Մատչելիության հղումներ

ԿԳՄՍ նախարարությունը «Գոյ»-ի դեմ «առավել կոշտ քայլերի է դիմում»


35 տարվա ստեղծագործական կյանք ունեցող «Գոյ» թատրոնը հնարավորիս արագ լուծարելու մտքից Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ոչ միայն չի հրաժարվել, այլև, թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանի պնդմամբ, առավել կոշտ քայլերի է դիմել. Ամանորից ժամեր առաջ «Գոյ»-ի տնօրենի պաշտոնակատարին՝ Սարգիս Չոլոյանին, առանց նախապես զգուշացնելու նախարարությունն ազատել է աշխատանքից և մի քանի ժամ անց տնօրենի ժամանակավոր նոր պաշտոնակատար նշանակել Կարեն Սիմոնյանին։

«Էդ քաղաքացին մասնագիտությամբ դերասան է, և եթե չի եկել ստորագրելու փակման մասին ռեզոլյուցիան՝ դառնալու Հուդա, ապա ինչի՞ է եկել», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Սահակյանը:

«Էնտեղ ունենանք մարդ, ով որ ավարտին կհասցնի գործընթացը». - ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տարեվերջին ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտնել էր, թե պաշտոնակատարը փոխարինվել է, քանի որ չի իրականացրել Կառավարության պահանջը։

«Գոյ»-ը, իր հերթին, դեռ ամռանը վարչական դատարան էր դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել Կառավարության որոշումը, որի համաձայն՝ թատրոնը պետք է լուծարվեր և միանար Սունդուկյանի անվան Ակադեմիական թատրոնին։ Վարչական դատարանից գործը հիմա քաղաքացիական է տեղափոխվել։ Չնայած դեռ դատարանի որոշում չկա, այդուհանդերձ, նախարարությունը ամիսներ առաջ նոր դիմում էր ներկայացրել թատրոնին՝ նորից պահանջելով ստորագրել «Գոյ»-ը Մայր թատրոնի կազմում ընդգրկելու վերաբերյալ պայմանագիրը։ Թատրոնի ղեկավարությունն այդ փաստաթուղթը չի ստորագրել։

Ղեկավարներից Սարգիս Արզումանյանը պնդում է՝ Կառավարության այս շտապողականությունն առնվազն իրավաչափ չէ. - «Որը որ պետք է ստորագրվեր հետին թվով: Ճիշտ է՝ վերջերս նախարարը ասաց՝ տարրական իրավաբանական գիտելիքներ չունեք, դա հետին թիվ չի, ես կարող եմ փաստաթուղթը ցույց տալ, որտեղ նշված է էդ ամիս-ամսաթիվը: Մենք վստահ ենք, որ կլինի արդարադատություն, և քաղաքացիական դատավորը՝ Գայանե Մազմանյանը դա հետ կուղարկի վարչական դատարան», - նշեց Արթուր Սահակյանը:

Նախարար Ժաննա Անդրեասյանն իր ասուլիսում չէր ցանկացել իրավական թեմայով քննարկումների մեջ մտնել, պնդելով՝ անում է այն, ինչ կարելի է։

«Հիմա մենք ձեր հետ սկսենք քննարկել դատաիրավական պրոցեսը, որի իրավունքը, որ անկեղծ ասեմ, կարծում եմ՝ ես, օրինակ, չունեմ որպես պաշտոնատար անձ: Մենք ընդունում ենք ի գիտություն էն գործընթացը, որը իրականացվում է դատարանի կողմից», - հայտարարեց նախարարը:

«Մենք իրավական առումով այս պահին իրականացնում ենք էն գործընթացը, որը ամբողջությամբ կարելի է իրականացնել էդ գործի քննության ընթացքում», - հավելեց Անդրեասյանը:

«Իրենք չեն կարող իրենց արածը չանել: Հիմա պատկերացնում ե՞ք՝ իրենք պարտվեն մեզ, էդ իրենք չեն պատկերացնում: Հասկանում ե՞ք՝ սա հացի փուռ չի, սա կազինո չի, էստեղ ստեղծագործական, ստեղծագործություն է ձևավորվում», - շեշտում է «Գոյ»-ի գեղարվեստական ղեկավարը:

Տնօրենի նոր պաշտոնակատար Կարեն Սիմոնյանին թատրոնում տեսել են մեկ անգամ՝ կարճ այցով, տարեվերջին, որ աշխատողները մինչև Նոր տարի աշխատավարձ հասցնեն ստանալ։

«Ազատության» հետ զրույցում այսօր Սիմոնյանն ասաց՝ ինքն էլ չի շտապում ստորագրել թատրոնների միավորման փաստաթուղթը. - «Մի քանի օր պետք է ես անձնակազմի հետ հանդիպեմ, թե իրավաբանի հետ հանդիպեմ, պետք է խորը հասկանամ, նոր ես շարունակեմ անելիքս»:

Փաստաթուղթը հրատապ ստորագրելու հնարավորության առնչությամբ նա վստահեցրեց. - «Չէ, միանշանակ չկա էդպիսի, ես իրենց էլ եմ ասել՝ էդպիսի բան չկա: Պարզապես ես մինչև նշանակվելը չէի կարող խորապես իմանալ էդ ամեն ինչը, պետք է ներսում լինեի, որ հասկանայի, ասենք, հասանելի լիներ ինձ թղթերը և այլն ինֆորմացիան»:

Նախարարությունն ավելի վաղ բացատրել էր, որ թատրոնի լուծարման մտադրությունը բարի նպատակ ունի. հիմնավորում էին, որ միավորումը ֆինանսական, կառավարման խնդիրներ կլուծի։ «Տարին փակել ենք պլյուսով», - այսօր հակադարձում էին թատրոնից:

«Էս տարի մենք պրոբլեմ չունենք ֆինանսական՝ գերակատարել ենք, կատարել ենք, չենք թերակատարել: Ոչ ոքի դա չի հետաքրքրում՝ վերջ, որոշումը ընդունված է, դուք ո՞վ եք», - նշեց «Գոյ»-ի գեղարվեստական ղեկավարը:

Ի դեպ, «Գոյ»-ի շուրջ մեկ տարի շարունակվող աղմուկի ֆոնին թատրոնում ավելի քան ութ տասնյակ ներկայացում են խաղացել, դրանցից և ոչ մեկին, չնայած հրավերին, ներկա չի եղել նախարար Ժաննա Անդրեասյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG