Մատչելիության հղումներ

Վրաերթի ենթարկված կնոջ գործով դատական նիստը՝ ավարտական փուլում. ինչ են պնդում կողմերը


Սոնա Մնացականյանի մահվան գործով դատական նիստը մոտենում է ավարտական փուլին։ 29-ամյա հղի կինը մահացել էր վարչապետին ուղեկցող շարասյան առաջին մեքենայի հարվածից նախորդ տարի:

Տուժող կողմի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը շարունակում է պնդել՝ ոստիկանության մայորը գերազանցել է արագությունը, հակառակ դեպքում կկարողանար արգելակել: Դատական նիստից հետո ասաց՝ իրենց պնդումը նաև փորձագետն է հաստատել։

«Մեղավորության հարցի պատասխան է տալիս փորձագետը, այսինքն՝ կոնկրետ իրավիճակում վարորդն ունի՞ մեղավորություն, թե՞ չէ, և համապատասխան բնագավառի փորձագետն արձանագրել է, որ ճանապարհային ոստիկանության ավտոմեքենայի վարորդն ունի մեղավորություն, և մեղավորության պատճառներն արձանագրել է։ Վարորդը, երթևեկելով սահմանված արագությունը գերազանցող արագությամբ, ինքն իրեն զրկել է վրաերթը կանխելու տեխնիկական հնարավորությունից։ Եվ չկախնելու պատճառը, ըստ փորձագետների, առավելապես կապված է արագության գերազանցման հետ», - ասաց նա։

Դատարանն ավելի քան 2 տասնյակ մարդու է հարցաքննել, որ պարզի՝ մեղավո՞ր է արդյոք վարորդը՝ ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանը։ Նա չի ընդունում մեղադրանքը:

Դատական արդեն երկրորդ նիստն է դատավորն արգելում տեսանկարահանել՝ հիմք ընդունելով մեղադրյալի փաստաբանի պահանջը։ Ռուբեն Բալոյանը չի ցանկանում, որ «Ազատությունը» տեսանկարահանի նիստը, նա պնդում է, թե այս դեպքը միակողմանի է լուսաբանվում: Սակայն, չկա այս թեմայով որևէ ռեպորտաժ, որտեղ փաստաբան Բալոյանի դիրքորոշումը չլինի:

Դատական այսօրվա նիստից հետո նա կրկին հարցազրույց չտվեց, իսկ դատարանի դահլիճում դիմելով փորձագետին՝ հարցրեց՝ քննիչի ու դատախազի խոսքն է կարևոր նրա համար, թե՞ ճանապարհային երթևեկության կանոնները: Դատավորը հանեց այս հարցը։

29-ամյա հղի կնոջ հայրը արդեն 1 տարի շարունակ հարցնում է՝ ո՞ւմ բացթողումը կամ սխալն է եղել, որ վարչապետի շարասյան անցնելու պահին իր դուստրը հայտնվել է Լեո-Պարոնյան խաչմերուկի երթևեկելի վտանգավոր գոտում ու մեքենայի հարվածից մահացել: Ինքն իր վարկածն ունի. - «Մի տեսուչ է եղել, որը չի կարողացել ապահովել հետիոտների տեղաշարժը, Լեո փողոցից մեքենա է հատել, անցել Սոնայի առջևով, որ եթե այդ մեքենան չլիներ, Սոնան կհասցներ անցնել, ոնց որ անցել է Սոնայից կես մետր առաջ գտնվող կինը։

Չէ, իհարկե, այդ կինը ցուցմունք չի տվել, չի հայտնաբերվել և չի հրավիրվել»։

Մնացական Մնացականյանը նաև մտահգոված է՝ վարչապետին ուղեկցող մեքենաների ռադիոկապի ձայնագրություններն են գործից անհետացել։

Թե կոնկրետ երբ կավարտվի դատաքննությունը, դեռ պարզ չէ։ Ենթադրվում է, որ փորձագետը դատարանում վերջին ցուցմունք տվողն էր, ու չնայած տուժող կողմի պնդումներին՝ փաստաբան Բալոյանն ընդգծում է՝ իր պաշտպանյալ ոստիկանը դեպքի վայրից փախուստի չի դիմել, արագությունն էլ չի գերազանցել։ Փաստաբանը նաև պնդում էր, թե Սոնա Մնացականյանը չի ենթարկվել փողոցը չանցնելու տեսուչի հրահանգին ու հատել է այն։

Սոնա Մնացականյանի հարազատները հերքում են սա. - «Դուք պատկերացնո՞ւմ եք այդ արագությամբ մեքենան, որ տեսնեք, որ Ձեզ հարվածում է։ Մարդը, չես կարող ասել, ինչ քայլ կկատարի։ Մտածել է երևի՝ մեքենան իր առջևից պետք է անցներ, դրա համար հետքայլ է կատարել, կանգնել է, իր տեղը ցույց է տվել»։

Դատական հաջորդ նիստը փետրվարին է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG