Մատչելիության հղումներ

Հայաստանը եղել և մնում է կազմակերպության դաշնակիցը․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար


Հայաստանը եղել և մնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դաշնակիցը, ըստ ՏԱՍՍ-ի, Մինսկում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը՝ շեշտելով՝ նստաշրջանին Երևանի բացակայությունից կտրուկ եզրակացություններ անելն անիմաստ է։

«Իմ կարծիքով, այս իրավիճակից կատեգորիկ եզրակացություններ անելն անիմաստ է, Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը, սրանով ամեն ինչ ասված է»,- հայտարարել է Տասմագամբետովը։

Ընդգծելով, որ ՀԱՊԿ քարտուղարության տեղեկություններով՝ հայկական պատվիրակության բացակայության պատճառները տեխնիկական բնույթի են, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ասել է․ - «Ամեն դեպքում սա անկախ և ինքնիշխան պետության որոշումն է, որի վրա որևէ այլ պետություն կամ կազմակերպություն չի կարող ազդել։ ՀԱՊԿ-ը հարգում է Հայաստանի Հանրապետության որոշումը՝ որպես կազմակերպության լիիրավ անդամ»։

Նոյեմբերի 23-ին Մինսկում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովը տեղի ունեցավ ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների լարվածության ֆոնին։

Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ մեղադրել էր ՀԱՊԿ-ին 2021 թվականի մայիսին և 2022 թվականի սեպտեմբերին Բաքվի հետ բախումների ժամանակ Երևանին օգնություն չցուցաբերելու համար։ Այս ֆոնին Երևանը ՀԱՊԿ-ին խնդրել էր օրակարգից հանել երկրին օգնության հարցը, իսկ Փաշինյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին տեղեկացրել էր, որ մտադիր չէ գնալ Մինսկ։

Գագաթնաժողովից առաջ ՀԱՊԿ միջոցառումներին չեն ներկայացել նաև Հայաստանի ԱԳՆ և ՊՆ ղեկավարներն ու ԱԽ քարտուղարը:

Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ տեղեկացրել է, որ չի մասնակցի դեկտեմբերին կայանալիք ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստին։

XS
SM
MD
LG