Մատչելիության հղումներ

Ընդերքի մասին օրենքի փոփոխությունների նախագիծը՝ բնապահպանների ու քաղհասարակության բողոքի առիթ


Ամուլսարի հանքը, արխիվ

Ընդերքի մասին օրենքի մոտալուտ փոփոխությունները բնապահպանների ու քաղհասարակության շրջանում բողոքի ալիք են բարձրացրել. նրանք պնդում են՝ նախաձեռնությունը հակաժողովրդավարական է և միտված կոնկրետ հանքարդյունաբերական ընկերության շահերը պաշտպանելուն, իշխանությունները, մինչդեռ, հերքում են բոլոր մեղադրանքներն ու մտավախության առիթ չեն տեսնում։

Կառավարության հաստատած նախագծով ընդերքի մասին օրենքում նոր հոդված է ավելանում, ըստ որի՝ ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընկերությունները կարող են այդ իրավունքի ժամկետը երկարաձգել, եթե մի շարք հանգամանքներով պայմանավորված իրենց աշխատանքներն ու ստանձնած պարտավորությունները չեն կատարել։

Նախագծի համաձայն՝ այդ հանգամանքները, որոնք կառավարությունը անհաղթահարելի ուժ է անվանում, բնական աղետներից, հրդեհներից, պատերազմից զատ կարող են լինել նաև քաղաքացիական անհնազանդության ակցիաները՝ բողոքի ցույցերը։ Ըստ իշխանությունների, այս փոփոխությունների նպատակը բիզնեսի հետ գրագետ հարաբերություններ ունենալն է, մինչդեռ, ավելի քան 5 տասնյակ հասարակական կազմակերպություններ պնդում են՝ օրենսդրական նախաձեռնությունն առաջին հերթին առնչվում է Ամուլսարի ոսկու հանքը շահագործելու լիցենզիա ունեցող «Լիդիան Արմենիա»-ին։

Բնապահանական կազմակերպություններին նման պնդումն անելու առիթ տալիս է այն, որ նախագծով ընդերքօգտագործման իրավունքի երկարաձգման դրույթը հետադարձ ուժ է ունենալու՝ 4 տարի ժամկետով, այսինքն եթե աշխատանքները խոչընդոտող հանգամանքներն ի հայտ են եկել օրենքն ուժի մեջ մտնելուն նախորդող 4 տարիների ընթացքում, հանքարդյունաբերական ընկերությունները կկարողանան օգտվել այդ արտոնությունից, 4 տարվա ժամկետը համընկնում է հենց Ամուլսարի բողոքի ակցիաների հետ. հանքի շահագործման դեմ ցուցարարները 2018-ից երկու տարի շարունակ փակ էին պահում դեպի հանք տանող ճանապարհը:

«Բողոքի ակցիան նորմալ ժողովրդավարական միջոց է, որի միջոցով ժողովուրդն ուզում է իր ձայնը հասնի մինչև որոշում ընդունողներին», - ասաց բնապահպան Ինգա Զառաֆյանը:

Բնապահպան Զառաֆյանը այս նախագիծը հետ կանչել պահանջող ավելի քան 50 հասարակական կազմակերպություններից մեկի՝ «Էկոլուրի» նախագահն է, շեշտում է՝ բողոքի ակցիաների պատճառով ընկերություններին այսպիսի արտոնություն տալը ժողովրդավարական արժեքներին չի համապատասխանում:

«Անհաղթահարելի ուժի ցանկում, օրինակ, գրված է՝ պատերազմ, աղետներ, ահաբեկչություն, ու կողքը գրված է՝ բողոքի ակցիաներ, սա անհամեմատելի բան է, որը մեր ժողովրդական երկրի համար ուղղակի անընդունելի է», - ընդգծեց նա:

Կառավարությունը նախագծի հիմնավորումներում ընդգծում է՝ ընդերքօգտագործողի պարտավորությունների իրականացման ժամկետները հստակ են, իսկ դրանց չպահպանումը հանգեցնում է բացասական հետևանքների՝ ընդհուպ լիցենզիայի դադարեցման, իսկ առկա կարգավորումներով հնարավոր չէ աշխատանքն անհնարին դարձնող հանգամանքների ժամկետով երկարաձգել ընդերքօգտագործման իրավունքը։

Այս նախագիծը մշակել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: Փոխնախարար Հովհաննես Հարությունյանն «Ազատության» հետ զրույցում հերքեց մտահոգությունները, թե այս փոփոխությունները հատուկ «Լիդիան Արմենիա»-ի համար են արվում. «Կառավարությունը չի կարող միայն մեկ կազմակերպության համար ինչ-որ օրենսդրական փոփոխության գնալ»:

Փոխնախարարի խոսքով՝ այսպիսի իրավակարգավորման անհրաժեշտությունը նաև 44-օրյա պատերազմն է ցույց տվել, երբ բազմաթիվ հանքարդյունաբերող ընկերությունների տեխնիկան պետությունն էր օգտագործում, ինչի պատճառով այդ կազմակերպությունները չէին գործում, սակայն վերջիններին փոխհատուցում տալու որևէ մեխանիզմ չկար:

«Պետությունը, այո, մի գործիքը կիրառելիս պետք է նաև դրան այսպես ասած փոխհատուցող գործիք ունենա, որպեսզի այդ բիզնեսը չտուժի պետության մեջ իրականացվող տարբեր գործընթացներից», - ասաց Հարությունյանը:

Եթե խորհրդարանը կողմ քվեարկի այս օրենսդրական նախաձեռնությանը, կկարողանա՞ արդյոք «Լիդիան Արմենիա»-ն դիմել կառավարությանը այս արտոնությունից օգտվելու համար: Փոխնախարար Հովհաննես Հարությունյանն ասում է՝ հարց է, թե հայաստանյան որ կազմակերպությունները կմտնեն այս կարգավորման շրջանակում, դեռ պետք է ապացուցել, որ ֆորս մաժորն ազդել է ընկերության գործունեության վրա։

«Նախ այս փաթեթը պետք է գնա Ազգային ժողով իր ընթացակարգով, դեռևս պետք է լինեն առաջին ընթերցում, երկրորդ ընթերցում, այդ ընթացքում միգուցե տարբեր կարգավորումներ կա՛մ դուրս հանվեն, կա՛մ ավելանան, և վերջնական օրենքի պատկերը մենք կունենանք ընդունելուց հետո», - ընդգծեց Հովհաննես Հարությունյանը:

«Լիդիան Արմենիա»-ից հրաժարվեցին այս հարցի շուրջ մեկնաբանություն տալ։ Այս ընկերությունը ընդերքօգտագործման իրավունք է ստացել 2012 թվականին, որն ուժի մեջ է մինչև 2036-ը։ Անցած տարի վարչապետ Փաշինյանը հայտարարեց՝ հանքը բացելու հավանականությունը մեծ է. կառավարության հնգամյա ծրագրից տեղեկանում ենք՝ իշխանությունները մտադիր են առաջիկա տարիներին Ամուլսարի հարցը հանգուցալուծման հասցնել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG