Մատչելիության հղումներ

«Ռուսները «Իսկանդեր»-ը կոդավորած էին տվել». ինչ է պարզել քննիչ հանձնաժողովը


44-օրյա պատերազմի ընթացքում հայկական կողմը «Իսկանդեր» հրթիռային համակարգը լիարժեք կիրառելու հնարավորություն չի ունեցել, ռուսական կողմն է որոշել, թե այն ինչ չափով օգտագործվի, ամփոփելով շուրջ մեկուկես տարի առաջ ձևավորված խորհրդարանական քննիչ հանձնաժողովի աշխատանքը՝ «Ազատությանը» հայտնեց հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանը:

«Իրենք տվել էին մեզ, և կոդավորված էր, որ սա պետք է մի տրաքոց հանի ու վերջ, ու էդ կոդի վրա էր դրած, ուրիշ ձև չէր կարող տրաքել», - ասաց իշխանական պատգամավորը։

Պատերազմում հայկական կողմի պարտությունից հետո ամենաշատը քննարկված հարցերից մեկն էլ այս հրթիռային համակարգի արդյունավետությանն էր առնչվում։ Պատերազմից երեք ամիս անց վարչապետ Փաշինյանն ասել էր, թե «Իսկանդերը» ողջ հզորությամբ չի պայթել։ Իսկ այս ամռանն արդեն քննիչ հանձնաժողովի նիստում առանց անուններ նշելու հայտարարել էր, թե պատերազմի օրերին եղել են զինատեսակներ, որոնց օգտագործման իրավունքը լիարժեք և ամբողջությամբ Հայաստանին չի պատկանել:


Այսօր արդեն նրա թիմակից Գագիկ Մելքոնյանն ասում է՝ խոսքը հենց ռուսական «Իսկանդեր M» հարձակողական նշանակության հրթիռային համալիրի մասին է:

Տիգրան Աբրահամյանը սա անհեթեթ ձևակերպում է որակում

Ընդդիմադիր պատգամավոր, հանրապետական Տիգրան Աբրահամյանը, որի քաղաքական թիմի օրոք է զենքը ձեռք բերվել, տարակուսած է այս հայտարարությունից:

«Ավելի անհեթեթ ձևակերպում՝ քողարկելու սեփական թուլությունն ու անգործությունը, պարզապես չի կարող այստեղ լինել։ Ես բացառում եմ իրավիճակ, որ Հանրապետական կուսակցության պատասխանատվության ժամանակահատվածում գնված լինի մի զինատեսակ, որի կիրառման թույլատվությունը չունենա այդ օրվա իշխանությունը կամ դրանից հետո եկած իշխանությունները», - նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը։


Իշխանական պատգամավորը հաստատեց՝ «Իսկանդերը» պատերազմի վերջին օրերին կիրառվել է Շուշիի ուղղությամբ, բայց ապարդյուն: Եվ սա, ըստ Մելքոնյանի, միակ զինատեսակը չէ, որ այդ օրերին խնդիրներ է առաջացրել: Ռուսական կողմի տրամադրած ԲՈՒԿ (ԶՀՀ) համակարգերի հիմնական մասը ևս, ըստ իշխանական պատգամավորի, անսարք է եղել:

«Պատերազմի ընթացքում ԲՈՒԿ համակարգերը բերվեցին, դրանք անսարք էին, այսինքն՝ ինձ հասած տվյալներով՝ դրանք չաշխատեցին, որովհետև մեր հատվածում, որտեղ մենք էինք կանգնած, մինչև վերջ օդը մնաց բաց», - նշեց Գագիկ Մելքոնյանը:

Այս հանձնաժողովի օբյեկտիվությունը ի սկզբանե կասկածի տակ դրած Տիգրան Աբրահամյանը վերահաստատում է ընդդիմության դիրքորոշումը՝ այն ստեղծվել է պատերազմի և դրա աղետալի հետևանքների մեղավորներ նշանակելու համար: Ուստի, հանձնաժողովի իշխանական անդամների հայտարարությունների հիմնական մասը, Աբրահամյանի համոզմամբ, այդ ենթատեքստն ունեն։

«Որքան էլ քննիչ հանձնաժողովի հայտնի դեմքերը դուրս գան, դեմքի լուրջ արտահայտությամբ փորձեն ցույց տալ, թե իրենք լուրջ աշխատանք են անում հանուն ժողովրդի, ակնհայտ է, որ նրանք ունեն մի խնդիր՝ կատարելու Նիկոլ Փաշինյանի այն հանձնարարությունները ու ցուցումները, որոնք տրվել են նաև հրապարակային խորհրդարանի ամբիոնից և ենթադրաբար տարբեր այլ փակ սենյակներում», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:


Գագիկ Մելքոնյանն այդպես էլ չհստակեցրեց՝ մեկուկես տարվա ընթացքում հանձնաժողովն ինչ է պարզել, որոնք են եղել օրինակ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացթողումներն ու սխալները պատերազմի ընթացքում: Փոխարենը պնդեց՝ հիմնական թերացողը զինվորականներն են եղել։ Իսկ ամենամեծ բացթողումն, ըստ Մելքոյանի, հետախուզությանն է. - «Ամիսների պատրաստություն է պետք, որպեսզի դու հարձակվես մի ուրիշ երկրի վրա, բայց մինչև ամսի 26-ը, 27-ին մենք պատերազմի մեջ էինք, 26-ին հլը մեր հետախուզությունը չի կարողանում հասկանալ, որ այսքան զորքեր են մոտեցել սահմանին»։

«Այս մարմինները, որոնք գտնվել են նույն այս իշխանության վերահսկողության ներքո, բնականաբար նաև դրա աշխատանքի և դրա արածի ու չարածի պատասխանատուն ևս քաղաքական իշխանությունն է», - ընդգծեց Տիգրան Աբրահամյանը։

Պատերազմի օրերին հետախուզության գլխավոր վարչության պետն էր Առաքել Մարտիկյանը, որին 2019 թվականին հենց Փաշինյանն էր նշանակել այդ պաշտոնին: Նրան, սակայն, հանձնաժողով չհրավիրեցին և հարցեր չուղղեցին: Կա՞ արդյոք նրան առնչվող քրեական վարույթ, թե ոչ, Գլխավոր դատախազությունից առաջարկեցին գրավոր հարցում ուղարկել: Չնայած հանձնաժողովի աշխատանքները ավարտված են, դեռ պարզ չէ, թե երբ խորհրդարանին կներկայացվի արդյունքների վերաբերյալ զեկույցը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG