ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը դեռ հիվանդանոցում է, վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ, հայտնել է Պենտագոնի խոսնակ, գեներալ Փեթ Ռայդերը։
Նա ասել է, որ Օսթինը շարունակում է վերականգնվել, միևնույն ժամանակ վերահսկում է պաշտպանության նախարարության գործունեությունն ամբողջ աշխարհում։
Պենտագոնը Օսթինի հիվանդանոցում գտնվելու տեղեկությունը պաշտոնապես հաղորդեց դեպքից չորս օր անց՝ հունվարի 5-ին՝ առանց պատճառները նշելու։
Միայն ասվում էր, որ Պենտագոնի ղեկավարի տեղափոխումը հունվարի 1-ին կլինիկա անհրաժեշտ է եղել՝ «դեկտեմբերին սովորական բժշկական միջամտությունից առաջացած բարդությունների պատճառով»։
Bloomberg-ը, վկայակոչելով իր աղբյուրները, գրել էր, որ նախագահ Ջո Բայդենը և Կոնգրեսը չորս օր տեղյակ չեն եղել Օսթինի հոսպիտալացման մասին։
Պենտագոնի լիազորված թղթակիցների ասոցիացիան քննադատել էր Պաշտպանության նախարարությանը՝ Օսթինի առողջական խնդրի մասին տեղեկությունը ժամանակին չհրապարակելու համար՝ ասելով, որ հասարակությունն իրավունք ունի իմանալու, որ կառավարության անդամը հիվանդանոցում է, և որ նրա պարտականությունները փոխանցվել են մեկ ուրիշին: Ինքը՝ Լլոյդ Օսթինը, ընդունել է քննադատությունը։
Օսթինի հոսպիտալացման մասին Սպիտակ տունը տեղեկացել է հունվարի 4-ին, իսկ Կոնգրեսը հունվարի 5-ին։ Պենտագոնի խոսնակն ասել է, որ Պաշտպանության նախարարությունն արդեն աշխատում է Սպիտակ տանն ու Կոնգրեսին տեղեկացնելու ընթացակարգերը բարելավելու ուղղությամբ։