Մատչելիության հղումներ

Վրաերթից մահացած հղի կնոջ գործով վկան, ըստ երկու կողմերի փաստաբանների, հակասական ցուցմունքներ տվեց


Վարչապետի շարասյան մեքենայի հարվածից մահացած հղի կնոջ գործով դատական նիստին վկաներից մեկը՝ պետական պահպանության աշխատակիցը, ըստ երկու կողմերի փաստաբանների, հակասական ցուցմունքներ տվեց։ Վկայի ցուցմունքը ոչ արժանահավատ դիտարկեց տուժող կողմի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։ Մեղադրյալ մայորի՝ Արամ Նավասարդյանի փաստաբան Ռուբեն Բալոյանն էլ ասաց՝ իր տպավորությամբ քննիչն ի սկզբանե իր վստահորդի դեմ ցուցմունք է վերցրել։

Վթարից մահացած Սոնա Մնացականյանի ընտանիքի փաստաբանն առաջարկեց վկայի նախնական գրավոր ցուցմունքը հրապարակել, երիտասարդ կնոջը վրաերթի ենթարկած ոստիկանության մայորի փաստաբանը դեմ էր:

Կողմերը դատարանում միմյանց մեղադրեցին վկային ուղղորդող հարցեր տալու մեջ։

Մեղադրյալի փաստաբան Ռուբեն Բալոյանը վկային հարցրեց՝ ձեզնից առաջ վկաների 70 տոկոսն ասել է, որ վարչապետի շարասյունն անցել է 60-80 կմ ժամ արագությամբ, դուք ի՞նչ կասեք։ Տուժողի փաստաբանը միջամտեց՝ վկան արագություն որոշող չէ, փորձագետների եզրակացություն կա, ըստ որի 108 կմ ժամ արագությամբ են մեքենաներն անցել։ Այստեղ վկան արձագանքեց՝ 108 կմ ժամ եթե լիներ, գիտե՞ք ինչ կլիներ, այս պատասխանը հունից հանեց մահացած կնոջ հորը, դատավորը նրան հեռացրեց դահլիճից։ Վարորդի փաստաբան Բալոյանը հորդորեց դատավորին թույլ չտալ Սոնա Մնացականյանի հորը նիստերին մասնակցել, ասաց՝ վիրավորում է վկային:

«Հեռացրեք դատական նիստերի դահլիճից և ընդհանրապես թույլ մի տվեք, որ գա մասնակցի, սա արդեն երկրորդ անգամ է վիրավորանք հասցնում վկաներին», - ասաց Բալոյանը:

Երբ դատարանը բավարարեց տուժող կողմի փաստաբանների միջնորդությունը՝ հրապարակել վկայի նախնական ցուցմունքը, մեղադրյալի փաստաբան Ռուբեն Բալոյանը դատարանից պահանջեց՝ արգելել տեսանկրահանումը՝ «Ազատությանը» մեղադրելով միակողմանի լուսաբանման մեջ։ Նույն փաստաբանը, մինչդեռ, սկզբում կողմ էր տեսանկրահանմանը, հետո հանկարծ կարծիքը փոխեց, դատավորն արգելեց շարունակել մեր նկարահանումը։ Այս թեմայով բոլոր ռեպորտաժներում, սակայն, մեղադրյալի փաստաբանը միշտ հայտնել է իր կարծիքը, նրան այդ հնարավորությունը միշտ ընձեռվել է:

Սոնա Մնացականյանի հայրն այսօր հրաժարվեց հարցազրույցից, նրան ուղեկցող եղբայրն ասաց՝ վատառողջ է, նոր է սրտի վիրահատություն տարել։ Վրաերթից մահացած 29-ամյա հղի կնոջ հարազատների փաստաբանը շարունակում է պնդել՝ գործի քննությունն ուղղորդված է, վարորդը ոչ միայն անազատության մեջ չէ, այլև շարունակում է զբաղեցնել իր պաշտոնը։

Ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանի փաստաբանն էլ հակադարձում է՝ Սոնա Մնացականյան է մեղավոր, նա անտեսել է ճանապարհը կարգավորող տեսուչի հրահանգն ու մտել վտանգավոր գոտի։ Նկատե՞լ էր Սոնա Մնացականյանը տեսուչի հրահանգը, թե՝ ոչ, հենց այս հարցին էր վկան հակասական պատասխաններ տալիս։ Տուժող կողմը պնդում է՝ չէր կարող նկատել, հո գիտակցված ինքնասպանության չի՞ գնացել հղի կինը:

XS
SM
MD
LG