Մատչելիության հղումներ

ՀՁ-ի ղեկավարը հաստատում է՝ քննչականում եղել է, Վարդան Ղուկասյանի գործողությունը «տեռոր» է որակում


«Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը երեկ եղել է Քննչական կոմիտեում, լրագրողների հետ ճեպազրույցում, «Ազատության» հարցին ի պատասխան, տեղեկացրեց Ավագյանն՝ առանց մանրամասներ ներկայացնելու։

«Այո՛, երեկ եղել եմ քննչականում, չեմ մանրամասնի՝ ինչու, այդ ինֆորմացիան փակ է և չեմ ուզում բաձրաձայնեմ, այդ հարցերին չեմ պատասխանելու», - ասաց Ավագյանը։

Դիտարկմանը, թե կուսակցության նախկին առաջնորդ Վարդան Ղուկասյանը ենթադրել էր, որ Ձեզ վրա ճնշում է գործադրվել, Ավագյանն այսպես արձագանքեց․ - «Ի սկզբանե Վարդան Ղուկասյանի հետ պայմանավորված էր, որ այս նիստը պետք է լինի նույն բովանդակությամբ, ոնց անցավ, բայց քանի որ մեզ մոտ լինում են տարաձայնություններ ու շատ, 15 րոպեն մեկ փոխել պայմանավորվածություն, հետո էլի փոխել, հետո որոշել, որ չենք գնում, իմ մոտ լուրջ կասկած կա, որ մեր ֆրակցիայի անդամները, ինչ-որ միջոցով, կապնվել են մեր լիդերի հետ և ինձ ասվեց կտրականապես՝ «չեք գնում, բոյկոտում եք», ու պայման դրվեց նաև իրենց՝ ասեց՝ «չեք գնում մինչև վերջ, մինչև քաղաքապետարանը քանդվի»։ Մեզ ասել էր՝ «կգնաք էս կլինի», շանտաժ և այլն, դա մեզ էր ասել։ Դա շանտաժ չէ, դա արդեն լուրջ հոդված է, սա արդեն տեռոր է, որին պետք է անդրադառնան պատկան մարմինները ու էդ հարցերով զբաղվեն իրենք»։

Երևանի ավագանին այսօր արտահերթ նիստում քննարկում է ավագանու ընդդիմադիր հինգ անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը։ Իշխանական խմբակցություններին ընդամենը մեկ ձայն կպակասեր, որ մանդատից զրկեր ընդդիմադիրներին, սակայն քվորումն ապահովվեցին «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանն ու խմբակցության անդամ Վահե Եսայանն իրենց ներկայությամբ։

«Հանրային ձայն»-ի նախկին առաջնորդ Վարդան Ղուկասյանը երեկ հայտարարել էր, որ «Հանրային ձայն»-ից որևէ մեկը չի մասնակցելու ավագանու նիստին։

«Մենք բոյկոտում ենք Երևանի քաղաքապետարանի բոլոր նիստերը՝ առհասարակ բոլոր: Տիգրան Ավինյանը չի կարողանալու գումարել ոչ մի նիստ: Երևանը պիտի գնա ՔՊ-ի ձեռքի տակից, Երևանը պիտի գնա նոր ընտրությունների», - հայտարարել էր Ղուկասյանը:

Ավագյանն այսօր արձագանքել էր․ - «Մեր կուսակցության նախագահը Արտակ Գալստյանն է»:

XS
SM
MD
LG