Մատչելիության հղումներ

Սամվել Շահրամանյանն Արցախ վերադարձի հարցով բանակցություններ է վարում Բաքվի հետ. Սամվել Բաբայան


Լեռնային Ղարաբաղի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանն այժմ Արցախ վերադարձի հարցով Բաքվի հետ բանակցություններ է վարում, այսօր նման աղմկահարույց պնդում արեց Արցախի պաշտպանության բանակի (ՊԲ) նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, որն Ազգային ժողովում մասնակցում էր պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին:

«Շահրամանյան Սամվելը, որին դուք շատ սիրում եք, ընդդիմադիր դաշտը, հիմա էդ մարդը բանակցում է, ամեն օր զանգում է Բաքու, խոսում, ի՞նչ է բանակցում», - հայտարարեց նա:

Առանց լրացուցիչ մանրամասների Բաբայանը միայն պնդեց, թե այդ մասին տեղեկացել է Արցախի օրենսդիրներից: Արցախի անկումից հետո տված միակ հարցազրույցում Շահրամանյանն ասել էր, թե արցախցիների վերադարձի և Արցախի կարգավիճակի հարցերն իրենց օրակարգում են՝ միևնույն ժամանակ շեշտելով՝ եթե նման գործընթաց սկսեն, ապա հանրությանը կտեղեկացնեն:

Սամվել Շահրամանյանը Սամվել Բաբայանի այսօրվա հայտարարությանը հրապարակավ դեռ չի արձագանքել։ «Ազատությանն» էլ ողջ օրվա ընթացքում պաշտոնյայից պատասխաններ ստանալ չհաջողվեց:

Արխացիների վերադարձի հարցը Շահրամանյանի հետ քննարկելու ցանկություն ունի նաև Սամվել Բաբայանը, ասաց՝ հանդիպման առաջարկ արել է, պատասխան դեռ չունի։


Իշխանությունները դեմ են, որ Արցախի պետական ինստիտուտները պահպանվեն, համաձա՞յն է այս դիրքորոշմանը, թե՞ դա ուղիղ սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը. Սամվել Բաբայանն այս հարցին այսօր այդպես էլ հստակ պատասխան չտվեց, փոխարենը հայտնեց, թե Արցախի հայաթափումից հետո գրավոր դիմել է վարչապետ Փաշինյանին՝ առաջարկելով ստեղծել հատուկ ծրագրերի վարչություն:

«Որը գործել ա 90-ականներին Մոսկովյան փողոցի, վրա այ էդ ծառայությունով Ղարաբաղի ժողովրդին տեր կանգնել, վերաբնակեցնելու, բոլոր հարցերը։ Նիկոլ Փաշինյանը մերժել է», - նշեց նա:

Սամվել Բաբայանը կարծում է, որ արցախցիների իրավունքների ու անվտանգության հարցը պետք է ներառվի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրում։ Մեծ սխալ կլինի, եթե Արցախին անդրադարձ չլինի, կարճ ասաց Բաբայանը. - «Նայած արցախցիները ինչ են ուզում, իշխանությունը արցախցիների ոնց է պատկերացնում, էսօրվա գործող իշխանությունն ասում է՝ պետք է վերադառնանք Արցախ։ Հիմա եթե վերադառանում են, ի՞նչ կարգավիճակով։ Այ այդ կարգավիճակով էլ էդ փաստաթղթի մեջ պետք է նշվի»:

Պաշտոնական Երևանը Արցախի անկումից առաջ ամիսներ շարունակ բանակցում էր, որ արցախցիների իրավունքների երաշխավորման միջազգային մեխանիզմ ստեղծվի, բայց Լեռնային Ղարաբաղի հայաթափումից հետո այդ մասին հրապարակավ չեն խոսում։ Վարչապետն օրերս միայն նշել էր, թե միջազգային հարթակներում բարձրացնում են արցախահայերի վերադարձի հարցը։

Նախկին բարձրաստիճան զինվորական Սամվել Բաբայանն այսօր նաև պատերազմի պատճառներին անդրադարձավ։ 20 թվականի նոյեմբերի 10-ին նա հրաժարվել էր Արցախի հերոսի կոչումից և Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից, պնդել, թե «նաև Հայաստանի իշխանության դավադիր ոորշմամբ է հանձնվել Արցախը»։ Այսօր արդեն պնդեց, թե Փաշինյանի մեղավորությունը եղել է կադրային սխալ քաղաքականությունը:


«Հայաստանի իշխանությունը չէր կարող ոչ մի բան անել, որովհետև չունի բանակ, պաշտպանությունը, և Ադրբեջանն էլ կոշտ հարցը դնում է, որ չես կարող դու իմ ներքին հարցերին խառնվել։ Պետք է, Հայաստանի իշխանությունը խնդրում էր Արցախի իշխանություններին, որ նստեն ուղիղ բանակցությունների, նրանք էլ դա բոյկոտում էին, որովհետև Մոսկվայից ստացել էին կարգադրություն, որ պիտի բոյկոտեն», - շեշտեց նախկին պաշտոնյան։

ԱԺ քննիչ հանձնաժողովն առաջիկայում կամփոփի աշխատանքը։ Նախորդ նիստին, ի դեպ, հրավիրված էր Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը, որը, սակայն, լրագրողների հետ չշփվեց։ Խորհրդարանական ընդդիմությունն այդպես էլ քննիչ հանձնաժողովի աշխատանքին չմասնակցեց՝ հայտարարելով, որ այն չի կարող պարզել պատերազմի իրական պատճառներն ու մեղավորներին:

XS
SM
MD
LG