ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնային ներկայացրել է տարածաշրջանի անվտանգային իրավիճակը, Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցների անհապաղ վերադարձի գործընթացը:
Ընդգծելով, որ Հայաստանն ընտրել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու օրակարգ՝ Ալեն Սիմոնյանը Էստոնիայի ԱԳ նախարարին մանրամասնել է խաղաղությանն ուղղված բանակցությունների էությունը:
Ազգային ժողովի նախագահը նշել է, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացում ակնկալում է Էստոնիայի աջակցությունը:
Մարգուս Ցահքնան նշել է, որ այսօր այցելելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ իր երկրում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթաց սկսելու որոշում է կայացրել:
Հայաստանում գտնվող Էստոնիայի արտգործնախարարն այսօր ավելի վաղ հանդիպում է ունեցել իր հայ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի հետ:
Ավելի ուշ նրան ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ կառավարության՝ հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: