Մատչելիության հղումներ

Ըստ մասնագետի` Ամուլսարի շահագործումը պատերազմից հետո ավելի վտանգավոր է. երկրաբանը համամիտ չէ


Մեծ է հավանականությունը, որ Ամուլսարի հանքը կբացվի, «Առաջին լրատվականին» տված հարցազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այդպիսի հավանականություն կա, և այո, կարող ենք ասել, որ մեծ է», - նշել է նա:

Փաշինյանը շեշտել է՝ իր կարծիքը նույնն է, ինչ մեկ տարի առաջ. «Ուզում եմ հիշեցնել, որ Ամուլսարի հետ կապված ես շատ կարևոր էի համարում անվտանգային կոմպոնենտը` ասելով, որ տեսեք՝ պատերազմական իրավիճակի մեջ ենք, և երբ պատերազմ սկսվի, տուրիստների հոսքը չի շարունակվելու մեր երկիր: Այդ ժամանակ մենք արժութային խնդիրների առաջ կարող ենք կանգնել: Եվ այդ իրավիճակում կոնկրետ հանքարդյունաբերությունն է, որ երկրի համար երաշխավորում է վալյուտային հոսքեր»:

«Լիդիանի» Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագիրը Հայաստանի ամենամեծ ու ամենաաղմկոտ ներդրումային ծրագիրն է։
Բնապահպաններն ու հարակից համայնքների բնակիչները պնդում են` հանքի շահագործումը աղտոտման մեծ ռիսկ է առաջացնելու առողջարանային գոտու ջրերի, օդի, հողի համար: Կառավարությունը սա ճշտելու համար 400 հազար դոլար ծախսեց, հրավիրեց միջազգային փորձագետների: «Էլարդի» թիմը ի վերջո եզրակացրեց, որ ելակետային տվյալները բավարար չեն հանքի շահագործման ռիսկերը գնահատելու համար: Այդպես էլ պարզ չդարձավ՝ Ամուլսարից ոսկի կորզելը տարածքի ջրերը, օդը, հողը աղտոտելու է ծանր մետաղներով, թե ոչ:

Ամուլսար տանող ճանապարհը դեռ 2018-ից Ջերմուկի բնակիչները փակ էին պահում՝ թույլ չտալով ընկերությանը շինարարություն սկսել: Պատերազմը բացել է հանք տանող ճանապարհը:

Էկոլոգիական իրավունքի մասնագետ Նազելի Վարդանյանն ասաց՝ հերթապահող տղաները մեկնել էին առաջնագիծ, «Լիդիանը» տնակները հեռացրել է, տարածքը` ցանկապատել: Ըստ Վարդանյանի՝ սա կապ չունի, հանքի շահագործման դեմ պայքարը շարունակվելու է. «Ժողովուրդն ըմբոստանալու է, շատ վճռական է: Ես մի շաբաթ առաջ եմ եղել Ջերմուկում, ջերմուկցիները դա չեն թողնելու, ու ոչ միայն ջերմուկցիները, ամբողջ հայ ժողովուրդը դա չի թողնելու»:

Ոչ մի պետական պաշտոնյայի որոշում չի կարող ազդել մեր դիրքորոշման վրա, հայտարարություն են տարածել «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամները։ Նազելի Վարդանյանը շետում է՝ այս պատերազմից հետո ի վնաս հանքի շահագործման շատ բան փոխվեց. սահմանը մոտեցել է սարին. «Եթե այն ժամանակ Նախիջևանի սահմանից Ամուլսարը գտնվում էր 25 կիլոմետրի վրա, իսկ Ադրբեջանի սահմանից ավելի հեռու, հիմա Ադրբեջանի սահմանը` Սյունիքի կողմից մոտեցել է, համարյա 5 կիլոմետրի վրա է գտնվում, պատկերացնո՞ւմ եք, որ 10 տարում մենք այնտեղ ունենալու ենք 100 հազար տոննա ցիանիտի հարթակ, որը անընդհատ լինելու է մեր թշնամու նշանակետում, և այդ վտանգը կախված է լինելու մեր ջրային ավազանի 80 տոկոսի վրա»:

Բացի սրանից, ըստ Վարդանյանի՝ պատերազմից հետո Սյունիքի ու Վայոց Ձորի անասունների հիմնական արոտը Ամուլսարի տարածքն է մնացել։

Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը հանքի շահագործմանը կողմ է՝ ռիսկերի վերահսկմամբ: Սահմանի մոտենալը խնդիր չէ, ասում է. «Ներկայիս զինատեսակներով, որոնք և մեր կողմն ունի, և մեր թշնամիներն ունեն, ես կարծում եմ` Հայաստանի ցանկացած կետ հասանելի է հիմա»:

Ցիանիդի հարթակի ուղղությամբ հնարավոր դիվերսիան ու ջրերի ծանր աղտոտումը գետերը այլ երկրներ կհասցնեն. ըստ գիտնականի` չլսված, չտեսնված սցենար է սա. «Ադրբեջանի բոլոր գետերը հիմնականում հոսում են Հայաստանից` Որոտանը, Արփան հետագայում գնում է Նախիջևան, լցվում է Արաքս, այդ ամբողջն էլի գնում է Ադրբեջան: Հիմա իրենք այնտեղ պետք է ինչ-որ դիվերսիա՞ կազմակերպեն, որ իրենք իրենց գետերը թունավորե՞ն»:

Մելիքսեթյանը համոզված է՝ մարդու ցանկացած գործողություն ընդհանրապես բնապահպանական ռիսկ է: Ամուլսարը, որտեղ ծանր մետաղներ են, առանց մարդու միջամտության էլ ռիսկային է համարում: Կարծում է՝ հենց այս հանքի շահագործումը պետք է օրինակելի դառնա մյուս՝ առանց կանոններից գործող հանքերի համար։

Նազելի Վարդանյանը վկայակոչում է Ավստրալիայի, Կանադայի, Ամերիկայի փորձագետներին. նրանք թթվային դրենաժի մասնագետներ են. «Եթե ջրերը աղտոտվեն, 500 տարի միլիարդներ օգտագործելով` այդ ջրերը չեն մաքրվելու»:

Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ տեսակետ չի հայտնում Շրջակա միջավայրի նախարարությունը: Այս տարեսկզբին նախարար Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել էր՝ որևէ դիտարկում չունի, քանի դեռ քրեական գործը չի հանգուցալուծվել։ Ամուլսարի վերաբերյալ քրեական 2 գործեր քննվում են Քննչական կոմիտեում, այստեղից գրավոր հարցում խնդրեցին, կպատասխանեն ավելի ուշ։

«Լիդիանը» նոր մեկնաբանություն չունի. մեկ շաբաթ առաջ տնօրենների խորհրդի անդամ Ջեֆֆրի Քոուչը 24news-ին տված հարցազրույցում ասել էր՝ ծրագրում են այս ամռանը սկսել շինարարությունը, 18 ամիս անց հանքը շահագործել։ Հաշվել են՝ 11 տարում Հայաստանին կմնա 1 միլիարդ դոլար։ Քոուչի տպավորությամբ` Կառավարությունը չի երկմտում, ընդառաջ է գնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG