Մատչելիության հղումներ

Հղի կնոջը վրաերթի ենթարկած ոստիկանության մայորը դեռևս չի հարցաքննվել. փաստաբան


Հղի կնոջը վրաերթի ենթարկած ոստիկանության մայորին դեռևս չեն հարցաքննել, ձերբակալությունից երկու օր անց նրան մեղադրանք էլ չի առաջադրվել՝ «Ազատությանը» փոխանցեց նրա փաստաբանը։

«Չեն էլ փորձել հարցաքննել, էս պահին մեղադրանք չկա, մտածում են՝ ոնց առաջադրեն», - ասաց պաշտպանը:

Ապրիլի 26 -ի երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան առաջին մեքենան Լեո - Պարոնյան խաչմերուկին վրաերթի է ենթարկել 28-ամյա հղի կնոջը։ Թե՛ ոստիկանական այդ մեքենան, թե՛ նրան հաջորդող վարչապետի ավտոշարասյունը դեպքից հետո շարունակել է ճանապարհը։ Վարչապետը մինչ այս պահը վթարին հրապարակավ չի անդրադարձել, այսօր նա կառավարության նիստին ևս այս մասին չխոսեց։

Դեպքից 24 ժամ անց՝ երեկ միայն կառավարության աշխատակիցը ֆեյսբուքյան գրառմամբ հաստատեց, որ վթարի ժամանակ վարչապետը եղել է շարասյան մեքենաներից մեկում։ Ասվեց նաև, որ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի հայրիկի հետ, ցավակցություն հայտնել։

Կարգավորող ոստիկանը հարցաքննվել է, ունի վկայի կարգավիճակ. ՔԿ

Համացանցում արդեն երկու տեսանյութ կա, որտեղ երևում է, որ 28-ամյա Սոնան հետիոտնային անցումի մոտ է, լուսացույցին կանաչ լույս է վառվում։ Վրաերթ կատարած մայորի փաստաբանը պնդում է՝ իր վստահորդը գործել է օրենքի շրջանակներում, մեղավորություն չի տեսնում նաև խաչմերուկի կենտրոնում կանգնած կարգավորողի գործողություններում։ Ասում է, եթե խաչմերուկին կանգնած է կարգավորող, հետիոտները պարտավոր են առաջնորդվել նրա ազդանշաններով։

«Գործել է ճանապարհային երթևելության կանոնների և օրենքի շրջանակներում, ես այդպես եմ գտնում, որովհետև գտնում եմ, որ ինքը թույլատրելի ազդանշանի տակ է մուտք գործել խաչմերուկ», - նշեց փաստաբանը:

Քննչական կոմիտեից փոխանցեցին՝ կարգավորող ոստիկանը հարցաքննվել է, ունի միայն վկայի կարգավիճակ։

Տարածված տեսանյութերը անձայն են, լսելի չեն ոչ շարասյանն ուղեկցող մեքենաների ազդանշանները և ոչ էլ խաչմերուկը կարգավորող ոստիկանի հրահանգները։ Հասկանալի չէ՝ 28-ամյա Սոնա Մնացականյանն այդ պահին լուսացույցին է հետևում, թե կարգադրիչի հրահանգներին։

Արագությունը, ագրեսիվ հրահանգները, այս ամենը նպաստում են վթարային իրավիճակների ստեղծմանը. ականատեսներ

Նման իրավիճակում հայտնված Գոռ Էլչյանը, սակայն, սեփական փորձով է պատկերացնում կնոջ շփոթված վիճակը։

«Առաջին թեքվելու հատվածի վրա, իմ վրա ոստիկանության ճանապարհային տեսչության մեքենան հանդիպակացով, մեծ արագությամբ սկսեց գալ, լրիվ հանկարծակի հենց շրջադարձից իմ վրա եկավ՝ գոռալով՝ կանգնի, էդ պահին ես հազիվ փախցրեցի մեքենան աջի վրա ու կայանեցի: Իրանից հետո եկավ երկրորդ մեքենան, որն այս մեկին հակառակ ասում էր, որ այստեղ կայանել չի կարելի ու ուզում էի շեշտել՝ երկու մեքենաներն էլ, ինչպես նաև իրանցից հետո եկող վարչապետի շարասյունը ոչ մի ձայնային ազդանշան չունեին, որպեսզի ես մոտավոր իմանայի՝ դիմացից ոստիկանության մեքենա է գալիս», - ներկայացրեց նա:

Էլչյանի պատմած դեպքը եզակիներից չէ։ 2021 թվականի հունիսին համացանցում ևս մեկ տեսանյութ էր հրապարակվել այն մասին, որ մեքենաների համար վթարային իրավիճակներ են ստեղծվում վարչապետի շարասյանը ճանապարհ տալու պատճառով։ 2021-ի մայիսի 10 -ին էր Վազգեն Սարգսյան փողոցում վարչապետին ուղեկցող մեքենան վթարի ենթարկվել։

Դեպքից որոշ ժամանակ առաջ Սամվել Մարտիրոսյանն էր ականատես եղել, ինչպես է շարասյունը դուրս գալիս կառավարական տնից։ Բարձր արագությունը, ագրեսիվ հրահանգները, այս ամենը նպաստում են վթարային իրավիճակների ստեղծմանը, նկատում են ականատեսները։

«Հիստերիկ գոռգոռոցներով, համարյա մեքենային բախվելով փորձում էին ստիպել, որպեսզի գնա, ինչ-որ մի տեղ կանգնի, ճանապարհը բացի, բայց այդ ամեն ինչը արվում էր ինչ-որ անմարդկային ձայներով», - պատմեց Մարտիրոսյանը:

Իսկ թե ինչո՞ւ վրաերթից հետո ոչ շարասյունը, ոչ էլ Փաշինյանը չեն կանգնել, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը հղում էր արել միջազգային պրակտիկային ու պնդել, թե «այդ դեպքում կանգ կառներ ամբողջ շարասյունը՝ փակելով փողոցի ամբողջ երթևեկությունը և լրացուցիչ խցանումներ առաջացնելով նաև հարակից փողոցներում, այսպիսով խոչընդոտելով Շտապօգնության մեքենայի մոտենալուն»:

XS
SM
MD
LG