Մատչելիության հղումներ

Բաքուն կրկին երկկողմ ձևաչափով աշխատելու կոչ է անում Երևանին


Բաքուն կրկին երկկողմ ձևաչափով աշխատելու կոչ է անում Երևանին։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն է այս մասին հայտարարել Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հանդիպմանը միևնույն ժամանակ շեշտելով, որ Բաքուն դեմ չէ «անաչառ և չեզոք երրորդ կողմի միջնորդությանը»։

Բայրամովի խոսքով՝ Բաքուն Հայաստանից «ակնկալում է փոխադարձ անկեղծ նվիրում»։

«Խաղաղության և բարիդրացիական հարաբերությունները չպետք է զոհաբերվեն ինչ-որ անհեռատես աշխարհաքաղաքական շահարկումներին: Կենտրոնանալով ընդհանուր շահերի, վճռականության, փոխադարձ հարգանքի և օգուտների վրա՝ մենք կկարողանանք կառուցել ավելի բարգավաճ, կայուն Արևելյան գործընկերության տարածաշրջան»,- ըստ APA-ի՝ ընդգծել է Բայրամովը։

Բաքվից պարբերաբար ուղիղ բանակցելու առաջարկ է հնչում։ Նոյեմբերի վերջին Իջևանի ու Ղազախի հատվածում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը՝ փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ:

Բաքուն հրաժարվում է բանակցությունների վաշինգտոնյան հարթակից՝ ընդգծելով, թե «Միացյալ Նահանգների միակողմանի մոտեցման հետևանքով այդ երկիրը կարող է կորցնել միջնորդի իր դերը», նաև փաստացի բոյկոտում է բանակցային բոլոր այն հանդիպումները, որոնց մասնակցելու է Ֆրանսիայի նախագահը՝ Փարիզին մեղադրելով «միակողմանի մոտեցման ու հայամետ դիրքորոշման համար»։ Բաքուն, միևնույն ժամանակ հայտարարում է, որ պատրաստ է շարունակել բանակցությունները բրյուսելյան ձևաչափով, սակայն երեկ Բրյուսելում Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի հետ հանդիպմանը դժգոհեց, թե «Եվրամիության որոշ պաշտոնյաների կողմնակալ հայտարարությունները խաթարում են այս գործընթացում Եվրամիության անաչառ միջնորդի դերը»։ Բաքուն սեպտեմբերյան վերջին իրադարձություններից հետո հայտարարել է, թե հենց Մոսկվան է լավագույն միջնորդը հայ -ադրբեջանական բանակցություններում։

Օրերս Հայաստանի վարչապետի աշխատակազմն ու Ադրբեջանի նախագահի վարչակազը համատեղ հայտարարությամբ տեղեկացրեցին, որ Հայաստանն ազատ է արձակում 2 ադրբեջանցի, Ադրբեջանը՝ 32 հայ զինծառայողների։ Ավելի ուշ հաղորդվեց, որ այս հայտարարությունն արդյունք է Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի միջև տեղի ունեցած երկկողմ բանակցությունների։

XS
SM
MD
LG