Մատչելիության հղումներ

«Գոյ»-ը դեռ չի լուծարվել ու չի միավորվել «Սունդուկյան»-ին. պնդում են թատրոնից


«Գոյ»-ը դեռ չի լուծարվել ու չի միավորվել «Սունդուկյան»-ին, պնդում են թատրոնից՝ հայտարարելով, թե լուծարելու իրավական գործընթաց տեղի չի ունեցել։ «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանը շեշտում է՝ այդ մասին անգամ պետռիգիստրում որևէ նշում չկա։

«Այն ժամանակ, երբ կդադարի ՊՈԱԿ-ը պետական գրանցում ունենալուց, այն ժամանակ կհամարվի միացած «Սունդուկյան» թատրոնին, բայց այսօր մեր ՊՈԱԿ-ը կա, պետռեգիստրում գրանցված է, ընդունում-հանձնում չի եղել, չգիտեմ՝ ինչն են ասում՝ միացել է», - «Ազատությանն» ասաց նա։

Թատրոնի ներկայացուցիչները քաղաքական ենթատեքստ են տեսնում «Գոյ»-ը միավորելու գործընթացում, ասածը հիմնավորում, թե քաղաքական, քննադատական թեմատիկայով խաղացանկն է պատճառը։ Նախարարությունից բանավոր հրաժարվեցին արձագանքել թատրոնի ներկայացուցիչների պնդումներին, հորդորեցին գրավոր հարցում ուղարկել։

Մինչ այդ այսօր «Գոյ»-ի լուծարմանն Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանին նախարարն էր անդրադարձել։ Ժաննա Անդրեասյանը պնդում է՝ մայր թատրոնին միավորվելով «Գոյ»-ի համար նոր հնարավորություններ են ստեղծվում, օրինակ՝ ստեղծագործական խումբը կարող է «Սունդուկյան»-ի բեմից օգտվել։

«Որևէ բան տեղի չի ունենում «Գոյ» թատրոնի հետ՝ որպես ստեղծագործական միավոր։ Մենք խոսում ենք երկու ՊՈԱԿ-ների միավորման գործընթացի մասին, որոնք գործում էին մեկ շենքում։ Հիշեցնեմ, որ նույնիսկ «Սունդուկյան» թատրոնի կողմից էր վճարվում «Գոյ»-ի կոմունալները, և այդ իմաստով նաև ամբողջապես անկախ և ամբողջապես ինքնավար իրավիճակ չկա։ Այս պահին ունենալու ենք մեկ միասնական ՊՈԱԿ, որի ներքո գործելու է նաև «Գոյ» թատրոնը՝ որպես առանձին ստեղծագործական միավոր», - ասաց նախարարը։

Ավելին՝ Անդրեասյանն ասում է, թե «Գոյ»-ի խաղացանկին էլ որևէ բան չի սպառնում. - «Իրենք են որոշում իրենց խաղացանկը, և դա որոշում է հանդիսատեսը՝ կամ գալով դիտելու այդ ներկայացումները, կամ չգալով, և քանի որ ֆինանսավորման նոր մոդելով մեզ համար կարևոր է նաև, որ այդ ներկայացումներն ունենան հնարավորինս շատ հանդիսատես, ապա կարծում եմ, որ իրենք պիտի նայեն իրենց խաղացանկին և հասկանան՝ որն է որ իրենց հանդիսատես է բերում, և որտեղ ունեն խնդիր։ Դա պիտի լինի իրենց որոշումը, իրենց գեղարվեստական-ստեղծագործական քաղաքականությունը, և խաղացանկի հետ կապված նախարարությունն ընդհանրապես որևէ որոշումներ չի կայացնում որևէ թատրոնում»։

Մինչդեռ թատրոնում մտավախություններ ունեն, որ այս ամենից նաև իրենց խաղացանկն է տուժելու։ «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանն ասում է՝ որևէ երաշխիք չունեն, որ իրենց խաղացանկը չի կարող փոխվել նախարարության կամ հենց «Սունդուկյան» թատրոնի ղեկավարության միջամտությամբ։

«Նախարարության միջամտություն կլինի, թե «Սունդուկյան» թատրոնի ղեկավարության կողմից կլինի, տրամաբանական է, որ կլինի, հիմա մենք ուզում ենք այսպիսի բանա նել, գուցեև «Սունդուկյան» թատրոնի տնօրենը նպատակահարմար չգտնի այդ ներկայացումը, որովհետև ինքը կարծում է, որ չի կարողանալու այդ ներկայացման տոմսերը վաճառել։ Նայեք, պարզ տրամաբանական բան եմ ասում՝ մի արեք այդպիսի ներկայացում, այսինքն՝ մենք ինչքան էլ ուզենք, որոշենք մեր խաղացանկը, տրամաբանական և կառավարման, իրենց բառերից ասեմ, մեթոդից ելնելով՝ ինքը նպատակահարմար կամ շահեկան չի գտնի մեր ներկայացումը, որպեսզի դա շահութաբեր չի լինի թատրոնի համար», - ասաց Սարգիս Արզումանյանը։

Կառավարության որոշումն անվավեր ճանաչելու պահանջով «Գոյ»-ը դեռ ամռանը դատարան էր դիմել, սակայն վճիռ դեռ չկա։ Այդ ընթացքում նախարարությունն ամիսներ առաջ նոր դիմում էր ներկայացրել թատրոնին՝ նորից պահանջելով ստորագրել «Գոյ»-ը մայր թատրոնի հետ միավորելու վերաբերյալ պայմանագիրը։ Թատրոնի ղեկավարությունն այդ փաստաթուղթը չէր ստորագրում, սպասում էր դատական գործընթացին։ Փաստաթուղը, սակայն, երկու օր առաջ ստորագրեց նախարարության կողմից նշանակված նոր տնօրենը։







XS
SM
MD
LG