Մատչելիության հղումներ

33 տարի առաջ ընդունված Անկախության հռչակագիրը, վարչապետի կարծիքով, խորը քննության կարիք ունի


Ուղիղ 33 տարի առաջ այս օրը Երրորդ Հանրապետության ճանապարհը բռնած Հայաստանի Գերագույն խորհրդի ընդունած հիմնարար փաստաթուղթը, որի հիման վրա մեկ տարի անց հանրաքվե անցկացվեց ու Հայաստանն անկախացավ, վարչապետի կարծիքով, խորը քննության կարիք ունի:

«Անկախության հռչակագրով մենք հռչակեցինք Խորհրդային Միությունից հեռանալու ուղեգիծը, բայց և փակեցինք Խորհրդային Միությունից հեռանալու մեր բոլոր ճանապարհները, ասել է, թե 20-րդ դարավերջին ընդունված Անկախության հռչակագրով որդեգրեցինք մի բանաձև, որը 20-րդ դարասկզբին մեզ արդեն իսկ բերել էր անկախության կորստի», - նշել է Փաշինյանը:

Իր շնորհավորական ուղերձում վարչապետն, ըստ էության, իր անհամաձայնությունն արտահայտում հռչակագրի դրույթներին՝ չմանրամասնելով, թե կոնկրետ որոնք են դրանք և արդյոք քննարկում են այն փոփոխելու հնարավորությունը:

«Հռչակագրի տեքստի քննական վերլուծությունն ի ցույց է դնում, որ մենք ի վերջո ընտրել ենք այնպիսի խոսույթ և բովանդակություն, որի հիմքում դրված է մեզ Խորհրդային Միության մաս դարձրած բանաձևը. խոսքը տարածաշրջանային միջավայրի հետ կոնֆրոնտացիոն խոսույթի մասին է, որ մեզ անընդհատ կոնֆլիկտների մեջ էր պահելու մեր հարևանների հետ», - ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Անկախության հռչակագրով ամրագրվում են պետականության ստեղծման հիմնական դրույթները՝ քաղաքացիության տրամադրումից, միջազգային հարաբերությունների հաստատումից մինչև սեփական զինված ուժերի ստեղծում: Դրա առաջին պարբերությունը հղում է անում նաև 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշմանը։ Կետերից մեկով էլ ազդարարվում է՝ Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին: Թե հռչակագրի 12 դրույթներից որո՞նք են տարածաշրջանի հետ հակամարտային բովանդակություն պարունակում, Փաշինյանը չի մանրամասնում:

«Փաշինյանն այսօր կպել է մեր սրբության սրբոցին»

1990-ին Անկախության հռչակագրի ընդունումը, մեկ տարի անց էլ անկախությունն ազդարարած Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը վրդովված է վարչապետի հայտարարությունից. - «Փաշինյանն այսօր կպել է մեր սրբության սրբոցին, կոպիտ սխալ է թույլ տվել, բոլոր առումներով՝ քաղաքական, բարոյական, գիտական, մարդկային, բոլոր առումներով կոպիտ սխալ է թույլ տվել, և ինքը չի մարսի այդ կարգի հայտարարությունը: Այսօր կպնել էդ սրբություն սրբոցին, մեր երկրի ծննդականին, սրբապղծություն է»:

Մանուկյանն ասում է՝ սա հայոց պատմության ամենալուսավոր փաստաթուղթն է, պետականության հիմքը:

«Կպել է շարժմանը անկախության հիմքի, որովհետև հռչակագիրը շարժման ամփոփիչ փաստաթուղթն էր: Փաստաթուղթը նաև հիմք էր մեր բոլոր ռեֆորմների, կայացրած բոլոր բարեփոխումների, բոլոր հաջողությունների, ընդ որում, Ղարաբաղի ինքնորոշման, Ղարաբաղի ընդարձակման, բոլոր այդ արժեքներին կպել է», - նշեց ՀԱԿ փոխնախագահը:

Հայաստանն արդեն հինգ տարի ղեկավարող Փաշինյանը նշում է՝ բազմիցս է վերընթերցել Անկախության հռչակագիրը, դրան վերաբերվել է ինչպես «աստվածաշնչյան ուղերձի», սակայն, 44-օրյա պատերազմից առաջ և հետո տարբերություն կա։ Հռչակագրի տեքստի հնարավոր փոփոխությունների մասի՞ն է ակնարկում վարչապետը, առայժմ պարզել չի հաջողվել։ Փաշինյանի գրասենյակից հորդորեցին գրավոր հարցում ուղարկել:

Վարչապետն առաջին անգամը չէ Հայաստանի խորհրդանիշների վերաբերյալ նման հայտարարություններ անում. ամիսներ առաջ զինանշանից էր դժգոհել, նաև հայտարարել, թե Հայաստանը՝ «կադաստրի թուղթ չունի»։

«Իր առջև արտաքին ուժերի կողմից դրված են լուրջ պահանջատիրական դրույթներ՝ երաժշտությունը, գերբը, «Նեմեսիսի» արձանը, բոլորը դրսի պահանջներ են», - ընդգծեց Մանուկյանը:

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահը կարծում է՝ այսպիսի աղմկահարույց հայտարարությունների նպատակը կոմպլեքսավորված հասարակություն ունենալն է, որպեսզի ցանկացած զիջում արդարացվի. - «Որ ասեն, որ ինքը մեղավոր չի, մի դեպքում ռուսն էր մեղավոր, մի դեպքում թուրքն էր մեղավոր, մի դեպքում եկեղեցին էր մեղավոր, հիմա էլ ղարաբաղցիներն են մեղավոր»:

Նիկոլ Փաշինյանն այսօրվա ուղերձում նաև ընդգծել է՝ իր իշխանության որդեգրած խաղաղության օրակարգն անկախության օրակարգն է։ Խորհրդային Միության փլուզումից երեք տասնամյակ անց՝ վարչապետը պնդում է՝ քանի դեռ խաղաղություն չկա՝ Սովետական Միության ուրվականը թևածելու է Հայաստանի ու տարածաշրջանի երկնքում։

Այսօր «Ազատության» հարցին, թե Հայաստանի անկախությանը սպառնացող ի՞նչ վտանգներ կան, քաղաքացիները հիմնականում հենց խաղաղության անհրաժեշտության մասին էին խոսում:

Օրվա առթիվ ուղերձներ են հղել նաև Հայաստանի նախագահը, Ազգային ժողովի նախագահն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

XS
SM
MD
LG