Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ-ը ապացուցել է մի քանի դրվագով, որ հանցավոր անգործություն է իրականացրել ՀՀ-ի դեմ. ԱԺ նախագահ


Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ԱՊՀ-ի հետ Երևանը պետք է շարունակի համագործակցությունը։

«ԱՊՀ-ի մասով մենք կարող է և պետք է ակտիվ լինենք, որովհետև դա նաև համագործակցության մի հարթակ է, որը որ մեր պետությանը օգուտ է տալիս, ինչպես նաև տնտեսական՝ ԵԱՏՄ-ի հետ կապված, մենք մի տնտեսական գոտում ենք, և մեր տնտեսությունը բավականին փոխկապված է այդ տնտեսության հետ», - «Ազատության» հարցին ի պատասխան ասաց նա։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, խորհրդարանի խոսնակն ընդգծեց հակառակը՝ ՀԱՊԿ-ը ապացուցել է մի քանի դրվագով, որ «հանցավոր անգործություն է իրականացրել Հայաստանի Հանրապետության դեմ»։

«Մենք չէինք մտածում, որ ՀԱՊԿ զինծառայողները գալու էին և կրակեին ադրբեջանցիների վրա, բայց առնվազն քաղաքական գնահատական մենք գոնե պետք է տեսնեինք, և մենք դա չտեսանք», - նշեց նա։

«Մենք միայն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքն ենք պաշտպանում և հետապնդում ենք միայն Հայաստանի Հանրապետության շահը, եթե Հայաստանի Հանրապետության շահից բխի որևիցե շրջադարձ անել, այդ շրջադարձը կարվի, և եթե նման որոշում կայացվի, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը դրա մասին կիմանա», - հայտարարեց նա՝ հավելելով, թե այս պահին որևիցե ձևով չեն տորպեդահարվում այդ կառույցները։

«Բայց միևնույն ժամանակ, ներողություն եմ խնդրում, այն քայլերից, անգործությունից հետո, որը որ մեր գործընկերները ցուցադրեցին և, իմ գնահատմամբ, շարունակում են ցուցադրել՝ հետապնդելով նաև իրենք իրենց շահերը, մեզ թույլ է տալիս նույնպես հետապնդել մեր շահերը»։

Վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերությունների լարվածության ֆոնին՝ հայ պաշտոնյաները չեն մասնակցում Ռուսաստանի գլխավորած կառույցների տարբեր նիստերի ու հանդիպումների։

Հայաստանի վարչապետի գրասենյակը դեռ չի պարզաբանել՝ ԱՊՀ ղեկավարների տարեվերջյան հավաքին կմասնակցի, թե չէ։

XS
SM
MD
LG