Մատչելիության հղումներ

Կառավարությունը լուծարեց «Գոյ»-ը. թատրոնի անձնակազմը բողոքում է


Չնայած թատրոնի մեկ տարվա պայքարին՝ կառավարությունը լուծարեց «Գոյ»-ը։

Կարեն Սիմոնյանը, արխիվ
Կարեն Սիմոնյանը, արխիվ

Մշակույթի նախարարությունում այսօր նիստ էր՝ 35 տարի գործող «Գոյ»-ը Մայր թատրոնին միավորելու հարցով։ Այս գործընթացը տևական ժամանակ տեղի չէր ունենում մեկ ստորագրության բացակայության պատճառով։ Տարեվերջին, սակայն, նախարարությունն այդ հարցը լուծեց. մի քանի ժամում տնօրեն փոխեց՝ առանց զգուշացման աշխատանքից ազատված Սարգիս Չոլոյանին փոխարինեց դերասան Կարեն Սիմոնյանը։

Այսօր առավոտից «Գոյ»-ի անձնակազմն այս որոշման դեմ բողոքում էր նախարարության շենքի մոտ։

«Նշանակված է, որպեսզի իրականացնի նախարարության հրամանը, այն է՝ ստորագրել մեր և «Սունդուկյան»-ի միաձուլման որոշման տամ, որին ողջ թատրոնը, տեսնում եք, դեմ է։ Մեր պահանջը մեկն է՝ մեր տունը չքանդել, մեր աշխատելու իրավունքը մեր ձեռքից չխլել, մեր ազատությունը մեր ձեռքից չխլել», - ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանը, որ արդեն տևական ժամանակ քաղաքական ենթատեքստ է տեսնում այս միավորման տակ՝ նկատի ունենալով իրենց քաղաքական, քննադատական թեմատիկայով խաղացանկը։

Նախարար Ժաննա Անդրեասյանը հերքում է այս պնդումները՝ հայտարարելով, թե միավորման նպատակը բարի է՝ ֆինանսական, կառավարման խնդիրներ են լուծում. - «Գնում ենք մշակութային հաստատությունների ինքնավարության մեծացման, և իրենք իրենց խաղացանկը, իրենց ներկայացումներն ազատ են պահպանելու և դա խաղալու «Սունդուկյան» թատրոնի բեմերում»։

Մինչդեռ դերասանները թվարկում են՝ ավելի քան ութ տասնյակ ներկայացում են խաղացել տարվա ընթացքում, տարին փակել են պլյուսով։ Վրդովված էին՝ ինչպես կարելի է կայացած թատրոնը խմբակի վերածել։

«Վերամիավորման արդյունքում չկան այն երաշխիքները, որ երկու ամիս կամ երեք տարի հետո ուրիշ անակնկալներ չեն լինելու», - նշեց դերասաններից Արսեն Ազիզյանը։

«Այդպիսի ստատուսը վերցնել սարքել թատերական խմբակ ի՞նչ է նշանակում, որակազրկում եք, ի՞նչ գիտեք, որն է որակը, որտե՞ղ եք որակի մասին որևիցե բան ունեցել, ասել՝ սա արեք՝ լավն է, սա մի արեք՝ վատն է, այդպիսի նախադեպ եղե՞լ է Կրթության, գիտության հենց միջնորդությամբ։ Չի եղել չէ՞, հիմա իրավունք ունե՞ն այսպիսի բան անելու մեզ հետ», - հարցնում է դերասանուհի Մարինե Պետրոսյանը։

«Գոյամարտին» այսօր միացել էին նաև դերասանուհի Նորա Արմանին, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր Գագիկ Գինոսյանը։ Արվեստի մարդկանց խոսքը հիմնականում մի կետի շուրջ էր՝ քաղաքակիրթ ու ժողովրդավար երկրներում թատրոններ չեն փակվում։

«Մարդիկ վախենում են, որովհետև թատրոնը շատ ուժեղ ազդակ է, որովհետև թատրոնը միակ տեղն է, որտեղ մարդ արարածն իր մտքերով, իր գոյությամբ, իր ամեն ինչով կարողանում է անմիջական հաղորդակցություն ստեղծել ժողովրդի հետ և այդ ժողովրդի կյանքում ինչ-որ բան փոխել», - նկատեց Նորա Արմանին։

«Մեր նման երկրում, մեր նման խնդիրներ ունեցող և ծնկի եկած երկրում ավելի քան մշակույթը գաղափարական պիտի լինի, և մշակույթը պիտի կրի ազգային գաղափարախոսություն, առավել ևս երբ որ պետությունն այդ բացն ավելի քան ունի», - հավելեց Գագիկ Գինոսյանը։

«Գոյ»-ն ամռանը Վարչական դատարան էր դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել Կառավարության որոշումը։ Վարչական դատարանից գործը քաղաքացիական է տեղափոխվել։ Չնայած դեռ դատարանի որոշում չկա, այդուհանդերձ նախարարությունն ամիսներ առաջ նոր դիմում էր ներկայացրել թատրոնին՝ նորից պահանջելով ստորագրել «Գոյ»-ը Մայր թատրոնի կազմում ընդգրկելու վերաբերյալ պայմանագիրը։ Թատրոնի ղեկավարությունն այդ փաստաթուղթը չէր ստորագրում, սպասում էր դատական գործընթացին։

Այսօր, սակայն, ևս մեկ անակնկալի բախվեցին։ Տնօրենի նորանշանակ պաշտոնակատարը լուծարեց փաստաբան Կարո Ասատրյանի հետ պայմանագիրը։

Ի դեպ, տասը օր առաջ «Ազատության» հետ զրույցում թատրոնի նորանշանակ պաշտոնակատար Կարեն Սիմոնյանն ասել էր, թե ինքը չի շտապում ստորագրել միավորման փաստաթուղթը, պետք է անձնակազմի հետ հանդիպի, խնդիրը խորությամբ հասկանա, նոր որոշի. - «Չէ, միանշանակ չկա այդպիսի բան, ես իրենց էլ եմ ասել, պարզապես ես մինչև նշանակվելը չէի կարող խորապես իմանալ այդ ամեն ինչը։ Պետք է ներսում լինեի, որ հասկանայի, հասանելի լինեին ինձ թղթերը, ինֆորմացիան»։

Այսօր Սիմոնյանը խոսել չցանկացավ՝ հորդորելով սպասել ասուլիսին։

«Նա պարզապես սուտ է ասել ձեզ, ինչպես նաև մեզ։ Ինչ է ինքը ուսումնասիրել, թե չէ, ես չգիտեմ։ Ես գիտեմ՝ եթե ինքը ստորագրելու չլիներ, նա չէր գա», - պնդեց թատրոնի գեղարվեստական ղեկավարը։

XS
SM
MD
LG