Մատչելիության հղումներ

Նոր զարգացումներ Գյումրիի ավագանիում. Վարդևան Հակոբյանը լքում է խմբակցությունը


«Բալասանյան»- «Քաղաքացիական պայմանագիր» իշխող դաշինքի փլուզումից հետո Գյումրիի ավագանիում նոր խմորումներ են։ Առավոտյան ընդդիմադիր «Զարթոնք» խմբակցության ղեկավար Վարդևան Հակոբյանը անսպասելիորեն տեղեկացրեց, թե լքում է իր ղեկավարած 4 հոգանոց խմբակցությունն ու այսուհետ կգործի որպես ավագանու անկախ անդամ։

Արդյոք սատարելո՞ւ է Գյումրիում ընդդիմություն դարձած «Քաղաքացիական պայմանագրին», թե իշխող «Բալասանյան դաշինքին»՝ Հակոբյանը խոստացավ ավելի ուշ մեկնաբանություն տալ, միաժամանակ պնդեց, թե իր այս քայլը որևէ քաղաքական ենթատեքստ չունի։ «Ազատության» հետ զրույցում «Զարթոնք» խմբակցության քարտուղար Սվետլանա Ադամյանը վստահեցրեց, թե Հակոբյանը իրենց հետ քննարկում չի ունեցել, ավելին՝ ասաց՝ իր համար Հակոբյանի խմբակցությունից դուրս գալն անակնկալ է եղել. - «Խմբակցությունում քննարկում չի եղել, ես ինքս լուրերից եմ իմացել, բոլորիս համար անակնկալ էր, որևէ քննարկում երբևէ չի եղել»։

Սվետլանա Ադամյանն ասաց՝ իրենց նախկին ղեկավարին հարցեր ունեն. - «Երևի թե նույն հարցը մենք իրեն էլ պիտի ուղղենք, թե ինչու է որոշում կայացրել դուրս գալ խմբակցությունից»։

Հակոբյանի հեռանալուց հետո խմբակցությունում դիրքորոշման փոփոխություն կլինի՞, Ադամյանը հարցին պատասխանեց. - «Ոչ, խմբակցությունում ոչ մի դիրքորոշման փոփոխություն չի լինի, խմբակցությունը կա և կմնա, վստահ եմ։ Հետագայում ինչ զարգացումներ կունենան, մենք տեղյակ կպահենք»։

Առաջիկայում «Զարթոնքի» մնացյալ 3 անդամները կհանդիպեն, կքննարկեն, նաև կորոշեն, թե ով էլ լինելու խմբակցության ղեկավարը։

Ավագանու մյուս խմբակցություններից ևս պնդում են, թե Վարդևան Հակոբյանի որոշումն անակնկալ է եղել։ «Բալասանյան դաշինքից» ու ՀՀԿ-ից փոխանցեցին, որ մեկնաբանություն չունեն։ «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանն ասաց՝ փորձել է պարզել պատճառները, բայց չի հաջողվել։ Պատմեց, որ երեկ ավագանու արտահերթ նիստին իրար հետ հարցեր են քննարկել, բայց Հակոբյանը խմբակցությունից դուրս գալու որևէ ակնարկ չի եղել։

Ի դեպ, երեկվա նիստին, որի ընթացքում երկրորդ փորձից քաղաքի բյուջեն ընդունվեց, Վարդևան Հակոբյանը ելույթ ունեցավ ու քաղաքապետին առաջարկեց ավագանին մասնակից դարձնել համայնքի հետ կապված բոլոր ծրագրերի քննարկումներին։

Իշխանությունից ընդդիմություն դարձած «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը ևս պնդեց, թե Վարդևան Հակոբյանի որոշման մասին տեղյակ չեն եղել։

«Ես այդ մասին տեղեկացել եմ իր ֆեյսբուքյան էջից։ Երեկ ավագանու նիստին որևէ բան չեմ նկատել, որը կվկայեր, որ պարոն Հակոբյանը պատրաստվում է անկախ ավագանու կարգավիճակում հանդես գալ», - «Ազատությանն» ասաց նա։

Հնարավոր համարո՞ւմ է, որ որպես անկախ ավագանու անդամ ավելի անկաշկանդ լինի ու առաջիկայում միանա իրենց քաղաքական թիմին, Հարությունյանն ասաց - «Մեզ հետ համագործակցության մասով ասեմ, որ նման պայմանավորվածություն չկա։

Ես չեմ կարող նմանատիպ հայտարարություն անել, որովհետև մեր օրակարգում նման հարց այս պահին չկա»։

Ավագանու 33 մանդատից 13-ը «Բալասանյան դաշինքինն» են, 11-ը՝ ՔՊ-ինը, 4 մանդատ ուներ «Զարթոնք» դաշինքը, 2-ական՝ ՀՀԿ-ն ու «Ապրելու երկիրը»։ Ախուրյանի ու Ալավերդիի օրինակներով Գյումրիում իշխանություն վերցնելու սցենարը կրկնելու համար ՔՊ-ին 6 մանդատ է պակասում։

Այդ համայնքներում ընտրությունների արդյունքներով մեծամասնություն չստացած «Քաղաքացիական պայմանագիրը» կարողացել էր ավագանու մյուս խմբակցությունների շարքերում համակիրներ գտնել, անվստահություն հայտնել գործող համայնքապետին ու այնուհետև իր թեկնածուին ընտրել համայնքի ղեկավարի պաշտոնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG