Մատչելիության հղումներ

«Ինչքանո՞վ է հնարավոր խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»․ Փաշինյանը պարզաբանում է


«Հայաստանը պատրաստ է գործուն քայլեր իրականացնել՝ կոմունիկացիների բացման ուղղությամբ»

Խաղաղությունը առաջին հերթին ժողովուրդների տնտեսական, մշակութային, քաղաքական կապերի հնարավորությունն ու առկայությունն է, Երևանում, «Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների» նախարարական հանդիպմանը, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ հույս հայտնելով, որ այս նախագիծը կընդլայնի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հնարավորությունները դեպի ծով ելքին։

Ավելի քան 30 տարի Հայաստանի սահմանները Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ են, ընդգծեց վարչապետը՝ արձանագրելով Հայաստանի պատրաստակամությունը շատ գործուն և կոնկրետ քայլեր իրականացնելու՝ տարածաշրջանում կոմունիկացիների բացման ուղղությամբ։

«ՀՀ-ն պատրաստակամություն է հայտնում ստեղծել, վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև, ընդ որում երկու նախկինում գոյություն ունեցած երկաթուղիների միջոցով։ Առաջինը՝ հյուսիսային ուղին է, որը կապում է ադրբեջանական Ղազախի շրջանը Հայաստանի Տավուշի մարզի հետ, և երկրորդը՝ հարավային ուղին, որը այլոց շարքում կապում է նաև Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ, ընդ որում, մենք կարծում ենք, որ Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի և ընդհանրապես արտաքին աշխարհի հետ կարող են կապվել նաև հյուսիսային ուղով և այս պատրաստակամությունը մենք արտահայտել ենք պաշտոնապես», - ասաց վարչապետը։

Խոսելով ավտոճանապահների բացումից՝ Փաշինյանն ասաց, որ այն կարող է ունենալ հյուսիսային ուղի, այսպես ասած, միջին ուղի և հարավային ուղի, որը նոր հնարավորություններ կբացի տարածաշրջանի համար։

«Հայաստանը «Խաղաղության խաչմերուկի» միջոցով կարող է կապվել և կապել այլ երկրները Հյուսիս-Հարավ առանցքով և Արևելք-Արևմուտք առանցքով», - ասաց գործադիրի ղեկավարը։

Հայաստան-Թուրքիա

Երևանը նաև պատրաստակամություն է ցուցաբերում Հայաստան-Թուրքիա երկաթուղին բացելու, Հայաստան-Թուրքիա երկու ավտոճանապարհները նախկինում գոյություն ունեցած, վերակառուցելու և վերաբացելու առումով, այսօր նաև ասաց Փաշինյանը՝ կարծիք հայտնելով, որ սա էական ազդեցություն կունենա ոչ միայն տարածաշրջանի, այլև ընդհանարապես միջազգային տնտեսական հարաբերությունների և մշակութային, քաղաքական, կապերի և գլոբալ անվտանգության հարցերի վրա։

Վարչապետը կրկին շեշտեց՝ «Խաղաղության խաչմերուկի» գործարկման հիմքում պետք է դրվեն միջազգայնորեն ընդունված սկզբունքները՝ բոլոր ենթակառուցվածները, ներառյալ ճանապարհները, երկաթուղիները, օդային ուղիները, խողովակաշարերը, մալուխները, էլեկտրագծերը պետք է գործեն այն երկրների իրավազորության և սուվերենության ներքո, որոնց տարածքով դրանք անցնում են, յուրաքանչյուր պետություն իր պետական ինստիտուտների միջոցով ապահովում է իր տարածքում՝ այդ կոմունիկացիաներում, սահմանային, մաքսային հսկողությունն ու անվտանգությունը բոլոր ենթակառուցվածների, այդ թվում՝ քաղաքացիների, բեռների, տրանսպորտային միջոցների անցումը, բոլոր ենթակառուցվածները կարող են օգտագործվել ինչպես ներքին, այնպես էլ միջազգային բեռնափոխադրումների և հաղորդակցության համար և երկրներն այդ ենթակառուցվածներն օգտագործում են հավասարության և փոխադարձության սկզբունքի հիման վրա։

«Ինչքանո՞վ է հնարավոր խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»

Վարչապետն այսօր կրկին վերահաստատեց՝ խաղաղության պայմանագիր կնքելու հիմնական սկզբունքները երեքն են՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, դելիմիտացիայի գործընթացի քաղաքական հենքը Ալմաթիի հռչակագիրն է, տարածաշրջանային կոմունիկացիաները բացվում են երկրների իրավազորության, սուվերենության հարգմամբ՝ փոխադարձության և հավասարության սկզբունքի հիման վրա։

Փաշինյանը հիշեցրեց՝ այս երեք սկզբունքները արձանագրվել են մայիսի 14-ին և հուլիսի 15-ին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահի և իր հանդիպման արդյունքներով, և եթե Ադրբեջանը չի հրաժարվում այս պայմանավորվածություններից և սկզբունքներից, ըստ Հայաստանի վարչապետի, մոտ ապագայում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը դառնում է շատ իրատեսական։

«ՀՀ-ն վերահաստատել և վերահաստատում է իր հավատարմությունը նշված պայմանավորվածություններին», - ասաց գործադիրի ղեկավարը։

«Կուզեի առնվազն երեկվա իրադարձությունը համարել զրոյական մի կետ»

Անդրադառնալով երեկ գերիների վերադարձին՝ Փաշինյանն այն շատ կարևոր իրադարձություն համարեց՝ նշելով, որ չի ցանկանում կենտրոնանալ հոռետեսություն ներշնչող փաստերի վրա։

«Կուզեի առնվազն երեկվա իրադարձությունը համարել զրոյական մի կետ, որից մենք կկարողանանք առնվազն փորձել և ջանքեր գործադրել, որպեսզի հետագա բոլոր լուրերը ավելի շատ վկայեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականության մեծացման և ոչ թե հակառակի մասին»,- ասաց վարչապետը։

Հայաստանի վարչապետի աշխատակազմն ու և Ադրբեջանի նախագահի վարչակազմը դեկտեմբերի 7-ին համատեղ հայտարարություն տարածեցին՝ նշելով, որ Հայաստանն ազատ է արձակում 2 ադրբեջանցի, Ադրբեջանը՝ 32 հայ զինծառայողների։

Երևանն ու Բաքուն միևնույն ժամանակ շեշտեցին՝ համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Երկու պետությունները վերահաստատեցին ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը:

Հայտարարությունից վեց օր անց 32 հայ գերիները երեկ վերադարձան Հայաստան։ Ադրբեջանական կողմը նրանց երեկ վերադարձրեց հայ-ադրբեջանական սահմանի Իջևանի հատվածում։ Հայկական կողմն էլ իր հերթին Ադրբեջանին հանձնեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակի սպանության համար ցմահ ազատազրկված Հուսեյն Ախունդովին ու սահմանն ապօրինի հատելու, հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու համար 11 տարով ազատազրկված Ագշին Բաբիրովին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG