Ռուսաստանը միայն Ադրբեջանի հետ է քննարկում Ղարաբաղում խաղաղապահների ներկայությունը: РИА "Новости" լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։
Նա հիշեցրել է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը Ղարաբաղում տեղակայվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն։ Այն չի չեղարկվել, ուստի խաղաղապահները կմնան մինչև 2025 թվականի նոյեմբերը՝ ժամկետի հետագա երկարաձգման հնարավորությամբ։
Դիվանագետը հավելել է, թե իրավիճակն արմատապես փոխվել է այն բանից հետո, երբ Հայաստանը 2022 թվականի հոկտեմբերին Պրահայի հռչակագրով Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի կազմում:
Այս տարվա սեպտեմբերի 19-20-ին Արցախի վրա ադրբեջանական բանակի հարձակումից անմիջապես հետո Արցախը հայաթափվեց։ Ավելի քան 100 հազար մարդ ստիպված տեղափոխվեցին Հայաստան՝ լքելով իրենց տներն ու պապենական հողերը։