Իրանի պաշտոնական IRNA լրատվական գործակալությունը հաղորդում է, որ երկրի հարավարևելյան Սիստան-Բալուջիստան նահանգում երեկ Իսրայելի հետախուզական ծառայության՝ «Մոսադ»-ի ենթադրյալ գործակալ է մահապատժի ենթարկվել:
Առանց հրապարակելու տվյալ անձի ինքնությունը՝ IRNA-ն պնդում է, որ նա «հաղորդակցվել է օտարերկրյա ծառայությունների, ներառյալ՝ «Մոսադ»-ի հետ, հավաքել է գաղտնի տեղեկատվություն և հանցակիցների մասնակցությամբ փաստաթղթեր է փոխանցել օտարերկրյա ծառայություններին, այդ թվում՝ «Մոսադ»-ին»:
Իրանի պաշտոնյաները հաճախ են մեղադրում արտաքին ուժերին երկրի ներքին գործերին խառնվելու մեջ, և համապատասխան դատավարությունները հաճախ փակ են տեղի ունենում:
Մեկ օր առաջ Սիստան-Բալուջիստանի ոստիկանությունը հաղորդել էր, որ 11 ոստիկան է սպանվել ոստիկանատան վրա «ահաբեկչական» հարձակման հետևանքով: