98-տարեկանում Փարիզի իր տանը մահացել է Եվրահանձնաժողովի նախկին նախագահ, եվրոյի ստեղծող Ժակ Դելորը, հաղորդում է France 24-ը՝ նշելով, որ այդ մասին չորեքշաբթի AFP-ին ասել է Դելորի դուստրը՝ Մարտին Օբրին։
Սոցիալիստ Ժակ Դելորը 1981-1984 թվականներին նախագահ Ֆրանսուա Միտերանի կառավարությունում զբաղեցրել է ֆինանսների նախարարի պաշտոնը։
Նա ունենալով մեծ առավելություն իր մրցակիցների նկատմամբ այնուամենայնիվ 1995-ի հրաժարվել է մասնակցել նախագահական ընտրություններին, գրում է France 24-ը։
«Ես չափազանց մեծ ցանկություն ունեի մնալ անկախ», - ավելի ուշ խոստովանել է Դելորը․ - «Եվ ես չեմ ափսոսում դրա համար, բայց չեմ էլ ասում, որ ճիշտ էի»։
1985-ից 1995 թվականներին նա եղել է Եվրահանձնաժողովի նախագահը։ Այս շրջանում է ավարտվել միասնական շուկայական տարածքի ստեղծումը, կնքվել Շենգենյան համաձայնագրերը, ընդունվել «Էրազմուս» ուսանողների փոխանակման ծրագիրը, ստեղծվել միասնական եվրոպական արժույթը՝ եվրոն։
«Ֆրանսիական ճակատագրով պետական գործիչ, Եվրոպայի անսպառ վարպետ, մարդային արդարության համար անվերջ պայքարող, ահա թե ով է Ժակ Դելորը», - X-ի իր էջում այսպես է բնութագրել Ժակ Դելորին՝ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը՝ նշելով՝ «նրա նվիրվածությունը, իդեալները և արդարությունը միշտ կոգեշնչեն մեզ»:
«Ողջունում եմ նրա գործն ու հիշատակը, կիսում սիրելիների ցավը», - գրել է Մակրոնը։