Մատչելիության հղումներ

Արդյո՞ք Հայաստանը կմիանա ՀԱՊԿ միասնական ՀՕՊ համակարգին


Արդյո՞ք Հայաստանը կմիանա ՀԱՊԿ միասնական Հակաօդային պաշտպանության համակարգին (ՀՕՊ), Արտգործնախարարությունից հարցը թողել են անպատասխան:

Այն, որ ՀԱՊԿ միասնական ՀՕՊ համակարգ է ստեղծվելու, հայտնի դարձավ ՀԱՊԿ վերջին հավաքի ժամանակ, որին Հայաստանը չմասնակցեց:

Հարցը քննարկվելու է նաև դեկտեմբերի 19 - ին ՀԱՊԿ-ի խորհրդարանական վեհաժողովին, որը ևս Երևանը բոյկոտում է։ Ռուսաստանի արտգործնախարարությունից, մինչդեռ, պնդում են, որ «Հայկական պատվիրակության բացակայությունը չի ազդի ՀՕՊ միասնական համակարգ ստեղծելու որոշման վրա»:

Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն էլ ասել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների հակաօդային պաշտպանության միասնական համակարգը իրականում փաստացի արդեն գործում է, քանի որ յուրաքանչյուր պետության հետ կան համապատասխան երկկողմ պայմանագրեր, իսկ ՀԱՊԿ - ի դեպքում մնում է միայն դա փաստաթղթավորելը:

Ռազմական փորձագետը ևս կարծում է՝ ՀԱՊԿ ՀՕՊ համակարգի ստեղծումը որևէ նոր բան չի ենթադրում

Ռազմական փորձագետ Լեոնարդ Ներսիսյանը ևս կարծում է, որ ՀԱՊԿ ՀՕՊ համակարգի ստեղծումը որևէ նոր բան չի ենթադրում, Հայաստանն ու Ռուսաստանն արդեն երկկողմ համաձայնագրով որոշ համագործակցություն ունեն:

«Եթե մենք խոսում ենք ռեալ համագործակցությունից, որ կար, ինքը ավելի շատ էդ ռադիոլոկացիոն կայանների ինֆորմացիան իրար հետ փոխանակելու մասին էր խոսքը, համ էլ որոշ հայկական զենիթային սիստեմներ ինտեգրված էին այդ սիստեմի մեջ, բայց բայց Հայաստանն է ընտրում, թե որը, երբ, Հայաստանն իրավունք ունի իր բոլոր միջոցները հանի այդ սիստեմից երբ որ ուզենա», - ասաց Ներսիսյանը:

«Ազատության» հարցին՝ «նաև հարց կա Ֆրանսիայից ինչ-ր համակարգերս ստանալու համար, այս արդեն եղած իրավիճակի փաստաթղթավորումը, կարո՞ղ է ինչ-որ կերպ խանգարել այդ գործընթացին», փորձագետը պատասխանեց. - «Ինձ թվում է՝ չի կարող խանգարել, որովհետև Հայաստանը դե ֆակտո հիմա ոչ մի բան ՀԱՊԿ-ում չի անում, ինձ թվում է՝ բոլորը դա տեսնում են»:

Հայաստանի և Ռուսաստանի հակաօդային պաշտպանության միավորված համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը ստորագրվել է ապրիլյան քառօրյա պատերազմից երեք ամիս առաջ՝ 2015 թվականի դեկտեմբերի 23-ին:

Այդ օրերին սահմանին դարձյալ լարված էր, Ադրբեջանը կրակում էր թե՛ Ղարաբաղի հետ շփման գծում, թե՛ Տավուշում՝ գնդակոծում էր Ոսկեպարն ու Բաղանիսը, Պաշտպանության նախարարության խոսնակը հայտարարում էր, որ փաստացի այլևս հրադադար չկա: Նույն օրերին Ռուսաստանի պաշտպանության նախարար Շոյգուի և այդ ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից ստորագրվեց ՀՕՊ-ը միավորելու համաձայնագիրը:

Այն խորհրդարան բերվեց ապրիլյան քառօրյա պատերազմից հետո՝ հունիսի վերջին: Խորհրդարանի դիմաց՝ բողոքի ցույց էր՝ թե Հայաստանը փաստացի զիջում է իր ինքնիշխանությունը:

Պաշտպանության նախարարությունից 2016 թվականին վստահեցնում էին՝ ինքնիշխանությունը չեն զիջում: Պաշտպանության փոխնախարարը խորհրդարանում նշում էր, որ Հայաստանի և Ռուսաստանի միավորվող ՀՕՊ-ում հորիզոնական հարաբերություններ են լինելու, բայց թե ինչ էր դա ենթադրում, այդպես էլ պարզ չդարձավ:

Պաշտպանության նախարարությունը 2016 թվականին նաև ընդհանուր միասնական ՀՕՊ համակարգի վերաբերյալ մի խրթին պարզաբանում էր տվել, որը, սակայն, այդպես էլ չէր հստակեցնում՝ ով ում է ենթարկվելու: Սակայն մի պարբերություն, այնուամենայնիվ, հստակ էր՝ թե ինչ հնարավորություն կտա համաձայնագիրը Հայաստանին:

«Համաձայնագիրը հնարավորություն է տալիս օգտագործել Ռուսաստանի զինված ուժերի օդատիեզերական զորքերի հնարավորությունները` ընդհուպ մինչև միջուկային զենքի կիրառում: Ռուսաստանի զինված ուժերի օդատիեզերական ուժերն ունեն արբանյակային համակարգ, որը Հայաստանի տարածքում կարող է օգտագործվել ի շահ Հայաստանի ՀՕՊ զորքերի: Ռուսական կողմն ունի նաև հսկման համակարգեր, որոնք նույնպես կարող են կիրառվել ի շահ Հայաստանի», - նշվում էր ՊՆ պարզաբանման մեջ:

Եւ չնայած 2020 թվականի 44 -օրյա պատերազմի ու դրան հաջորդած 2021 և 2022 թվականներին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումների ժամանակ այս համաձայնագիրը վաղուց ուժի մեջ էր մտել, Հայաստանի սուվերեն տարածքներ օկուպացվեցին. արդյոք Ռուսաստանի զինված ուժերի օդատիեզերական զորքերի հնարավորություններից Հայաստանը կարողացավ օգտվել, թե՝ ոչ, հայտնի չէ:

Պաշտպանության նախարարություն հարցում ենք ուղարկել՝ հասկանալու հայ - ռուսական համաձայնագիրը երբևէ կիրառվել է թե ոչ, արդյոք Հայաստանը կարողացել է օգտվել, օրինակ, Ռուսաստանի արբանյակային համակարգերի տեղեկություններից: Պաշտպանության նախարարությունից հարցմանը պատասխանելու համար լրացուցիչ ժամանակ են խնդրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG