Թայվանն այսօր հայտարարել է, որ կեսօրի սահմաններում չինական օդապարիկ է հայտնաբերվել կղզուն հարող օդային տարածքում։
Ըստ Թայվանի պաշտպանության նախարարության՝ ավելի քան 3 կիլմետր 600 մետր բարձրության վրա գտնվող օդապարիկը հատել է Թայվանի նեղուցի միջին գիծը։ Մեկ ժամ անց օդապարիկը փոխել է ուղղությունը և անհետացել։
1949 թվականից Թայվանը անջատվել է կոմունիստական Չինաստանից։ Պեկինը, սակայն, կղզին համարում է իր անբաժանելի մասը և չի ճանաչում Թայվանի նեղուցի միջին գիծը։
Փետրվարի սկզբին ԱՄՆ-ն չինական օդապարիկ էր խոցել, որն, ըստ Վաշինգտոնի, լրտեսության նպատակով մտել էր ԱՄՆ-ի օդային տարածք։
Պեկինը պնդում էր, որ այն հիդրոմետ ծառայությունների օդապարիկ էր, որը շեղվել էր կուրսից։ Այդ միջադեպը սրել էր Վաշինգտոնի ու Պեկինի առանց այդ էլ լարված հարաբերությունները։