Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարց այսօր օրակարգում չկա․ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ


ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարց այսօր օրակարգում չկա, «Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՀԱՊԿ հարցերով Ռուսաստանի արտգործնախարարության հատուկ դեսպան Վիկտոր Վասիլևը։

ՀԱՊԿ-ն այսօր կենտրոնացած է 2023-ի նոյեմբերին կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրականացման վրա, ասել է դիվանագետը՝ շեշտելով՝ այդ աշխատանքներին մասնակցում են դաշինքի բոլոր երկրները։

«Նստաշրջանում ընդունված փաստաթղթերը, ի դեպ հայկական կողմն այդ նստաշրջանին չի մասնակցել, այժմ քննարկվում են Երևանում։ Այդ փաստաթղթերից մի քանիսը ստացել են հայկական կողմի համաձայնությունը, դրանից կարելի է եզրակացնել, որ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարց դրված չէ», - ասել է Վասիլևը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը դեկտեմբերի վերջին Երևան էր այցելել՝ բերելով իր հետ փաստաթղթերի փաթեթը, որն ընդունվել էր Մինսկում ՀԱԿՊ խորհրդի նիստին:

Անդրադառնալով ՀԱՊԿ միջոցառումներին Երևանի չմասնակցելու հարցին, դիվանագետն ասել է, որ դա Հայաստանի ղեկավարության ընտրությունն է, միևնույն ժամանակ շեշտելով՝ «այն կատարվել է ճնշման ներքո»։

«Այս իրավիճակը արևմտյան երկրների ճնշման և Հայաստանի ղեկավարության ու բնակիչների հասկանալի էմոցիաների արդյունք է»,- նշել է նա՝ հույս հայտնելով, որ «բանականությունը վաղ թե ուշ կհաղթի զգացմունքներին»։

Հայաստանը բազմիցս մեղադրել է ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին իրենց պարտավորությունները չկատարելու համար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է մասնակցել 2023 թվականի նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Նույն թվականի հոկտեմբերին Փաշինյանը Բիշքեկում չմասնակցեց ԵԱՏՄ և ԱՊՀ միջկառավարական խորհուրդների նիստերին։

XS
SM
MD
LG