Հայաստան-Իրան համագործակցության օրակարգին առնչվող տարբեր հարցեր են քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԻԻՀ Գերագույն առաջնորդի խորհրդական, արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազին այսօր Երևանում կայացած հանդիպման ժամանակ:
Քննարկված հարցերը վերաբերել են քաղաքական, տնտեսական կապերին, էներգետիկայի, ենթակառուցվածքների և այլ ոլորտներում փոխգործակցությանը և համատեղ նախագծերի իրականացմանը:
ՀՀ կառավարության լրատվական վարչության փոխանցմամբ՝ վարչապետը կարևորել է Խարազիի այցը Հայաստան և վստահություն հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Փաշինյանը նշել է, որ ԻԻՀ նախագահի հետ պայմանավորվել են հետևողական քայլեր ձեռնարկել առևտրաշրջանառության ծավալների շարունակական ավելացման ուղղությամբ: Միաժամանակ, վարչապետը նշել է, որ ջերմությամբ է հիշում ԻԻՀ գերագույն առաջնորդի հետ հանդիպումը, և խնդրել է նրան փոխանցել իր ջերմ ողջույնները, ասված է հաղորդագրությունում:
Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերի շուրջ: Վարչապետն ընդգծել է Հայաստանի առանցքային մոտեցումները տվյալ հարցի շուրջ:
Տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում Փաշինյանը կարևորել է Իրանի դրական դիրքորոշումը Հայաստանի կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի և դրա հիմքում դրված առանցքային սկզբունքների վերաբերյալ:
Քամալ Խարազին 1997-2005 թվականներին եղել է Իրանի արտգործնախարարը: