ ընտանիք ունի՝ հայր, մայր, քույր, եղբայր», - ասաց Սիսիան համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանը։

Մինչ քննությունը կպարզի՝ ինչի հետևանքով է 39-ամյա զինծառայողը զոհվել, բանակի հարցերով զբաղվող իրավապաշտպանները շարունակում են բարձրաձայնել բանակում տիրող անպատժելիության մթնոլորտի՝ ոչ մարտական պայմաններում զոհերի աճող վիճակագրության մասին։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալներով՝ միայն 2023-ին զոհերի մեծ մասը ոչ մարտական պայմաններում են զոհվել. 83 զինծառայողից 64-ը ոչ մարտական պայմաններում են զոհվել՝ ինքնասպանության, ինքնասպանության հասցնելու, մարտական կանոնները խախտելու, ավտովթարների և այլ պատճառներով։

«Սկսած ինքնասպանություն, ինքնասպանություն որակված դեպքերից, վերջացրած դժբախտ պատահարներով, անվտանգության կանոնների խախտման հետևանքով մահվան դեպքերից, դրանք ունեն շատ մեծ խորքային պատճառներ, որոնք պետք է լուրջ քննության առարկա դառնան, որպեսզի հետագայում բացառվեն նման դեպքերը», - ասաց իրավապաշտպան Նազելի Մովսեսյանը։

Ոչ մարտական պայմաններում զինծառայողների շարունակվող մահվան դեպքերը վկայում են՝ զինուժում լուրջ փոփոխություններ չեն եղել, ասում է բանակի հարցերով զբաղվող իրավապաշտպանը։

Պաշտոնական տվյալով՝ տարեսկբզից ոչ մարտական պայմաններում արդեն 4 զինծառայող է զոհվել։

Ըստ Մովսեսյանի՝ մեկ այլ հարց է դիրքերի, կացարանների կահավորվածության խնդիրը, ոչ բոլոր տեղերում են նորմալ պայմաններ ստեղծված զինծառայողների անվտանգ ծառայության համար. - «Եվ կահավորման խնդիրն է այստեղ, և նաև զինծառայողների պատրաստվածության, այսինքն՝ եթե Սյունիքում է՝ Սյունիքի մարտական հենակետում տեղի է ունենում նման դեպք, բնականաբար ակնհայտ է, որ այնտեղ եղանակային ցուրտ պայմանների պատճառով է հավանաբար տեղի ունենում վառարանի ոչ ճիշտ օգտագործում և այլն, այսինքն՝ զինծառայողները ևս պետք է տիրապետեն անվտանգության բոլոր կանոնների պահպանմանը»։

Իրավապաշտպանը հիշեցնում է՝ անցած հրդեհի հետևանքով 15 զինծառայող զոհվեց, դրան հաջորդեցին պաշտոնանկություններ, բայց կրկին բանակում շարունակում են ոչ մարտական զոհերը։ Ազատի գյուղում տեղի ունեցած ողբերգական գործն արդեն դատարանում է։ Գործով 5 մեղադրյալ կա, այդ թվում՝ վաշտի կապիտան Եղիշե Հակոբյանը։ Հենց նա է, ըստ իրավապահների, բենզին լրցրել վառարանը, որի հետևանքով էլ հրդեհն է բռնկվել։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG