Մատչելիության հղումներ

Ազատի զինվորական կացարանում հրդեհի զոհերի ծնողները դժգոհ են քննության ընթացքից


Սեդրակ Ղարիբյան, Ազատի զինվորական կացարանում զոհված Տարոն Ղարիբյանի հայրը
Սեդրակ Ղարիբյան, Ազատի զինվորական կացարանում զոհված Տարոն Ղարիբյանի հայրը

Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված Տարոն Ղարիբյանի հայրը՝ Սեդրակ Ղարիբյանը կորցրել է հավատը, որ ի վերջո կպարզվի, թե ինչպես բռնկվեց հրդեհը, ինչպես մոխրացան 15 զինվորները։

Տարոնը Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից էր։ Քսան օրից պիտի տուն գար։ «Հոկտեմբերի վերջերին էկավ օտպուսկ։ Ես իմանայի, չէի թողի... թո ինձի ասեին ազգի դավաճան, թո ասեին թշնամի, ինչ ուզում էին թող ասեինք։ Քսան օր էր մնացել իմ էրեխուն, որ վերջանար, իրա պարտքը ծառայեր, իրա պարտքը տար արդեն... Մենակ իմ էրեխեն չէ, լրիվինն էլ ծառայում են, հայրենիքը պաշտպանում էին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ղարիբյանը։ - «Մեկը մեկի վրա ա գցում, մեկը մեկի վրեն ա բան անում՝ մենք չենք արել, մենք էսի չենք անի, մեզ դեռ օրեր ա պետք, ես չգիտեմ»։

Երեկ ուշ երեկոյան զոհված զինվորների ծնողները, երբ վերադառնում էին Ազատում իրականացված քննչական գործողություններից, փակեցին Երևան-Սևան մայրուղին՝ հանդիպում պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։

Ուղիղ երեք ամիս է անցել հունվարի 19-ի ողբերգությունից, էլ դուռ չմնաց, որ հուսահատ ծնողները թակած չլինեն։

«Տասնհինգ հոգու դրեցին վառեցին, ոչ մեկը ոչ մի բան չասեցին։ Մեր՝ ծնողների ցանկությունը ճիշտն իմանալն ա, ուրիշ ոչ մի բան մենք չենք ուզում իրանցից։ Ի՞նչն էր պատճառը, էդքան բան։ Բայց չեն ուզում ասեն։ Ուրեմը ստեղ մի գաղտնիք կա դրանց մոտը... իրանց են արել», - վրդովվում է Սեդրակ Ղարիբյանը։

«Երեք ամիս է ծնողները չեն կարողանում հանդիպել ո'չ վարչապետի, ո'չ պաշտպանության նախարարի հետ», - փոխանցեց զոհերի հարազատների մեծ մասի փաստաբան Նորայր Նորիկյանը՝ շեշտելով, որ երեկ նույնպես դա տեղի չունեցավ։ Բարձրաստիճան պաշտոնյաներից միայն Գեղարքունի մարզպետ Կարեն Սարգսյանն է մոտեցել՝ ընդամենը խոստումներով։

Նորայր Նորիկյան
Նորայր Նորիկյան

«Մեզ համար անհասկանալի պատճառներով, ես հիմա չեմ կարող ասել, թե ինչ ենթատեքստ են դրել վարչապետը և պաշտպանության նախարարը այդ հանդիպումը բացառելու համար, և ըստ էության, ի դեմս Գեղարքունիքի մարզպետի, որը կառավարությունն էր ներկայացնում, նա խոստացավ, որ այսօր մեզ կպատասխանի, կփոխանցի կառավարության տեսակետը», - նշեց Նորիկյանը։

«Ես կփորձեմ իհարկե կապի դուրս գալմ կփորձեմ հասկանալ։ Բայց սա մեթոդ չի», - ցուցարարներին ասել էր մարզպետը։

Երեկ ուշ երեկոյան ճանապարհը բացվեց, մարզպետի խնդրանքից հետո։ Այսօր արդեն «Ազատության» հետ զրույցում Կարեն Սարգսյանը ըստ էության ընդունեց, որ հանդիպում չի լինի. - «Էս պահին, քանի դեռ նախաքննություն է իրականացվում, որևէ քննարկման հարց չկա։ Ես չեմ կարող ասել [հանդիպում] հնարավոր ա, թե հնարավոր չի։ Գոնե էս պահին դա տեսանելի չի»։

Նա հավելեց, որ տեսանելի կլինի նախաքննության ավարտից հետո։

15 զինվորների ծնողները երեկ Ազատում մասնակցել են քննչական գործողություններին։ «Ձգձգում են, որ հոգնենք»,- Տարոնի հայրը գոհ չէր ընթացքից։ - «Ասում է կարող է ևս մի տարի քաշի էս հետաքննությունը... էդի ո՞նց հասկանանք։ Գողության ա ըլնում, երրորդ օրը բռնում եք... իսկ էսի տասնհինգ հոգի զինվոր... Նշանակում ա սրանք թքած ունեն զինվորի վրեն։ Այ սենց ձգձգելու են, մինչև արդեն...»

Փաստաբան Նորայր Նորիկյանը շատ փակագծեր չի բացում՝ պատճառաբանելով նախաքննական գաղտնիքը։ Բայց պնդում է՝ մի շարք հանգամանքներ համակցելուց հետո ավելի շատ խնդիրներ են ջրի երես եկել։ Ի՞նչ է տեղի ունեցել մինչև հրդեհը. - «Հրդեհը արդեն կարծեք թե երկրորդ արարն է, իսկ հրդեհից առաջ ի՞նչ է տեղի ունեցել։ Մենք չունենք էդ հարցի պատասխանը։ Ամբողջ խնդիրը սրանում է կայանում։ Շան գլուխը ստեղ է թաքնված»։

Այս քրեական գործով այժմ հինգ մեղադրյալ կա, երեքը կալանքի տակ են, այդ թվում՝ կապիտան Եղիշե Հակոբյանը, որը, ըստ պաշտոնական վարկածի, փորձել էր բենզինով թեժացնել զինվորական կացարանի վառարանը, ինչից էլ ծագել էր հրդեհը։ Մյուս մեղադրյալները բարձրաստիճան զինվորականներ են, որոնք պատասխանատու էին զորամասի հրդեհային անվտանգության համար։

XS
SM
MD
LG