Լյուքսեմբուրգում տեղակայված Եվրոպական արդարադատության դատարանն ուժի մեջ է թողել ռուսաստանցի մեծահարուստ գործարար Ռոման Աբրամովիչի նկատմամբ Եվրոպական միության սահմանած պատժամիջոցները: Այդ մասին հաղորդել է Reuters լրատվական գործակալությունը:
«Գլխավոր դատարանը մերժում է պարոն Աբրամովիչի հայցը՝ դրանով իսկ ուժի մեջ թողնելով նրա նկատմամբ կիրառված սահմանափակող միջոցները», - նշվում է դատարանի վճռում:
2022 թվականի մայիսին Աբրամովիչը՝ բողոքարկելով իր նկատմամբ Եվրամիության խորհրդի սահմանած պատժամիջոցները, հայց է ներկայացրել Լյուքսեմբուրգի Արդարադատության եվրոպական դատարան:
ԵՄ խորհուրդը պատժամիջոցների ցանկում Ռոման Աբրամովիչի և Կրեմլի հետ սերտ կապեր ունեցող ռուսաստանցի մի շարք այլ մեծահարուստների անունները ներառել է 2022 թվականի փետրվարի 24-ին Ուկրաինայի վրա Ռուսաստանի սկսած ռազմական հարձակման կապակցությամբ: