Մատչելիության հղումներ

Երևանի կենտրոնում երկու ռուսաստանցիների առերևույթ խուլիգանության փաստով գործ է հարուցվել, նրանք ձերբակալված են


Երևանի կենտրոնում երկու ՌԴ քաղաքացիների առերևույթ խուլիգանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, նրանք ձերբակալվել են, հաղորդում է Քննչական կոմիտեն:

Հաղորդագրության համաձայն՝ այսօր ժամը 00:23 քաղաքացու ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ ՌԴ քաղաքացներ Կ.Ա․-ն և Յ․Մ․-ն նախօրեին ժամը 22-ից մինչև 23:30-ը «համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, հասարակության նկատմամբ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք են ցուցաբերել»։ «Մասնավորապես, վնասել են Երևան քաղաքի Թումանյան 29-րդ հասցեում գտնվող արագ սննդի կետի գույքը, մրգերը նետել աշխատակցի վրա, Մաշտոց 24-րդ հասցեում գործող ծաղկի վաճառքի կետի ծաղիկները գետնին են նետել և տրորել՝ այդ գործողությունները զուգորդելով հայհոյախառն արտահայտություններով», - շարունակում է Քննչական կոմիտեն:

Շաբաթ օրը ՔԿ Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ «մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը», նախաձեռնվել է քրեական վարույթ։

Առավոտյան Ոստիկանության ծառայողների կողմից հիշյալ անձինք հայտնաբերվել են և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։ Որոշում է կայացվել նրանց ձերբակալելու մասին։

Նախաքննությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ կատարվածի հանգամանքները լիովին պարզելու նպատակով։

Միաժամանակ, ձերբակալված Յ․Մ․-ն հաղորդում է տվել, թե կեսգիշերի սահմաններում Երևանի՝ իր բնակության հասցե են այցելել դիմակավորված անձինք, «ովքեր տևական ժամանակ նվաստացրել են իր անձը, կտրել են մազերը և ներկ լցրել գլխին»:

Նշված հաղորդման առթիվ ՔԿ Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 1-ի մասի՝ «հոգեկան ներգործությունը», և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի՝ «մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը», հատկանիշներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG