Մատչելիության հղումներ

Երևանի ավագանին դադարեցրեց Հայկ Մարությանի լիազորությունները


Հայկ Մարությանը զրուցում է լրագրողների հետ, Երևան, 7-ը փետրվարի, 2024թ․
Հայկ Մարությանը զրուցում է լրագրողների հետ, Երևան, 7-ը փետրվարի, 2024թ․

Իշխանական խմբակցություններն այսօր արտահերթ նիստում «Հանրային ձայն»-ի օգնությամբ մանդատից զրկեցին Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունից Հայկ Մարությանին: Ավագանին մանդատից զրկեց նաև «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանին ու Սոնա Աղեկյանին: «Հանրային ձայն»-ի երկու անդամները դեմ քվեարկեցին Զարուհի Փոստանջյանին ու Գևորգ Ստեփանյանին մանդատներից զրկելուն, հետևաբար՝ նրանք կշարունակեն իրենց գործունեությունն ավագանիում։

Վիճակագրություն ներկայացրեցին՝ Մարությանն ավագանու 42 քվեարկություններից ոչ մեկին չի մասնակցել, իսկ մանդատից զրկված մյուս ընդդիմադիրները շարունակ բոյկոտել են նիստերը:

Նիստի ընթացքում դահլիճ մտավ Հայկ Մարությանն ու հայտարարեց՝ սա քաղաքական հաշվեհարդար է։ Հիշեցրեց՝ երբ ինքն էր քաղաքապետ ու նոր ավտոբուսներ ներկրելու հարցն էր քննարկվում, ՔՊ-ականներն էլ այդ նախագիծն էին բոյկոտում: Իր բացակայություններն էլ, ասաց, բոյկոտ է՝ քաղաքական պայքարի միակ մեթոդն այս պահին։

«Ինչո՞ւ նախորդ գումարման ժամանակ չէիք հեռացնում ձեր տասնյակ թիմակիցներին, որոնք տարիներով նիստերին չէին մասնակցում, որովհետև ձեր դեմ դուրս չէին գալի՞ս։ Գիտե՞ք ում եք հեռացրել անցած գումարման ժամանակ՝ Լուսինե Մխոյանին՝ հղի կնոջը, ի դեպ՝ այն բանի համար միայն, որ երբ որ ինձ քաղաքապետի պաշտոնից հանում էիք, նա ձեզ չմիացավ։ Այս էս եք դուք», - ասաց Մարությանը՝ շարունակելով․ - «Մեզ եք հանում, որովհետև, այո, ձեր դեմ ենք դուրս եկել, պահանջում ենք ձեր հրաժարականը։ Մարդիկ մեզ ընտրել են հինգ տարով, ու դուք երեք ամսվա գալ-չգալու համար ինձ հանում ե՞ք։ Ո՞վ ա ձեզ էդ իրավունքը տվել, դուք ե՞ք ինձ էդ մանդատը տվել, թե՞ կարող ա մտածում ենք դուք իմ գործատուն եք։ Իմ գործատուն իմ ընտրողներն են, հարգելիներս, դուք ո՞վ եք»։

Ընդգծեց՝ ավագանու դահլիճից դուրս ինքն ակտիվ մասնակցել է նախագծերի մշակմանը, հանդիպել քաղաքացիներին ու ակտիվ աշխատել:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը կարճ արձագանքեցին Մարությանի ելույթին։

«Եթե Դուք չեք եկել, որպեսզի չմասնակցեք ավագանու որոշումներին, Ձեզ համար, անկեղծ ասած, հետագայում նույնպես բան չի փոխվի, Դուք կշարունակեք չգալ և չեք մասնակցի ավագանու նիստերին և որոշումներին», - նշեց Ավինյանը։

«Որ ասում եք՝ լռեցնել, լռեցնել, լռեցնել, Դուք ընդհանրապես ընկալում ե՞ք, որ լռեցնում են էն մարդուն, ով որ խոսում ա։ Այսինքն՝ եթե Դուք նիստի չեք գալիս, ելույթ չեք ունենում, Ձեզ ինչի՞ համար պետք ա լռեցնեն», - իր հերթին, ասաց Գրիգորյանը։

Ընդդիմադիրներին մանդատից զրկելու համար իշխանականներին անհրաժեշտ մեկ ձայնի փոխարեն «Հանրային ձայն» խմբակցությունը երկուսն ապահովեց: Թեև այս կուսակցության հիմնադիր, հետախուզվող նախկին ոստիկան Վարդան Ղուկասյանը երեկ կոչ էր արել չներկայանալ նիստին, քվորում չապահովել ու տապալել այն, այդուհանդերձ, 5-հոգանոց այդ թիմից խմբակցության ղեկավար Վահան Ավագյանն ու խմբակցության անդամ Վահե Եսայանն այսօր դահլիճում էին: Ընդդիմադիրները պնդում էին, որ նրանք իշխանական ճնշման տակ են։

Վահան Ավագյանը հաստատեց, որ երեկ եղել է Քննչական կոմիտեում, բայց չմանրամասնեց՝ ինչու: Իսկ իրենց նկատմամբ բանեցվող ճնշումների մասով ասաց՝ դա միայն Վարդան Ղուկասյանն է արել, ուրիշ ոչ ոք։

«Ի սկզբանե Վարդան Ղուկասյանի հետ պայմանավորված էր, որ այս նիստը պիտի լինի նույն բովանդակությամբ, ոնց էսօր անցավ։ 15 րոպե հետո փոխել ինչ-որ մի հատ պայմանավորվածություն, հետո մի հատ էլ փոխել, հետո որոշել, որ չենք գնում՝ իմ մոտ լուրջ կասկած կա, որ մեր ֆրակցիայի անդամները, կամ ինչ-որ մի միջոցով, կապվել են հենց մեր լիդերի հետ, և ինձ ասվեց՝ կտրականապես չեք գնում, բոյկոտում եք, ու պայման դրեց նաև իրենց, ասեց՝ չեք գնում մինչև վերջ, այսինքն՝ էս նիստին, մյուս նիստին ու տենց շարունակ, մինչև քաղաքապետարանը քանդվի, բոյկոտվի։ Մեզ ասել էր՝ կգնաք՝ էս կլինի, շանտաժ և այլն, դա մեզ էր ասել», - ասաց Ավագյանը։

Այսօր մանդատից զրկված Սոնա Աղեկյանը դահլիճ մտավ միայն իր ելույթի համար. ասաց՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը ոտնահարել է իր ընտրողի իրավունքը՝ իրեն ավագանուց հեռացնելով։

«Մայր Հայաստան» դաշինքը որոշել է, խմբակցությունով մենք նիստից առաջ որոշում ենք կայացրել, ասենք, քաղաքացիներին տուգանքի մատերիալ դարձնելու որոշմանը չմասնակցել, քվորում չապահովել, բնականաբար՝ ես ևս չեմ մասնակցել և չեմ մասնակցել հայ մարդուն, երևանցուն տուգանքի առարկա դարձնելու ապօրինի, խայտառակ ՔՊ-ական որոշումներին», - հայտարարեց Աղեկյանը։

Հեղափոխությունից հետո ՔՊ-ի ցուցակով քաղաքապետ ընտրված ու հետո իր թիմի կողմից պաշտոնանկ արված Հայկ Մարությանը վստահ է՝ ինքը քաղաքապետի միակ այլընտրանքային թեկնածուն էր, դա է պատճառը, որ մանդատից այսօր զրկվեց:

Ավինյանն արձագանքեց՝ նա երկու տարի ուներ լավ քաղաքապետ լինելու համար: Իսկ փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը լուրջ չհամարեց այդ պնդումները․ - «Հեռացված ավագանու անդամը կարող է տարբեր պատճառաբանություններ բերել, հռչակել իրեն այլընտրանքային քաղաքապետ կամ այլընտրանքային որևէ պաշտոնյա, բայց, այնուամենայնիվ, այս որոշումը կայացվել է միմիայն այն հիմքով, որ պարոն Մարությանը չի հաճախել աշխատանքի»։

«Ազատություն»-ը Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ էին «Հանրային ձայն»-ի անդամները հրավիրվել Քննչական կոմիտե, արդյո՞ք վճռորոշ այս քվեարկությունից առաջ սա կողմ քվեարկելուն ու քվորում ապահովելուն ուղղված ճնշումներ չեն։ «Այդ մեթոդները երբեք չենք կիրառել և չենք պատրաստվում կիրառել», - պատասխանեց քաղաքապետը։

«Ձեր քայլերը դեպի մեծ քաղաքականություն շարունակելո՞ւ եք», - «Ազատության» այս հարցին ի պատասխան, Հայկ Մարությանն ասաց՝ 2026 թվականին մասնակցելու է ընտրություններին, նոր կուսակցություն են հիմնելու, վարչապետի թեկնածուն էլ ինքն է լինելու։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG