Մատչելիության հղումներ

Դատախազությունն ընթացք է տվել «Պաշարված Լենինգրադի երեխաներին» նվիրված հուշարձանի «պղծման» դեպքին առնչվող գրությանը


Հայաստանի դատախազությունը ընթացք է տվել Երևանում գործող «Ռուսական տան» ղեկավարի դիմումին, որով Վադիմ Ֆեֆիլովը խնդրել է իրավական գնահատական տալ ոմն քաղաքացու գործողություններին և քրեական պատասխանատվության ենթարկել նրան, իրենց ձևակերպմամբ, «Պաշարված Լենինգրադի երեխաներին» նվիրված հուշարձանը պղծելու համար։

Մի քանի օր առաջ համացանցում տեսահոլովակ էր տարածվել, թե ինչպես է մի տղամարդ, շրջելով Վահագն Դավթյանի անվան զբոսայգում, մոտենում հուշարձանին, շպրտում այնտեղ շարված ծաղկեպսակները։ Վրդովված տղամադրը նաև հիշում էր ՌԴ արտգործնախարարության խոսնակի պնդումները։ Մարիա Զախարովան միջազգային փաստաթղթեր էր պահանջել, որոնք կվկայեին Արցախում էթնիկ զտումների մասին։

Տեսանյութում տղամարդը մի քանի անգամ կրկնում է՝ չկա նաև Լենինգրադի պաշարման մասին փաստաթուղթ։

Վադիմ Ֆեֆիլովը Աննա Վարդապետյանին ուղղված նամակում խիստ բառապաշար է օգտագործել՝ «ազգամիջյան ատելություն», «այլատյացություն»։ Մեղմ չէին նաև Հայաստանում Ռուսասատանի դեսպանատան որակումները՝ ցինիզմ, ծաղր, անբարոյականություն։ Ի դեպ, հենց դեսպան Սերգեյ Կոպիրկինն էր օրերս այդ պսակները տեղադրել ֆաշիստական շրջափակումից Լենինգրադի ամբողջական ազատագրման 80-ամյակի միջոցառմանը։

«Ուղեղում չի տեղավորվում այն մարդկանց անբարոյականության աստիճանը, որոնք բացահայտ արհամարհում են ոչ միայն այդ ողբերգական զոհերի, այլև սեփական նախնիների հիշատակը», - ասված է դեսպանատան գրության մեջ, որում նաև հիշեցնում է, որ Լենինգրադի բազմազգ պաշտպանների շարքերում կռվել են ավելի քան 100 հազար հայեր, և հույս է հայտնում, որ այս գործողությունները կստանան համապատասխան իրավական գնահատական։

Դատախազությունը դեռ որևէ մանրամասն չի հայտնում, մասնավորապես, ով է տեսանյութում երևացող տղամարդը, պատրաստվում են քրգործ հարուցել, թե ոչ։

Ի դեպ, ռուսական կողմը հայտարարություններով չի բավարարվել։ ՌԴ քննչական կոմիտեի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Երևանում տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործ կհարուցվի նաև Ռուսաստանում։ Քրեական օրենսգիրքը, ըստ իրավապահների, նման հնարավորություն տալիս է։

Ռուս-հայկական լարված հարաբերությունների ֆոնին այս միջադեպն արդյոք կրակի վրա բենզին լցնելու պատրվակ էր։ Խորհրդային տարիներին այլախոհության համար դատապարտված իրավապաշտպան Վարդան Հարությունյանն ավելի քան վստահ է՝ սա ուժի հերթական ցուցադրում էր։

«Ցանկացած դեպք միշտ էլ ցանկացած քաղաքում, ցանկացած գյուղում կարող է լինել, ցանկության դեպքում դա կարելի է դարձնել մատի փաթաթան, կարելի է չդարձնել», - ասաց նա՝ շարունակելով, - «Ճիշտն ասած՝ չեմ կարծում, թե Հայաստանում թեև գոյություններ ունի ռուս-հայաստանյան լարված հարաբերություններ, ավելի շատ կան հարաբերություններ, որ Ռուսաստանից լարվում են անընդհատ՝ առիթով կամ անառիթ կամ ամենաչնչին առիթներն օգտագործելով։ Դա ուղղված է ոչ միայն Հայաստանի դեմ, այլև եթե հետևենք զարգացումներին, ապա կտեսնենք, որ ընդհանրապես Ռուսաստանն իրեն դիրքավորել է որպես աշխարհի թշնամի։

Ինչ վերաբերում է Հայաստանին, հատկապես վերջին երկու-երեք տարիների զարգացումները չէին կարող անհետևանք մնալ և Հայաստանում, ենթադրենք, չձևավորել համապատասխան արձագանք, բայց դա բոլորովին չի նշանակում հակառուսություն կամ հակառուսականություն, կամ ընդդեմ Ռուսաստանի։ Դա նշանակում է, որ Հայաստանը սկսում է մտածել իր ապագայի մասին»։

Իրավապաշտպանի պնդմամբ՝ Հայաստանի իշխանությունները պետք է հիմա ճնշման չենթարկվեն. - «Չփորձեն անընդհատ վազել և ապացուցել իրենց հավատարմությունը»։

«Պաշարված Լենինգրադի երեխաներին» նվիրված հուշարձանն այսօր ոչ ծաղիկներով էր շրջապատված, ոչ էլ այցելուներ ուներ, միայն ձյունն էր իր թաց հետքերը թողել վրան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG