Մատչելիության հղումներ

Բուդապեշտը չի մեղմում Ուկրաինայի հարցում դիրքորոշումը, իսկ Վաշինգտոնը և Լոնդոնը խոսում են Կիևին սատարելու մասին


Ուկրաինա - Ռմբահարված Նիկոպոլը, 8-ը դեկտեմբերի, 2023թ.
Ուկրաինա - Ռմբահարված Նիկոպոլը, 8-ը դեկտեմբերի, 2023թ.

«Ուկրաինայի գյուղատնտեսությունը վտանգ է ԵՄ-ի համար»

Երեկ Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ հանդիպումից հետո Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Le Point պարբերականին տված հարցազրույցում վերահաստատել է, որ դեմ է Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության բանակցությունների մեկնարկին, քանի որ Ուկրաինան պատրաստ չէ դառնալ կառույցի մաս: Այդ միտքը նա կրկնել է նաև France 24-ին տված հարցազրույցում:

Դեկտեմբերի 14-ին և 15-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովում Ուկրաինայի համար զգալի ֆինանսական օգնություն պետք է ընդունվի։ Հունգարիայի վարչապետը չի թաքցնում դեմ քվեարկելու ցանկությունը:

Էմանյուել Մակրոնն, ըստ ֆրանսիական լրատվամիջոցների, փորձում է կանխել ճգնաժամը, որը Եվրամիությունում կարող է առաջանալ Ուկրաինայի վերաբերյալ Բուդապեշտի կոշտ դիրքորոշման հետևանքով:

Ըստ Օրբանի` Ուկրաինան աշխարհի ամենակոռումպացված պետություններից մեկն է: «Մենք չենք կարող ընդունել անդամակցության բանակցային գործընթաց սկսելու որոշում», - պնդել է Օրբանը և ավելացրել. - «Ուկրաինան մեծ երկիր է՝ գյուղատնտեսության կարևոր հատվածով։ Եթե թույլ տաք, որ այդ գյուղատնտեսությունը մտնի եվրոպական համակարգ, հաջորդ օրն այն կկործանի»:

Սա Կիևին համար տհաճ լուրերից մեկն է միայն: Հարևան Հունգարիայի գործադիր իշխանության ղեկավարն ի սկզբանե լուրջ վեճեր ուներ Ուկրաինայի հետ, մինչդեռ, հեռավոր բարեկամ Միացյալ Նահանգներում էլ օրենսդիրների շրջանում կան մարդիկ, ովքեր չեն ցանկանում հաստատել Կիևին տրամադրվելիք օգնությունը:

«Մենք չենք կարող թույլ տալ Պուտինին հաղթել Ուկրաինայում»

Դեկտեմբերի 6-ին նախագահ Ջո Բայդենը կոչ է արել հանրապետականներին հաստատել փաթեթը, զգուշացնելով, որ Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի հաղթանակից հետո Վլադիմիր Պուտինը կսկսի սպառնալ Եվրոպայում ԱՄՆ-ի դաշնակիցներին:

«Եթե Պուտինը զավթի Ուկրաինան, նա կանգ չի առնի, նա կհարձակվի ՆԱՏՕ-ի դաշնակցի վրա, ապա ամերիկյան զորքը ստիպված կլինի կռվել ռուսական զորքի դեմ, ուստի մենք չենք կարող թույլ տալ Պուտինին հաղթել», - ասել է Բայդենը:

Նոյեմբերին Պենտագոնը հայտնել է, որ իր ստացած 62 միլիարդ 300 միլիոն դոլարի լրացուցիչ ֆինանսավորման 97 տոկոսը սպառվել է, Պետական դեպարտամենտն էլ հաղորդել է, որ ամբողջությամբ է օգտագործել է արտաքին ռազմական օգնության համար ունեցած 4 միլիարդ 700 միլիոնը:

Այսպիսով, մինչև տարեվերջ ԱՄՆ-ը կարող է այլևս չունենալ Կիևին աջակցելու ֆինանսական միջոցներ:

Բայդենն ընդհանուր հաշվով Կոնգրեսից մոտ 106 միլիարդ է խնդրում Ուկրաինային և Իսրայելին օգնելու և պաշտպանական այլ ծախսերը հոգալու համար:

Հորդորներին միանում է Լոնդոնը

Ուկրաինայի մասին է խոսել նաև Վաշինգտոն այցելած Մեծ Բրիտանիայի արտգործնախարար, նախկին վարչապետ Դեյվիդ Քեմերոնը:

«Պուտինի ներխուժումն Ուկրաինա ամենավատ օրինակն է, երբ մի պետություն զավթում է մյուսը և ցանկանում է տապալել դրա իշխանությունը, զրկել ինքնիշխանությունից: Ես կասկածի տակ չեմ դնում ուկրաինացի ժողովրդի խիզախությունը: Ես եղել եմ այնտեղ: Ես ինքս եմ դա տեսել: Ես անհանգստացած եմ, որ մենք չենք անելու այն, ինչ պետք է անենք, ամենակարևորն այն է, որ ռազմական աջակցությունը կարող է փոփոխություն բերել», - ասել է Քեմերոնը:

Օգտագործելով ԱՄՆ մայրաքաղաքում գտնվելու առիթը՝ Քեմերոնը Կոնգրեսին կոչ է արել հաստատել օգնությունն Ուկրաինային:

«Սա մարտահրավեր է մեր սերնդի համար, մենք պաշտպանելո՞ւ ենք այդ դեմոկրատիան, մենք ճանաչո՞ւմ ենք Եվրոպայի անվտանգությունը նաև որպես Ամերիկայի անվտանգություն, մենք պետք է միասնական լինենք և տրամադրենք այդ փողը Կիևին, քանի որ եթե դա չլինի, երկու անձ են ուրախությամբ ժպտալու՝ մեկը՝ Վլադիմիր Պուտինը, մյուսը՝ Սի Ծինպինը», - հայտարարել է Բրիտանիայի արտգործնախարարը:

Հունգարիան չի ընդունում Ուկրաինային ԵՄ-ում
please wait

No media source currently available

0:00 0:03:14 0:00

XS
SM
MD
LG