ֆրանսիական Arquus ընկերության արտադրած Bastion տիպի 24 զրահամեքենա է առաքվում Հայաստան, ևս 26-ը հետո կառաքվի, ներկայումս դրանք արտադրման փուլում են, նշվում է Ֆրանսիայի Սենատի Բյուջեի պաշտպանության բաժնում։
Փաստաթղթում նաև ասվում է, որ Հայաստանը վերջերս GM 200 ռադիոտեղորոշիչ կայաններ ձեռք բերելու պատվեր է ստորագրել և բանակցություններ են ընթանում MISTRAL 3 հրթիռային համակարգերի մատակարարման շուրջ։
«Փարիզը նախաձեռնել է պաշտպանական զինատեսակներ մատակարարել Հայաստան։ Մենք պետք է արագ արձագանքենք Հայաստանի իշխանությունների բոլոր խնդրանքներին, մասնավորապես՝ հրետանու անհրաժեշտության վերաբերյալ», - նշել են զեկուցողները նաև խորհուրդ տալով «հնարավորինս շուտ ուսումնասիրել CAESAR հրետանային համակարգերի մատակարարումը՝ հաշվի առնելով դրանց արդյունավետությունը»։
Երևանն ու Փարիզը հոկտեմբերին ռազմական համագործակցության համաձայնագիր ստորագրեցին, ըստ որի՝ Ֆրանսիան Երևանին կմատակարարի GM 200 ռադիոտեղորոշիչ կայաններ, փոքր հեռահարության Mistral հրթիռներ, ինչպես նաև կօգնի ուսումնասիրել ու հասկանալ՝ որոնք են Հայաստանի հակաօդային պաշտպանության խոցելի կետերը։
Սենատի հանձնաժողովում կայացած 2024 թվականի բյուջեի քննարկման ժամանակ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըքորնյուն հայտարարեց, որ Ֆրանսիան Հայաստանին վաճառելու է խստիվ պաշտպանական զենքեր։
Մեկ ամիս անց ադրբեջանական լրատվամիջոցները գրեցին, թե Ֆրանսիան մեծ քանակությամբ «Բաստիոն» բազմաֆունկցիոնալ զրահամեքենաներ և դրանց համար նախատեսված սարքավորումներ է ուղարկել Հայաստան՝ Վրաստանով։
Ադրբեջանը «խստորեն դատապարտել էր» այդ առաքումները Հայաստան՝ շեշտելով՝ «նշված զինտեխնիկայի փոխանցումը նպաստում է տարածաշրջանում «Հայաստանի ռազմական ներուժի և ավերիչ գործողությունների ամրապնդմանը»։
Պաշտոնական Երևանը ֆրանսիական զրահամեքենաների առաքման մասին տեղեկությունները չի մեկնաբանել։