Մատչելիության հղումներ

«Լիդիան Արմենիա»-ն բաժնեմասերի 12,5 տոկոսը կփոխանցի կառավարությանը


Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործել պատրաստվող «Լիդիան Արմենիա»-ն բաժնեմասերի 12,5 տոկոսը փոխանցում է կառավարությանը։ Մասնավոր ընկերության նվիրատվությունն այսօր ընդունվեց գործադիրի նիստում։ Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը հայտնեց, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը պարտավորվել է ապահովել առնվազն 250 միլիոն դոլարի ներդրումներ։

Որ հանքը շահագործվելու է, անցած տարի փետրվարին հայտնի դարձավ. «Լիդիան Արմենիա» ընկերությունը, Հայաստանի կառավարությունն ու Եվրասիական զարգացման բանկը համատեղ հուշագիր ստորագրեցին՝ համաձայնելով հստակ քայլեր ձեռնարկել Ամուլսարի ծրագրի վերսկսման և իրականացման ուղղությամբ:

Ամուլսարի հանքավայրը Հայաստանի ամենամեծ ներդրումային նախագծերից է, որ բազմաթիվ բողոքի ակցիաների պատճառ դարձավ, անգամ՝ մի քանի քրեական գործի։

«Ծրագրի շինարարության ընթացքում «Լիդիան» ընկերությունը պարտավորվել է վճարվող բնապահպանական հարկից ազդակիր համայնքներին բնապահպանական ծրագրերի իրականացման համար մասհանումներից բացի տրամադրել նաև 7 միլիոն դոլարի չափով տարեկան ֆինանսական աջակցություն յուրաքանչյուր 12- ամսյա ժամանակահատվածի համար», - նշեց էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը։

Փոխնախարարը, սակայն, գործադիրի նիստում որևէ խոսք չասաց, թե ինչո՞ւ է «Լիդիան Արմենիա»-ն որոշել 12,5 տոկոս բաժնեմասերը նվիրաբերել Հայաստանի կառավարությանը, արդյոք գործադիրը դրա դիմաց համաձայնեց ծրագրի վերսկսմանը, որ տարիներ շարունակ կանգնել էր բնապահպանների ցույցերի պատճառով։ Նիստի ավարտից հետո էլ Անի Իսպիրյանը հրաժարվեց որևէ հարցի պատասխանել, ասաց, թե հարցի հասցեատերը հենց նախարարն է։

Սա առաջին նման նվիրատվությունը չէ պետությանը. կառավարությանը 2021-ին նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն էր իր 15 տոկոս բաժնետոմսերը նվիրել։

«Մենք վերջին 5-6 տարվա ընթացքում առնչվել ենք Ամուլսարի հանքի հետ կապված խնդիրներին ու իհարկե, եղել են բազմաթիվ մտահոգություններ ու կառավարությունը հետևողական է եղել այդ բոլոր մտահոգությունների հետևից գնալու, հարցերի պատասխան ստանալու առումով», - նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը, մինչդեռ այսօր հայտարարեց, թե կառավարությունը թույլատրել է Ամուլսարի հանքի շահագործումը՝ իրեն մտահոգող բոլոր հարցերի պատասխանները ստանալուց հետո։ Նիկոլ Փաշինյանը ողջունեց բաժնեմասերը պետությանը նվիրելու «Լիդիան»-ի որոշումը։

«Հնարավոր ենք համարել նախագծի շարունակումը ու նաև շատ ողջունելի է, որ ներդրողները, այդ թվում՝ այլ օրինակի հետևելով իրենք ցանկացել են, որ կառավարությունը, այսինքն, Հայաստանի Հանրապետության ժողովուրդն ի դեմս կառավարության մասնակցություն ունենա և բաժնեմաս ունենա այդ նախագծի մեջ», - ասաց նա:

«Լիդիան Արմենիա»-ից «Ազատությանն» այսօր հայտնեցին, թե ընկերության բաժնեմասերը պետությանը նվիրելու որոշումը ընկերության բաժնետերերինն է եղել։ Բացատրությունն էլ, թե պետության հետ «ինստիտուցիոնալ գործընկերային հարաբերություններն ավելի արդյունավետ են դարձնում փոխգործակցությունը»:

«Իսկ Ամուլսարի ծրագրի նման երկարաժամկետ և խոշոր ծրագրերի դեպքում նման համագործակցությունը թույլ է տալիս կիսել թե՛ հաջողությունները, թե՛ պատասխանատվությունը», - շեշտում են ընկերությունից։

«Լիդիան»-ի նվիրած բաժնետոմսերը կկառավարի Էկոնոմիկայի նախարարությանը։ «Լիդիան Արմենիա»-ում հաշվել են՝ առնվազն 25 տարի հնարավոր է հանքը շահագործել, իսկ իրենք տարեկան 75-ից 100 մլն դոլար հարկեր-տուրքեր են վճարելու։

Վարչապետի կարծիքով՝ Ամուլսարի հանքի շահագործումը լրացուցիչ խթան կդառնա Հայաստանի տնտեսական աճի ու զարգացման համար։ Կառավարությունից դեռ գրեթե մեկ տարի առաջ հայտնել էին՝ այս ծրագրի շնորհիվ Հայաստանի ՀՆԱ-ն կավելանա մոտ մեկ տոկոսով։

«Հույս ունենք, որ իսկապես Ամուլսարի հանքը կլինի հանքարդյունաբերության ոլորտում նոր ստանդարտների ներդրման հարթակ ու իհարկե, կառավարությունն արդեն որպես բաժնետեր այս հարցում կլինի հետևողական», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Մինչդեռ հանքի դեմ պայքարող բնապահպանները տարիներ շարունակ պնդում են, թե հանքավայրի շահագործման դեպքում մեծ վնասներ է կրելու շրջակա միջավայրը, մասնավորապես ջրային համակարգը, այդ ամենից կտուժի նաև Ջերմուկ առողջարանային քաղաքը։ «Ամուլսարի պահապաններն» այսօր հայտարարել են, որ պայքարը կշարունակեն, բայց կոնկրետ քայլերից չեն խոսել:

«Ջերմուկ համայնքի բնակչությունը և նրանց մոտեցումը կիսող բազմաթիվ մարդիկ ամուր կանգնած են Ամուլսարի թիկունքին և զգուշացնում են, որ ցանկացած օժանդակում այդ ծրագրին արկածախնդրություն է և դատապարտված է ձախողման», - ասված է հայտարարությունում։

Այդ պնդումները, սակայն, «Լիդիան»-ից բազմիցս հերքել են՝ վստահեցնելով, թե պահպանելու են բնապահպանական ամենաբարձր չափանիշները։

«Մենք երեք տարի աշխատել ենք կառավարության և տարբեր պետական մարմինների հետ, որպեսզի բոլորը հասկանան, թե որքան լավ շահագործողներ ենք լինելու և որքան հարգանքով ենք վերաբերելու շրջակա միջավայրին», - ընդգծեց «Լիդիան»-ի տնօրենների խորհրդի անդամ Ջեֆֆրի Քոուչը։

«Լիդիան Արմենիա»-ից դեռ հստակ ժամկետներ չի նշում, թե երբ է սկսելու հանքավայրի շահագործումը։ Միայն հայտնում են, որ այս պահին ընթանում են նախապատրաստական աշխատանքներ։ Ակնկալվում է, որ առաջիկա ամիսներին շինարարությունը կմեկնարկի, իսկ դրա ավարտից հետո էլ՝ ոսկու հանքի շահագործումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG